accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Ի՞նչ է աուտիզմը

0

Աուտիզմը ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է, որը կարող է շփման, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության և կրկնվող վարքագծի տարբեր աստիճանների դժվարությունների հանգեցնել: Այդ փոփոխություններից են հենց աուտիզմը, Ռետտի համախտանիշը, ընդհանուր զարգացման կանոնավոր վիճակի փոփոխությունը, Ասպերգերի համախտանիշը և այլն:

Աուտիզմ ունեցող յուրաքանչյուր անհատ ինքնատիպ է։ Բազմաթիվ մարդիկ բացառիկ տեսողական, երաժշտական կարողություններ ունեն, ինչպես նաև աչքի են ընկնում գիտության բնագավառում։ Մոտ 40%-ն ունի միջին և ավելի բարձր մտավոր ունակություններ։ Աուտիզմ ունեցող որոշ մարդկանց հաշմանդամությունը զգալի է, և նրանք ինքնուրույն չեն ապրում։ Աուտիզմ ունեցող անձանց 25%-ն էլ չունի խոսելու հմտություն, փոխարենը կարողանում է հաղորդակցվել այլ միջոցներ օգտագործելով։

Պատճառները

Ոչ հեռու անցյալում այս հարցի պատասխանը հայտնի չէր, սակայն ուսումնասիրությունններն արդեն պատասխաններ են տալիս: Առաջին և ամենակարևոր փաստն այն է, որ աուտիզմի առաջացումը մեկ պատճառ կամ մեկ տեսակ չունի:

Վերջին 5 տարիների ընթացքում գիտնականները հայտնաբերել են մի շարք հազվադեպ հանդիպող գենային փոփոխություններ, որոնք կապված են աուտիզմի հետ: Հետազոտությունը ցույց է տվել, որ կան ավելի քան 100 գեներ, որոնք ռիսկային են աուտիզմի առաջացման համար: Դեպքերի 15%-ում աուտիզմի առաջացման գենետիկական պատճառը կարող է հայտնաբերվել: Ինչևէ, հիմնականում ուղեղի զարգացման վրա ազդում է գենետիկական ռիսկի և միջավայրի գործոնների ամբողջությունը:

Այլ խոսքով` թեև գեներով պայմանավորված կարող է աուտիզմ առաջանալ, սակայն մի շարք ոչ գենետիկական կամ միջավայրային գործոններ կարող են մեծացնել աուտիզմի ռիսկը: Միջավայրային ռիսկերից են` երեխայի հոր և մոր մեծ տարիքը, հղիության ընթացքում մոր հիվանդությունները, չափազանց վաղ կամ շատ փոքր քաշով ծնվելը և հղիության ընթացքում որոշակի դժվարությունները, որոնք կարող են երեխայի ուղեղի թթվածնային քաղց առաջացնել: Այն մայրերը, ովքեր ապրում են թունաքիմիկատներ պարունակող կամ աղտոտված օդ ունեցող միջավայրում, նույնպես ռիսկի խմբում են: Պետք է հիշել, որ միայն այս գործոնները չեն կարող աուտիզմ առաջացնել. դրանք միայն հանդես են գալիս գենետիկական ռիսկի առկայության դեպքում և մեծացնում այն:

Աուտիզմի նախանշանները

Աուտիզմի նախանշանները բազմազան են և յուրաքանչյուրի մոտ կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Հիմնական և տարածված նախանշաններն են հաղորդակցության, սոցիալական շփման մեջ դժվարությունները, որոնք կրկնվում են վարքագծում։ Աուտիզմ ունեցող երկու երեխաներից մեկը կարող է չունենալ նույն նախանշանները և լինել լիովին տարբեր նույն ախտորոշումն ունեցող մյուս երեխայից։

Աուտիզմին բնորոշ հատկությունները ուղեկցում են մարդուն ամբողջ կյանքի ընթացքում, սակայն կարող են նաև փոփոխվել ժամանակի ընթացքում կամ որոշ միջամտությունների հետևանքով։ Աուտիզմի ավելի մեղմ տեսակն ունեցող անձը կարող է մի փոքր տարօրինակ թվալ և սովորական կյանք վարել, իսկ ավելի խոր աուտիզմ ունեցողը հնարավոր է` զրկված լինի խոսելու ունակությունից կամ չկարողանա հոգ տանել իր մասին։ Սակայն վաղ և ինտենսիվ միջամտությունը կարող է հսկայական փոփոխություններ մտցնել երեխայի զարգացման մեջ։

Սոցիալական նախանշանները

Վաղ տարիքից երեխաները սովորաբար ուշադիր զննում են մարդկանց, արձագանքում են ձայներին, փորձում բռնել դիմացինի ձեռքը, ժպտում են և այլն։ Ի տարբերություն մյուս երեխաների` աուտիզմ ունեցող երեխաների մեծ մասը բարդություններ է ունենում առօրյա մարդկային հաղորդակցության մեջ ներգրավվելու հարցում։ Իրենց կյանքի առաջին մի քանի ամիսների ընթացքում նրանցից շատերը չեն շփվում և նույնիսկ խուսափում են դիմացինի աչքերին նայելուց։ Թվում է, թե նրանք լիովին անտարբեր են այլ մարդկանց նկատմամբ, նույնիսկ կարող է տպավորություն ստեղծվել, թե գերադասում են միայնակ լինել։ Նրանք խուսափում են ուշադրությունից ու գրկախառնություններից։ Ավելի ուշ նրանք հազվադեպ են արձագանքում ծնողների բարկության կամ սիրո արտահայտություններին։

Աուտիզմ ունեցող երեխաները շատ դանդաղ են սովորում մեկնաբանել այլ մարդկանց մտքերը կամ զգացմունքները։ Սովորական սոցիալական նշանները, ինչպիսին են, օրինակ` ժպիտը, աչքով անելը կամ դեմքը խոժոռելը նրանց համար նշանակություն չունեն։ Այն երեխայի համար, ով չի հասկանում նման սոցիալական նշանները, «արի այստեղ» արտահայտությունը նշանակում է նույնը, անկախ նրանից` զրուցակիցը ժպտում է, թե խոժոռում դեմքը այդ ասելիս։ Աուտիզմ ունեցող երեխաները չեն կարողանում երևույթները տեսնել ուրիշի տեսանկյունից։ 5-ամյա երեխաների մեծ մասը հասկանում է, որ մյուսներն ունեն այլ զգացմունքներ, նպատակներ կամ ցանկություններ։ Աուտիզմով երեխայի համար դա դժվար է ընկալել, ինչը թույլ չի տալիս, որ նրանք կանխատեսեն կամ հասկանան մարդկանց վարքը։

Աուտիզմ ունեցող մարդիկ դժվարանում են կառավարել հույզերը, ինչը կարող է նրանց «ոչ հասուն» վարքագծի պատճառ լինել, ինչպես, օրինակ` դասարանում լացելը կամ անպարկեշտ բառեր ասելը հասարակական վայրում։ Աուտիզմով մարդիկ կարող են երբեմն ագրեսիվ լինել, ինչն ավելի է բարդացնում սոցիալական հարաբերությունները։ Նրանք հակված են վերահսկողությունը կորցնելու, մասնավորապես այն ժամանակ, երբ գտնվում են անծանոթ կամ մարդաշատ միջավայրում։

Հաղորդակցումը

3 տարեկան երեխան արդեն սկսում է լեզուն սովորելու իր առաջին փորձերը անել, այլ կերպ ասած` սկսվում է թոթովանքի փուլը։ Աուտիզմ ունեցող երեխաները սակայն լուռ են մնում իրենց կյանքի ընթացքում։ Երբեմն որոշ երեխաներ իրենց կյանքի առաջին մի քանի ամիսներին կարող են որոշ վանկեր արտասանել, սակայն դա շատ կարճ է տևում։ Մյուսների խոսքը զարգանում է 5-9 տարեկանում։

Այն մարդիկ, ովքեր խոսում են, լեզուն օգտագործում են շատ անսովոր կերպ։ Նրանք դժվարանում են բառերը միացնել իմաստ արտահայտող նախադասություններում։ Ոմանք միայն հատուկենտ բառեր են արտասանում, ոմանք նույն արտահայտությունը կրկնում են մի քանի անգամ, իսկ ոմանք էլ կրկնում են այն, ինչ լսում են։

Շատ հաճախ աուտիզմով երեխաների ժեստերն ու դիմախաղը շատ դժվար է հասկանալ, իսկ ձայնի տոնայնությունը հանկարծ կարող է իջնել՝ արտահայտելու զգացմունքները։

Աուտիզմ ունեցող մարդիկ դժվարանում են ասել, թե ինչ են ուզում, այդ իսկ պատճառով կարող են պարզապես ճչալ կամ վերցնել այն, ինչ ուզում են։ Ավելի հասուն դառնալու հետ մեկտեղ նրանք կարող են լիովին տեղյակ լինել ուրիշներին հասկանալու և հասկացված լինելու հետ կապված իրենց դժվարություններից, ինչի հետևանքով կարող են դառնալ անհանգիստ կամ ընկճված։

Կրթությունը

Աուտիզմ ունեցող երեխաները, ինչպես բոլոր երեխաները, իրավունք ունեն և կարող են սովորել հանրակրթական դպրոցում: Նրանց կրթության համար անհրաժեշտ է բազմամասնագիտական թիմի և ընտանիքի համագործակցությունը: Աուտիզմ ունեցող աշակերտները հանրակրթական դպրոցում կարող են հաջողության հասնել, եթե նրանց կրթությունը կազմակերպվի անհատական ուսուցման պլանի համաձայն, որը կազմվում է երեխայի կարիքների և հնարավորությունների հիման վրա: Կրթությանը պետք է աջակցեն նաև լրացուցիչ ծառայությունները, ինչպիսիք են` հատուկ մանկավարժի, հոգեբանի և այլ մասնագետների հետ աշխատանքը:

Կրկնվող վարքագիծը

Չնայած աուտիզմ ունեցող երեխաները սովորաբար մկանային և ֆիզիկական խնդիրներ, նրանց մոտ կարող են ի հայտ գալ տարօրինակ կրկնվող շարժումներ։ Այս վարքագիծը կարող է լինել խիստ արտահայտված կամ հակառակը։ Նրանց մի մասը կարող է անընդհատ թափահարել ձեռքերը կամ քայլել ոտքերի մատների ծայրերին։ Ոմանք կարող են հանկարծ նույն դիրքով քարանալ։

Փոքր տարիքում նրանք կարող են ժամերով մի գծի վրա շարել իրենց խաղալիքները՝ դրանցով խաղալու փոխարեն։ Եթե որևէ մեկը հանկարծ տեղաշարժի խաղալիքներից մեկը, երեխան աննկարագրելիորեն կտխրի։ Աուտիզմ ունեցող երեխաները կարիք ունեն և պահանջում են բացարձակ անփոփոխ միջավայր։ Աննշան փոփոխությունն անգամ, լինի դա իրենց սննդաբաժնում, հագուստի, լոգանքի կամ դպրոց գնալու հետ կապված, կարող է շատ խանգարել նրանց։

Կրկնվող վարքագիծը կարող է արտահայտվել նաև անընդհատ, երկար ժամանակ ինչ-որ զբաղմունքով կլանված լինելով։ Օրինակ` երեխան կարող է կլանված կարդալ և սովորել ամեն ինչ` կապված փոշեկուլների, գնացքի չվացուցակների կամ աշտարակների հետ։ Շատ հաճախ մեծ հետաքրքրություն է նկատվում թվերի, նշանների կամ գիտական թեմաների նկատմամբ։

Լիա Սայադյան, Ռուբինա Դավթյան

Աղբյուրը՝ autismspeaks.org

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.