accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Երեխայի իրավունքներ և ֆունկցիաների միջազգային դասակարգում. Մերի Պողոսյան

0

Մերի Պողոսյան, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավար

- Ի՞նչ ասել է երեխայի իրավունք, և ի՞նչ է նշանակում երեխայի իրավունքի ոտնահարում:

- Երեխայի իրավունքների կոնվենցիայի վավերագրումից հետո, երբ երեխաները դարձան միջազգային իրավունքի սուբյեկտ, շատ կարևոր փոփոխություն տեղի ունեցավ: Եթե առաջ երեխայի նկատմամբ ցանկացած ծրագիր, աջակցություն ավելի շատ բարի կամքի դրսևորում էին կամ ներդրում երկրի ապագայի, տնտեսության մեջ, հիմա արդեն երեխայի իրավունքը չպաշտպանելը դարձավ պարտականության չկատարել:

Ընդհանրապես իրավունքն ինչո՞վ է տարբերվում մյուս հասկացություններից: Եթե ասում ենք` մարդը, երեխան կամ հաշմանդամություն ունեցող անձը ունի իրավունք, ենթադրում ենք, որ կա նաև ինչ-որ մեկը, ինչ-որ մարմին, որն ունի պարտականություններ, այսինքն` իրավունքը անպայման ենթադրում է պարտականություն: Սովորաբար պարտականության հիմնական կրողը պետությունն է, դրա համար հիմնականում բոլոր կոնվենցիաների տեքստերում կտեսնեք` մասնակից պետությունները ապահովում են, որ… Այսինքն` իրավունքի պաշտպանության գլխավոր դերը տրված է պետությանը: Իհարկե, շատ կարևոր դեր ունեն նաև այսպես կոչված ոչ առաջնային պարտականության կրողները, օրինակ` ծնողները, ուսուցիչները, բժշկական անձնակազմը, բայց եթե նույնիսկ նրանք թույլ են տալիս երեխայի իրավունքի խախտում, պետությունը պետք է միջամտի, որպեսզի այդ իրավունքը պաշտպանի: Այսինքն` վավերագրելով տարբեր կոնվենցիաներ` Երեխայի իրավունքների կոնվենցիան, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, պետությունը պարտավորվում է պաշտպանել այդ իրավունքները:

Ինչ վերաբերում է իրավունքների ոտնահարմանը, իրավունքները կարող են ոտնահարվել տարբեր ձևերով, քանի որ կան նաև տարբեր տեսակի իրավունքներ: Կան իրավունքներ, որոնք պետք է ընդամենը պաշտպանել, օրինակ` խոսքի ազատության իրավունքը, այսինքն` պետությունը ոչ մի բան ակտիվորեն չի անում, այլ պարզապես հետևում է, որ ոչ ոք չխախտի այդ իրավունքը: Մինչդեռ կան իրավունքներ, որոնք պետք է տրամադրել կամ ապահովել, օրինակ` կրթության իրավունքը: Պետությունը պետք է ապահովի դպրոցներով, համապատասխան անձնակազմով, և եթե այդ ամենը չի անում, իրավունքը ոտնահարվում է, այսինքն` կան որոշակի տարբերակումներ:

Հարցին, թե ո´ր իրավունքն է ավելի շատ ոտնահարվում, կամ ո´ր իրավունքներն են ավելի կարևոր, դժվար է միանշանակ պատասխանել, որովհետև իրավունքի մեջ շատ կարևոր կոնցեպտ կա, որը իրավունքների անքակտելիությունն է: Երբևէ որևէ իրավունք մյուսից ավելի կամ պակաս կարևոր չի դիտարկվում: Եթե, օրինակ` երեխայի առողջության իրավունքը չի պահպանվում, շատ դժվար է ապահովել նրա կրթության իրավունքը, միևնույն ժամանակ, եթե կրթության իրավունքը չի ապահովվում, անկիրթ կամ ոչ լավ կրթված հասարակություն ունենալով` հարցականի տակ ենք դնում նաև սերնդի առողջությունը: Այսինքն` դրանք մեկը մյուսի հետ սերտորեն շաղկապված են: Հաճախ, իհարկե, իրավունքները կարող են բախվել, օրինակ` պատերազմի ժամանակ պաշտպանության իրավունքը և կրթության իրավունքը, սակայն նույնիսկ այս դեպքերում պետությունը պետք է լուծում գտնի` երեխայի լավագույն շահից ելնելով: Միշտ հնարավոր է նույնիսկ պատերազմական պայմաններում գտնել տարբերակներ երեխայի կրթությունը շարունակելու, իհարկե, ո´չ ռմբակոծության տակ գտնվող դպրոցի շենքում շարունակել կրթություն, այլ գտնել այլընտրանք, որտեղ երեխաներն անվտանգ կշարունակեն իրացնել իրենց կրթության իրավունքը:

-Ո՞ր իրավունքն է առավել հաճախ ոտնահարվում կամ առավել պաշտպանված:

- Հնարավոր է ուղղակի տեսնել ինդիկատորների տեսքով` ո´ր իրավունքներն են ավելի լավ պաշտպանված, բայց սա կախված է խմբերից, օրինակ` ընդհանուր առմամբ ՀՀ-ում երեխաների կրթության իրավունքը գրեթե չի ոտնահարվում, որովհետև երեխաները հիմնականում դպրոցում են, սովորում են: Սակայն կան մի խումբ երեխաներ, ինչպես, օրինակ` հաշմանդամություն ունեցող երեխաները, որոնց պարագայում կարող ենք ասել, որ նրանց 18 տոկոսը չի հաճախում դպրոց, այդ խմբի 18 տոկոսի կրթության իրավունքը ոտնահարվում է: Նաև կան երեխաներ, որոնք չունեն հաշմանդամություն, բայց տարբեր պատճառներով` սոցիալական, երբեմն նաև, ցավոք, ընտանիքի անբարեխղճության կամ ծանր սոցիալական պայմանների պատճառով նորից չեն կարողանում հաճախել դպրոց, և այդկերպ նույնպես խախտվում է նրանց իրավունքը:

Պետությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի, որպեսզի այս` առավել խոցելի խմբի երեխաներին բերի դպրոց, և փորձը ցույց է տալիս, որ այդ վերջին 10 %-ին, 5 %-ին գտնելը միշտ ավելի դժվար է, միշտ ավելի ծախսատար է և միշտ ավելի նորարարական մոտեցումներ է պահանջում, սակայն այդ ներդրումները լիովին արդարացված են թե´ սոցիալական և թե´ տնտեսական տեսանկյունից, որովհետև կրթված երեխան պետության խաղաղության, տնտեսության համար ավելի բարձր արդյունավետություն կունենա:

- Ի՞նչ առանձնահատկություններ ունի հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունը:

- Իրականում առանձնահատկությունը հավանաբար այն է, որ առավել ևս ընդգծվում է տարբեր ծառայությունների համագործակցության կարևորությունը: Ծառայությունների շղթան այնպես պիտի կառուցվի, որ յուրաքանչյուր օղակ գործի, հակառակ դեպքում, օրինակ` վատ աշխատող առողջապահության համակարգի պատճառով կարող է խախտվել նրա կրթության իրավունքը, կամ սոցիալական պաշտպանության բացակայության հետևանքով երեխան կարող է չհայտնվել դպրոցում:

Եթե երեխան շատ ծանր պայմաններում է ապրում, և ընտանիքը չի կարողանում լրացուցիչ տրանսպորտ տաքսի հատկացնել հենաշարժական խնդիր ունեցող երեխային, նույնիսկ եթե դպրոցը այնտեղ է և պատրաստ է այդ երեխային ընդունելու, այդ երեխան չի կարողանում դպրոց հասնել: Նույնը` դպրոցից հետո, եթե ընտանիքում մինչև ժամը 18.00-ը ծնողներն աշխատում են, հարկավոր է խնամքի ծառայություն, որ կարողանան երեխային հետևել, դա չկա, ինչը հաճախ ընտանիքին դրդում է երեխային գիշերօթիկ դպրոց ուղարկել` խախտելով երեխայի` ընտանիքում բնակվելու իրավունքը: Այսինքն` առավելապես այս խմբի համար խիստ է արտահայտված ծառայությունների միջև համագործակցությունը և ծառայությունների ներդաշնակ աշխատանքը, երբ շղթայի նման մեկ թույլ օղակի պատճառով մնացած բոլորի աշխատանքը կարող է խաթարվել: Իհարկե, սա կարող է գործել նաև մյուս խմբի դեպքում, ուղղակի երբ ստեղծվեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, խնդիրն այն էր, որ ճիշտ է, նրանք ունեն հաշմանդամություն, բայց նրանց իրավունքները նշվում են նաև Երեխայի իրավունքների կոնվենցիայում, այսինքն` ինչ-որ չափով մարդիկ մտածում են` միգուցե սա կրկնություն է, բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման ձևով մենք ավելի շատ ենք ուշադրություն հրավիրում խնդրի վրա և փորձում ենք ավելի թիրախավորված օգնություն ցույց տալ այդ առավել խոցելի խմբին:

- Ո՞վ պետք է պաշտպանի երեխաների իրավունքները:

- Երեխայի իրավունքի պաշտպանության դեպքում հիմնական պատասխանատվություն կրողը պետությունն է: Սակայն երեխայի իրավունքը կարող է ոտնահարվել տարբեր օղակներում. եթե, օրինակ` պետությունն է ոտնահարում երեխայի իրավունքը, հիմնական պահանջատերը կամ պատասխանատուն դառնում է ծնողը, ով պետք է պահանջի իր երեխայի իրավունքները: Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ այն հասարակություններում, այն երկրներում, որտեղ նրանց իրավունքներն ավելի պաշտպանված են, դա գալիս է ծնողների պահանջատիրությունից: Ծնողները հասկանում են, որ իրենց երեխայի համար նախատեսված ծառայությունները բարի կամքի դրսևորում չեն, այլ իրենց երեխաների իրավունքներն են, և նրանք` որպես ընտրող, որպես քաղաքացի, դառնում են ավելի պահանջատեր և պահանջում են հենց նախարարներից, պաշտոնյաներից, կառավարությունից` պաշտպանել և ապահովել իրենց երեխաներին հասանելիք ծառայությունները: Այստեղ ես հատկապես ուզում եմ կոչ անել մեր ծնողներին` եղեք ավելի´ պահանջատեր, պաշտպանե´ք ձեր երեխաների իրավունքները, երբեք մի´ դիտարկեք, որ դպրոցը, բժիշկը ձեզ լավություն են անում, նա պաշտպանում է ձեր երեխաների իրավունքները: Այսինքն` դուք շատ կարևոր դեր ունեք ձեր սեփական երեխայի իրավունքի պաշտպանության հարցում: Կան դեպքեր, սակայն, երբ երեխայի իրավունքը ոտնահարում է հենց ծնողը, ընտանիքը կամ դպրոցը, այս դեպքում պետությունն իր համապատասխան մարմինների միջոցով` կարող է լինել համայնքը, կարող է լինել ընտանիքի, կանանց, երեխաների պաշտպանության բաժինը, կարող է օգտագործել տարբեր միջոցներ` սկսած սոցիալական աշխատող ուղարկելուց մինչև երեխայի իրավունքի պաշտպանության հարցը դատական ատյաններ հասցնելը:

Այսինքն` եթե, օրինակ, ծնողը հրաժարվում է երեխային դպրոց տանել, տարբեր պատճառներով մերժում է, ապա պետությունն իրավասու է այդ ծնողին դատարանի առաջ կանգնեցնել և պահանջել վերականգնել երեխայի իրավունքները:

- Որո՞նք են ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) սկզբունքները:

- Ընդհանրապես հաշմանդամություն ունեցող երեխաների, մարդկանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխության տեսանկյունից շատ կարևոր է դադարեցնել հաշմանդամությունը դիտարկել որպես հիվանդություն, իսկ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային` որպես հիվանդի:

Թե´ կոնվենցիան, թե´ ֆունկցիաների միջազգային դասակարգումը ուղղորդում են մեզ, թե ինչպես դիտարկել հաշմանդամությունը որպես օրգանիզմի ֆունկցիաների խանգարման և միջավայրի փոխազդեցության արդյունքում գործունեության սահմանափակում: Այսինքն` խնդիրը ոչ թե այն է, որ մարդն ունի այս կամ այն հիվանդությունը կամ այս կամ այն օրգանիզմի ֆունկցիայի խանգարումը, այլ թե դրա հետևանքով ինչ չի կարողանում անել մարդը, որ մյուսները կարողանում են անել: Օրինակ` ինչպես է դա ազդում նրա մասնակցության վրա, կարողանո՞ւմ է արդյոք երեխան դպրոց գնալ, խաղալ, իր հասակակիցների հետ շփվել, կարողանո՞ւմ է արդյոք մարզական պարապմունքների հաճախել, թե՞ հաշմանդամությունը նրան խանգարում է: Եթե, օրինակ` հենաշարժական խանգարում ունեցող երեխան սայլակ է օգտագործում, և միջավայրն ամբողջովին հարմարեցված է, նրա շարժունակությունը որպես մասնակցություն կամ որպես գործունեություն գրեթե չի խանգարվում: Մինչդեռ կարող է ունենանք երեխա, որը հենաշարժական համակարգի որևէ խանգարում չունի, օրինակ` ունի Դաունի համախտանիշ, սակայն ընտանիքի անդամները նրան տանը փակ են պահում, և այդ երեխայի շարժունակությունը` որպես գործունեություն և որպես մասնակցություն, լիովին խանգարվում է: Այսպիսով, մենք առաջարկում ենք դիտարկել` ոչ թե նա հենաշարժական համակարգի ի´նչ խնդիր ունի հաշմանդամությունը սահմանելիս, այլ իրականում այդ մարդը կարողանո՞ւմ է տեղաշարժվել, ուր ուզում է գնալ, թե՞ ոչ: Հիմնականում դրա համար հարկավոր է անցում կատարել ախտորոշումից, ախտորոշումն ունենալ միայն որպես աջակցող փաստաթուղթ և օգտագործել բուժման նպատակներով, սակայն մնացած ոլորտներում օգտագործել երեխայի ֆունկցիոնալ պրոֆիլը: Նույն ուսուցչի համար շատ ավելի կարևոր է իմանալ, օրինակ` երեխան կարողանո՞ւմ է արդյոք կենտրոնացնել ուշադրությունը, ինչպիսի՞ն է նրա հիշողության ֆունկցիան, արդյոք կարողանո՞ւմ է շփվել հասակակիցների հետ կամ հասկանալ վերացական հասկացություններ, քան թե իմանալ, որ նրա ախտորոշումը օլիգոֆրենիա է:

Երբ երեխայի կարիքների գնահատումը անում ենք ֆունկցիոնալության տեսանկյունից, ուսուցիչը տեսնում է, որ ահա այս երեխան փաստորեն ամաչկոտ է, չի շփվում հասակակիցների հետ, սակայն ունի այլ հմտություններ, օրինակ` ուշադրությունը բավականին լավ է, հիշողությունը` միջին աստիճանի: Այսպիսով` փորձենք աշխատել այդ ուժեղ կողմերի վրա, միևնույն ժամանակ աշխատենք երեխաների հետ, որպեսզի նրանք հնարավորինս ջերմ միջավայր ստեղծեն, որ այդ երեխան ներգրավվի: Սա ուսուցչի համար շատ ավելի օգտակար տեղեկություն է, որը նա կարող է օգտագործել երեխայի անհատական ուսուցման պլանը կազմելիս` հասկանալով` ինչպե´ս ուժեղացնել թույլ կողմերը և ինչպե´ս հենվել ուժեղ կողմերի վրա:

- Ինչպե՞ս է ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) սկզբունքներով գնահատվում երեխայի կրթական կարիքը:

- Ինչ վերաբերում է կրթական կարիքների գնահատմանը, այսօր կա բժշկական չափորոշիչ, որն ասում է` ըստ էության, եթե երեխան ունի այս, այս, այս ախտանշանները, ապա նա ունի հատուկ կրթական կարիքներ, իսկ եթե չունի այդ ախտանշանները, ախտորոշումը, նա չունի հատուկ կրթական կարիքներ: Հիմա մենք Երևանի բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի և Պորտուգալիայի Պորտո-պոլիտեխնիկ համալսարանի հետ միասին ամբողջովին վերանայել ենք երեխայի կրթական կարիքների գնահատման գործընթացները և վերածել ենք այն ֆունկցիոնալ գնահատման: Այնպես որ, երբ նախարարությունը փորձարկումից հետո վերջնականապես այն ընդունի, երեխայի կարիքը կգնահատվի արդեն ըստ նրա ֆունկցիոնալության սահմանափակման, այլ ոչ թե ըստ նրա բժշկական ախտորոշման, ինչը հնարավորություն կտա թե´ ավելի ճիշտ ծախսել պետության միջոցները և թե´ ավելի արդյունավետ կազմակերպել երեխայի կրթության գործընթացը:

Նոր մոդելով կրթության առանձնահատուկ պայմանների գնահատումը իրականացվում է ուսուցչի անմիջական մասնակցությամբ: Ընդհանրապես առաջին մակարդակի գնահատումն իրականացնում է ուսուցիչը, դպրոցը, քանի որ երեխան ավելի շատ ժամանակ անցկացնում է դպրոցում, և ուսուցիչը ծնողի հետ միասին ավելի լավ գիտեն երեխային: Առաջնային գնահատումը իրականացնում է ծնողը, այլ ոչ թե նրան բոլորովին չճանաչող բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի մասնագետը: Սա շատ կարևոր է, որովհետև երեխային պետք է գնահատել իր սեփական միջավայրում և համատեքստում, այլ ոչ թե կարճ զրույցի արդյունքում:

Սույն տեսանյութը ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։ Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակների և պարտադիր չէ, որ արտահայտեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեսակետները և քաղաքականությունը։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.