accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարջան Չոբանյան

2015-ի երիտասարդական մայրաքաղաքում

0

«ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը, որն անցկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, մեկնարկել է 2013 թ.-ից: Այս տարի տիտղոսակիրը Ստեփանավանն է:

Սա նշանակում է, որ քաղաքում իրականացվելու են քաղաքային, մարզային ու հանրապետական մակարդակի ծրագրեր: Քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է «Ստեփանավանը ՀՀ 2015 թ. երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները համակարգող հանձնաժողով, որում ընդգրկված են քաղաքի կրթամշակութային և հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ (այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունից):

Թե ինչքանո´վ հաշմանդամություն ունեցող երիտասարդները մասնակից կլինեն այս ամենին, Ստեփանավանի քաղաքապետի խորհրդական Մելանյա Ղազարյանը պատասխանում է.

«Ըստ էության, տարին հագեցած կլինի: Անմասն չեն մնա նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդները: Թեև նախկինում մենք համագործակցել ենք երիտասարդական-հասարակական կազմակերպությունների հետ և իրականացրել տարբեր նախաձեռնություններ՝ սկսած հումանիտար օգնության բաշխումից, բայց սա նրանց համար կարևոր ձեռքբերում կլինի: Գուցե աշխատատեղեր չստեղծվեն, բայց հնարավորություն կտրվի քաղաքացիական ակտիվ կյանքով ապրելու, մասնակցելու մի շարք միջոցառումների, դասընթացների, մոնիթորինգների, որոնք նախատեսված են ամբողջ տարվա համար»:

Իսկ արդյոք ֆիզիկական միջավայրը հարմարեցվա՞ծ է այնպես, որ վերջիններս կարողանան անարգել օգտվել դրանցից, նկատում է.

«Օրինակ` եթե միջոցառումն անցկացվելու է քաղաքապետարանի դահլիճում, սայլակից օգտվող անձը չի կարող բարձրանալ, բայց մշակույթի պալատում հնարավոր է: Կախված է, թե որտեղ տեղի կունենան միջոցառումները»:

Նշենք, որ հատուկ այս կամ այն թիրախային խմբերին ուղղված գործողություններ դեռ կանխորոշված չեն:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, խոսելով ծրագրերի մասին, նշում է. «Ուշադրության կենտրոնում ենք պահում հաշմանդամություն ունեցող երիտասարդներին, բայց մենք չենք որոշում՝ ի´նչ ծրագրեր իրականացնել նրանց համար: Համագործակցում ենք տարբեր ՀԿ-ների հետ, և ծրագրերը նրանք պետք է ներկայացնեն: Համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո այն որակի, բովանդակության, նպատակահարմարության տեսանկյունից կքննարկվի անկախ փորձագետների կողմից և, հավանության արժանանալու դեպքում, կֆինանսավորվի: Ծրագրերը պետք է համահունչ լինեն կառավարության հայտարարած գերակա խնդիրներին, իսկ հաշմանդամություն ունեցող երիտասարդների հիմնախնդիրները շոշափող ծրագրերին ի սկզբանե նախապատվություն է տրվում»:

Իսկ արդյոք ֆիզիկական միջավայրը չի՞ խոչընդոտի վերջիններիս ներգրավվածությանը՝ ծրագրի ղեկավար, Ստեփանավանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և հասարակայնության հետ կապերի բաժնի առաջատար մասնագետ Նազելի Ավագյանը պատասխանում է. «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում չի նախատեսվում իրականացնել կապիտալ ծախսեր, որպեսզի քաղաքի կրթամշակութային կառույցները հարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձնանց, դառնան ավելի մատչելի, կառուցվեն թեքահարթակներ և այլն: Սակայն, ի ուրախություն ստեփանավանցիներիքաղաքը` համեմատած Հանրապետության այլ քաղաքների, հաշմանդամություն ունեցող անձանց համար բավական մատչելի էհանրային ծառայություն մատուցող ընկերությունների, հաստատությունների մեծ մասն ունեն թեքահարթակներ, համենայն դեպս, կառույցների առաջին հարկերը մատչելի են»:

Ծրագրի ղեկավարը նաև կարևորում է. «Անկախ նրանից, երիտասարդը ունի հաշմանդամություն, թե՝ ոչնպաստավոր պայմաններ են ստեղծվում ընկերական և գործնական նոր հարաբերություններ ձևավորելու և սեփական նախաձեռնություններով հանդես գալու համար: Իսկ թե նրանցից ով, ինչպես կօգտվի ընձեռված հնարավորություններից, կախված է տվյալ երիտասարդի ակտիվությունից և ցանկությունից»:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.