ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարի մամա

«Բարի մամա» հասարակական կազմակերպության կողմից մշակված «Սանտայի տունը» ծրագիրը բարեգործական նախագիծ է, որի նպատակն է ստեղծել հեքիաթային մի վայր, ուր մանուկները կայցելեն Ամանորին՝ հանդիպելու Սանտային, մասնակցելու տարբեր յուրահատուկ, հետաքրքիր խաղերի և միջոցառումների, որոնք կստիպեն բոլոր բալիկներին և նույնիսկ ծնողներին հավատալ Սանտայի իրական լինելուն:

Այս կախարդական տունը բաց կլինի բոլոր ցանկացողների համար դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 31-ը: Ամեն օր կկազմակերպվեն տարբեր յուրօրինակ և իրենց ձևաչափով նոր միջոցառումներ, ինչպես նաև կտրամադրվեն բոլորի կողմից արդեն սիրված ծառայություններ (ավազով և ջրաներկով նկարչություն, կինետիկ ավազով խաղեր, կոնստրուկտոր և այլն): Կտրամադրվեն համեղ և օգտակար քաղցրավենիքներ և հյուրասիրություն:

Ծառայությունները կտրամադրվեն վճարովի, իսկ հասույթը կուղղվի «Բարի մամա» ֆոնդին՝ աջակցելու հաշմանդամության կամ առողջական խնդիրների պատճառով ծնողների կողմից լքված մանուկներին: Վերջիններս նաև անվճար կայցելեն Սանտայի տունը, որպեսզի իրենց արօրյան էլ լցվի դրական լիցքերով, մամայի ջերմությամբ և ուրախությամբ: Բոլոր աշխատողները կլինեն մանկատնից նոր դուրս եկած սաներ, քանի որ հենց իրենց է առաջին հերթին դժվար աշխատանք գտնել (հատկապես ձմռանը)։

«Սանտայի տունը» իրականություն դարձնելու համար մեզ անհրաժեշտ են .

  • Նոյեմբերի կեսից մինչև փետրվարի կեսը մեզ անհատույց կամ հնարավորինս զեղչված վարձավճարով մի գեղեցիկ սեփական տուն, որը կունենա մի քանի սենյակ։ Ցանկալի է, որ լինի կենտրոնին մոտ կամ Նորքում, քանի որ Երևանի մանկատները ևս գտնվում են այնտեղ,
  • Տարբեր տեսակի ամանորյա դեկորացիաներ, Սանտայի ու էլֆերի հագուստ և այլն։ Տոնական ինտերիերի պարագաները նաև կարող են ցուցադրվել «Սանտայի տանը»՝ վաճառքի նպատակով: Մենք նաև կողջունենք Ձեր տրամադրված ապրանքի վաճառքից գոյացած հասույթից ցանկացած նվիրատվություն։
  • Սանտայի տանը դուք կարող եք տրամադրել Ձեր ընկերության ծառայութունները, եթե դրանք ունեն մանկական ուղղվածություն՝ նկարչություն, ավազով նկարչություն, կոնստրուկտոր: Կրկին, մենք ուրախ կլինենք, եթե հասույթի մի մասը դուք նվիրաբերեք «Բարի Մամա» ֆոնդին:
  • Կամավորներ, որոնք կօգնեն այս նախագիծն իրականություն դարձնել։ Ձեր աշխատակիցները կարող են մեզ օգնել երեխաներին ուրախություն պարգևելու հարցում՝ կազմակերպելով տարբեր զվարճալի խաղեր, հեքիաթների ընթերցանություն և այլն:

Ֆինանսական միջոցներ (նախնական հաշվարկով մոտ 10,000 ԱՄՆ դոլար)

Որպես երախտապարտություն Ձեր տրամադրված աջակցության դիմաց «Բարի մամա»-ն կարող է՝

  • Գովազդային հնարավորություն տրամադրել իր ֆեյսբուքյան կայքում/էջում, որն այսօր ունի շուրջ 2000 ակտիվ անդամ մայրիկներ: Ամեն ուրբաթ մենք տեղադրում ենք մեր գործընկերների կողմից տրամադրվող տարբեր առաջարկների և ծառայությունների մասին տեղեկատվություն:
  • ԶԼՄ-ների կողմից լուսաբանում կիրականացվի տարբեր միջոցառումների, ինչպես նաև բացման արարողության ժամանակ, որտեղ կարող են ներկայացվել ձեր ընկերության գովազդային պաստառները:
  • Ներառել Ձեր ընկերության առևտրային նշանը ծրագրի ողջ գովազդային նյութերում ինչպես նաև Ֆեյսբուքով իրականցվող մրցույթներում, որտեղ նաև կարող են խաղարկվել ձեր ընկերությունների կողմից տրամադրվող նվերներ:
  • Շնորհել «Բարի գործընկեր» կոչումը և զետեղել ձեր/ընկերության մասին տեղեկատվությունը մեր կայքի համապատասխան էջում:

Համալրե՛ք մեր ընկերների և բարի գործընկերների շարքը և օգնե՛ք մեզ պարգևել ջերմություն դրա կարիքն անչափ ունեցող երեխաներին:

«Բարի մամա» ՀԿ հիմնադիր և նախագահ Մարինե Ադուլյան | marina@barimama.org,  (+374)55 25 79 00