accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աղավնի Սուքիասյան

Լրագրող | Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

Զբաղվածությանն ուղղված ծրագրերը Չարենցավանում արդյունավետ չեն

0

Չարենցավանի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կենտրոնում 2014 թվականի ընթացքում գրանցվել են 51 հաշմանդամություն ունեցող անձինք, որից 27-ը` կին: «Զբաղվածության պետական ծառայության» կենտրոնի տնօրենի տեղակալ Էմմա Նազարյանի խոսքով` հաշմանդամություն ունեցող անձանց համար գործակալությունը կազմակերպում է մասնագիտական վերապատրաստման կամ ուսուցման ծրագրեր:

«2014 թվականի ընթացքում 5 հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ ընդգրկվել են մասնագիտական ուսուցման դասընթացներում` կահույքագործի, փականագործի, վարսահարդարի մասնագիտություններով: Նրանցից միայն մեկը աշխատատեղի հարմարեցման ծրագրով որպես վարսահարդար կաշխատի Չարենցավանի վարսավիրանոցներից մեկում»: Թե ինչո՛ւ են մասնագիտական ուսուցման դասընթացներում 51 հաշմանդամություն ունեցող անձանցից ընդգրկվել միայն 5-ը, Էմմա Նազարյանը պատասխանեց. «Մասնագիտական ուսուցմանը մասնակցելու մեր առաջարկները նրանք մերժում են: Շատերը չեն ցանկանում, չեն ուզում սովորել: Օրինակ` փականագործի վերապատրաստման դասընթացներ կազմակերպվեցին, որին հրաժարվեցին մասնակցելուց»:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի հարմարեցման ծրագրով 2014 թվականի ընթացքում հարմարեցվել է 1 աշխատատեղ: Քաղաքացին «Աշխեն Անտոնյան» Ա/Ձ-ում ընդունվել է որպես հսկիչ-վաճառող` հարմարեցվել է աշխատավայրը. «Վերջինս ուներ սիրտ-անոթային համակարգի խնդիրներ, մենք ձեռք ենք բերել օդորակիչ` հարմարեցնելով նրա աշխատանքային միջավայրը: Աշխատանքի է ընդունվել մեկ տարի ժամկետով»,- նշեց Էմմա Նազարյանը:

Ինչ վերաբերում է 2015 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին, որոնց համաձայն հարյուրից ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունները պարտավոր են մեկ տարում իրենց աշխատողների երեք տոկոսի չափով հաշմանդամություն ունեցող անձանց համար պարտադիր աշխատատեղեր ապահովել, Էմմա Նազարյանը պատասխանեց. «Այս ծրագրի շրջանակներում մենք որևէ հաշմանդամություն ունեցող քաղաքացու աշխատանքի չենք տեղավորել: Պետական հիմնարկներում աշխատող հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ չկան: Եվ սա գալիս է գործատուների վերաբերմունքից, որոնք չեն ցանկանում հաշմանդամություն ունեցող աշխատակից ունենալ: Այստեղ մեծ է կարծրատիպերի դերը: Թեև մենք գործատուների հետ հանդիպումներին խրախուսում ենք, որ նրանք աշխատանքի ընդունեն հաշմանդամություն ունեցող անձանց, բացի այդ, նաև պետությունն է խրախուսում, բայց Չարենցավանի պետական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող աշխատող չունենք»:

Մեր այն հարցին, թե գործակալության տարածքային կենտրոնում գրանցվածները ինչ խնդիրներ կամ դժվարություններ ունեն, օրինակ` տեղաշարժվելու, լսողության և այլն, Էմմա Նազարյանը դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող հստակ ասել, չգիտեմ: Պետք է բոլորի անձնական գործերը հատ-հատ նայեմ: Բացի այդ, ես բժշկական կրթություն չունեմ, եթե նույնիսկ նրանց ախտորոշումները կարդամ, միևնույն է` տերմինները չեմ հասկանա»:

Իրոք դժվար է պատկերացնել, թե առանց անձի կարիքը կամ դժվարությունները հասկանալու ինչպե՞ս կարող է զբաղվածության գործակալությունն աջակցել նրանց աշխատանքի տեղավորման հարցում, երբ բժշկական փաստաթղթերը ոչ միայն անհասկանալի են, այլև այս պարագայում` նաև անպիտան:

Այսուհանդերձ, Չարենցավանում ձեռքբերումներ ևս ունեն. ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար հաշմանդամություն ունեցող անձանց և գործազուրկներին ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում մեկ անձ գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր:

Արթուր Գալստյանը, ով ծրագրի հաղթող էր ճանաչվել և տեղաշարժվում է սայլակի օգնությամբ, զբաղվում է ձեռնոցների արտադրությամբ: «Ինձ տրամադրված գումարով ձեռք եմ բերել կարի մեքենաներ: Հիմա բանվորական ձեռնոց եմ կարում, սակայն ինձ համար նոր խնդիրներ են առաջ եկել: Ես չեմ կարողանում տնից դուրս գալ և զբաղվել իմ արտադրանքի իրացմամբ, ինձ համար Չարենցավանում տեղաշարժելու պայմաններ չկան, չեմ կարողանում պատվիրատու գտնել: Չարենցավանը մատչելիության առումով շատ անբարենպաստ է: Չեմ կարողանում տեղաշարժվել իմ քաղաքում»:

Արթուրն ապրում է շենքի առաջին հարկում: Շենքի մուտքի մոտ կան երկու բարձր աստիճաններ, որի մոտ Արթուրը սեփական միջոցներով փոքրիկ բետոնե թեքահարթակ է կառուցել, բայց մուտքի ներսում առաջին հարկ հասնելու համար պետք է հաղթահարել ևս վեց աստիճան: Սա արդեն լուրջ խոչընդոտ է Արթուրի համար: Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ մուտքի ներսում թեքահարթակ կառուցելու համար չունի միջոցներ:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.