accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Ժոզե Մոուրինյո. «Ամեն ինչի կենտրոնում մարդկային հարաբերություններն են»

0

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր արդեն ֆուտբոլային աշխարհի հեղինակավոր դեմքերից մեկն է ու իսկական պրոֆեսիոնալ իր աշխատանքում: 52-ամյա պորտուգալացին մարզչական կարիերան միանգամից ակումբային գործունեությամբ չի սկսել: Լիսաբոնի տեխնիկական համալսարանն ավարտելուց, մարզական գիտություններ ուսումնասիրելուց հետո նա դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ: Իր առաջին աշխատավայրում նա ֆուտբոլ խաղալ է սովորեցրել Դաունի համախտանիշ և սովորելու դժվարություն ունեցող այլ երեխաների:

«Լուրջ փորձություն էր,- ասում է նա: – Ես տեխնիկապես պատրաստ չէի նման աշխատանքի ու հաջողության հասա միայն երեխաների հետ զգացմունքային կապ հաստատելու շնորհիվ: Հենց դրա շնորհիվ ես փոքրիկ հրաշքներ էի գործում»:

Այսօր արդեն բարձրակարգ մարզիկների հետ աշխատող մասնագետը կարևորում է ֆուտբոլիստների կամ, վերոնշյալ պարագայում` երեխաների հետ աշխատանքում առկա հոգեկան կապվածությունը, մոտեցման ձևը, ինչի շնորհիվ էլ կարողացել է հաջողությունների հասնել դպրոցում:

«Մի երեխա կար, ով ամբողջ կյանքում հրաժարվել էր աստիճան բարձրանալուց, մյուսը հասարակ շարժումները չէր կարողանում կոորդինացնել: Խնդիրները տարբեր էին, բայց մեծ մասի հետ մենք հաջողությունների հասանք: Ամեն ինչ ապրումակցելու և հոգեբանական աջակցության շնորհիվ»,- ավելացնում է Ժոզե Մոուրինյոն:

Մասնագետը վստահ է, որ ցանկացած աշխատանքում տեխնիկական մասից ավելի է կարևոր է հոգեբանականը. «Հիմա ես մարզում եմ աշխարհի լավագույն խաղացողներին, և ամենակարևորը ոչ թե այն է, թե դու որքանով ես տեխնիկապես պատրաստ, ամենակարևորը հարաբերություններն են, որոնք կառուցում ես անձի հետ: Իհարկե, գիտելիքի և վերլուծելու կարողության կարիք կա, բայց ամեն ինչի կենտրոնում հարաբերություններն են և ապրումակցումը, աջակցելու կարողությունը, ոչ միայն անհատական, այլ նաև թիմային: Եվ այդ աջակցությունը թիմում ունենալու համար մենք բոլորս պետք է կարողանանք ինչ-որ բան տալ»,- ասում է նա` հավելելով, որ դա չի նշանակում, թե այդպես հնարավոր է իդեալական հարաբերություններ ունենալ, սա պարզապես մեթոդ է, որ օգնում է առավելագույն արդյունքի հասնելու:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.