accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Իմ կրթությունն առանցքային է

0

Disabilityinfo.am-ի զրուցակիցն է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի ուսանող, Արցախի Հանրապետության վարչապետի օգնական Արտակ Բեգլարյանը:

Արտակը ծնվել է Ստեփանակերտում: 6 տարեկանում` 1995 թ., իրենց բակում ականի պայթյունից ամբողջովին կորցրել է տեսողությունը: Ավարտել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի բակալավրիատը և կոնֆլիկտաբանության բաժնի մագիստրատուրան: Սովորել է Սալոնիկի (Հունաստան) Ալեքսանդրի անվան տեխնիկական կրթական ինստիտուտում, Լոնդոնի համալսարանական քոլեջի սլավոնական և արևելաեվրոպական ուսումնասիրությունների դպրոցում: Ուսմանը զուգահեռ աշխատել է նաև մի շարք թերթերում ու վերլուծական կենտրոններւմ, եղել է ՀՀ Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի անդամ, ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ: Մեզ հետ զրույցում պատմում է իր կրթական և մասնագիտական փորձի մասին:

- Արտա՛կ, հետաքրքիր է նախ մանրամասներ իմանալ Ձեր հայաստանյան կրթության մասին. ի՞նչ պայմաններ կային ԵՊՀ-ում սովորելու համար:

- ԵՊՀ-ում սովորել եմ այնպես, ինչպես բոլոր ուսանողները, այսինքն՝ հատուկ պայմաններ չեն ստեղծվել, որոնք կբխեին իմ հատուկ կարիքներից: Իսկ եղած խնդիրներն ինքնուրույն եմ լուծել՝ առանց համալսարանից որևէ լրացուցիչ օժանդակություն ակնկալելու: Սակայն մյուս կողմից՝ կարող եմ ասել, որ դասախոսական կազմը և համալսարանի ղեկավարությունը ըմբռնումով էր մոտենում իմ դժվարություններին: Օրինակ՝ թույլատրել էին,  որ գրավոր քննությունների փոխարեն բանավոր միջանկյալ քննությունները հանձնեմ և այլն: Իսկ իմ պահանջների բացակայությունն էլ պայմանավորված էր այն հանգամանքով, որ չէի ցանկանում, կոպիտ ասած՝ ծախսի տակ գցել համալսարանին՝ լրացուցիչ պայմաններ պահանջելով, քանի դեռ ինքնուրույն կարողանում էի հաղթահարել դժվարությունները:

- ՀՀ արտգործնախարարության դպրոցում սովորելու համար  մերժում եք ստացել, ինչո՞ւ դիմեցիք դատարան:

- Այո՛, 2011 թ. ընդունելության ժամանակ փորձեցի դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, սակայն դիմումս չընդունեցին՝ կուրությանս պատճառով: Համոզված, որ մի շարք օրենքներ և միջազգային պարտավորություններ են խախտվել այդ մերժմամբ, դիմել եմ դատարան, և  մինչ այսօր դեռ վերջնական լուծում չկա, քանի որ դատարանը սկզբում պնդեց, թե ԱԳՆ-ը չի կարող պատասխանող կողմ լինել, քանի որ գործողությունները կատարվել են «Դիվանագիտական դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից, իսկ այժմ պատրաստվում եմ դիմել դատարան նոր հայցով՝ այս անգամ հենց ՊՈԱԿ-ի դեմ:

- Իսկ ինչպե՞ս առաջացավ Բրիտանիայում և ԱՄՆ-ում սովորելու գաղափարը: Ի տարբերություն Հայաստանի, ինչպե՞ս են այնտեղ ապահովում համապատասխան պայմաններ:

- Նախքան ԱԳՆ դիվանագիտական դպրոց դիմելը և Բրիտանիայում սովորելը ուսանել եմ նաև Հունաստանում, քանի  որ դրսում կրթություն ստանալու ցանկություն վաղուց ունեի: Հետո դիմեցի և ընդունվեցի Լոնդոնի համալսարանական քոլեջ, որտեղ ուսանեցի 2011-2012 թթ.: Այժմ էլ ուսանում եմ ԱՄՆ-ում՝ Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: Բնականաբար, այստեղ հաշմանդամություն ունեցող ուսանողների համար շատ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծված հավասար պայմաններում կրթություն ստանալու համար, քան Հայաստանում: Սակայն համեմատության կարգով կասեի, որ Բրիտանիայում ավելի մեծ ուշադրություն են դարձնում հավասար պայմաններ տրամադրելուն, քան ԱՄՆ-ում: Երկու դեպքում էլ տեխնիկական բոլոր պայմաններն ապահովվել են, այդ թվում նաև՝ հատուկ ծրագրերով համակարգիչ:

Բոլոր համալսարաններն ունեն հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարմիններ: Ես միայն օգտվել եմ համալսարանական այդ ծառայություններից, որոնք ինձ լիուլի բավարար էին: Հիմնական ուղղությունները կհամարեի տեխնիկական ապահովվածությունը, տեղաշարժման խնդիրների լուծումը և կենցաղային ու կրթական ադապտացիայի հետ կապված այլ խնդիրներ: Կարևոր է նշել, որ նրանք աջակցում են ոչ միայն կրթությանն ուղղակիորեն, այլև անուղղակիորեն առնչվող հարցերում, ինչպիսիք, օրինակ՝ տեղանքում ինքնուրույն տեղաշարժվելու խնդիրը, որն ինձ պետք էր առանց որևէ օգնության դասի գնալ:

Ինչպե՞ս եք պատրաստվում Ձեր ստացած գիտելիքն ու փորձը հետագայում կիրառել:

Ձգտումներ ու նպատակներ ունեմ, որոնք հիմնականում կապված են Հայաստանի և հայ ժողովրդի հետ: Կցանկանայի իմ հասարակության ու ազգի համար հնարավորինս պիտանի մարդ դառնալ, և այդ ճանապարհին իմ կրթությունն առանցքային դեր կարող է խաղալ: Իմ գիտելիքների օգտագործումը հանուն Հայաստանի զարգացման կբաժանեի երկու մասի՝ մասնագիտական և քաղաքացիական նպատակներով կիրառում: Ձգտելու եմ երկու ուղղությամբ էլ օգտակար մարդ լինել: Որոշ ծրագրեր ունեմ առաջիկայի համար, բայց թույլ տվեք դեռ չմանրամասնել: Խոստանում եմ ուժերիս ներածին չափ աշխատել դրանք կյանքի կոչելու  ուղղությամբ, և այն ժամանակ դրանց կանդրադառնաք արդեն որպես իրականության, այլ ոչ թե ծրագրերի:

Անի Եղիազարյան

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply