accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Հայկ Սմբատյան

ԼՐԱԳՐՈՂ | ԲԼՈԳԵՐ | Սովորում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում։

Կենսաթոշակային հավելավճարների հետգանձում` օրենքն ընդունելուց 4 տարի անց

0

«Ունեմ 6 տարեկան երեխա ու չեմ էլ պատկերացնում` ո՞նց եմ պահելու…» – ասում է Վանաձորի բնակիչ Արեն Քոչարյանը, ով պատմում է, որ փետրվարի սկզբին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի տարածքային բաժնում իրենից պահանջել են վերադարձնել մինչ այդ ստացած` կերակրողին կորցնողի կենսաթոշակային հավելավճարները: Որպես պատճառ` սոցապ ծառայությունում նշել են, որ Արենը կենսաթոշակ ստանալուն զուգընթաց ունեցել է նաև աշխատանք:

Վանաձորի սոցիալական ապահովության ծառայության իրավաբան Արտյոմ Աբրահամյանը նշում է` «Ուսումնասիրություն են կատարել, բազաները համադրել են, համադրման արդյունքում հայտնաբերվել է, որ նման խախտում կա, մեզ էլ ցուցում է եկել` դատական կարգով բռնագանձել, կամ, եթե քաղաքացին համաձայնում է, ժամանակացույցով բերի, վճարի»:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է: Օրենքը դե յուրե ուժի մեջ է մտել 2011 թ. հունվարի 1-ից, այդուհանդերձ, փաստորեն, դրա համապատասխան հոդվածը սկսել է կիրառվել 2015-ի փետրվարից միայն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության մոնիթորինգի բաժնի մասնագետը նշեց, որ թոշակառուն «թաքցրել է իր աշխատելու հանգամանքը. նա պիտի բաժնին տեղյակ պահեր, որ անցել է աշխատանքի, որպեսզի իր հասանելիք մասը դադարեցվեր», իսկ Արենը նշում է, որ ինքը ոչ միայն չի թաքցրել, այլև 2009-2014 թվականներին գրանցված աշխատող է եղել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում, ինչը նշանակում է, որ իր տվյալները հասանելի են եղել պետական ռեգիստրում: Արենից, ով 3-րդ խմբի հաշմանդամ է և չի աշխատում, պահանջել են մոտ 280.000 դրամ գումար, իսկ այդ գումարի հաշվարկման մասին փաստաթուղթ հրաժարվել են տրամադրել:

Արենը մեկն է Վանաձորում և Գուգարքի տարածաշրջանում բնակվող հաշմանդամություն ունեցող այն ավելի քան 30 անձանցից (ամբողջ հանրապետության մասշտաբով` բազում քաղաքացիներից), որոնցից սոցիալական ապահովության ծառայությունը ծրագրել է հետ գանձել արդեն իսկ վճարված կենսաթոշակային հավելավճարները, որոնք տատանվում են 120.000-600.000 դրամի սահմաններում` նշում է «Լուսաստղ» ՀԿ նախագահ Անի Գաբրիելյանը, ում դիմել էին քաղաքացիները, և ավելացնում, որ այս պարագայում մարդու իրավունքների խախտում կա, և այդ իրավունքը վերականգնելու համար հավանաբար հարցը կհասնի դատական ատյան:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.