accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Չկա աշակերտ, չկան հարմարեցումներ

0

Արմավիրի մարզի Մովսես Սիլիկյանի անվան 6-րդ և Անդրանիկ Օզանյանի անվան 5-րդ հիմնական դպրոցները ներառական կրթություն են իրականացնում: Դպրոցներում, սակայն, բացակայում են անարգել ու հարմար ֆիզիկական պայմանները:

6-րդ դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 19 աշակերտ կա: Նրանից ոչ ոք հենաշարժական խնդիր չունի. սա տնօրինության արդարացման համար հիմք է դարձել, որովհետև այդ երկու տարիների ընթացքում դպրոցը ֆիզիկական մատչելիության հարցն այդպես էլ չի լուծել: Շենքի մուտքի մոտ թեքահարթակ կա, որը նույն մարզում գործող «Արևի շող» հասարակական կազմակերպության նախագահ Գարիկ Մագթաղյանի հավաստմամբ` չի համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին: «Արևի շողը» դպրոցներում սեմինարներ է կազմակերպել` նվիրված հաշմանդամության խնդրին, հենց այդ ժամանակ էլ բարձրաձայնել է առկա խնդրի մասին:

«Դպրոցներ կատարած մեր այցերի ընթացքում բազմիցս բարձրացրել ենք ֆիզիկական մատչելիության հարցը: Տնօրինությունը պատասխանել է, որ հենաշարժական խնդիր ունեցող աշակերտներ չունեն, իսկ երբ նրանք լինեն, անհրաժեշտ միջոցներ ձեռք կառնեն: Ինքս անվասայլակ օգտագործող ծանոթ երեխա ունեմ, ով պետք է շուտով ներառական կրթություն իրականացնող դպրոց գնա»,- ասում է Գարիկ Մագթաղյանը:

ՀԿ նախագահը նշում է, որ իրենք պատրաստ են համագործակցելու դպրոցների հետ` հնարավոր ու անհրաժեշտ հարմարեցումներն իրականացնելու համար: Գարիկ Մագթաղյանը նշում է, որ դպրոցների տնօրենները պատրաստ են համագործակցության. «Մենք պատրաստ ենք նրանց օգնելու շենքի մուտքի թեքահարթակի ու սանհանգույցների մատչելիության հարցը լուծելու համար: Գոնե այդպես կկարողանանք որևէ կերպ նպաստել հարցի կարգավորմանը: Մեր կազմակերպությունը պատրաստ է աջակցելու մարզի բոլոր դպրոցներին»,- նշում է կազմակերպության ղեկավարը:

Արմավիրի մարզի 6-րդ հիմնական դպրոցի տնօրեն Հասմիկ Գասպարյանը նշում է. «Մենք ունենք թեքահարթակ, սակայն այն չի համապատասխանում չափանիշներին: Գիտենք, որ կառուցելիս պետք է դիմեինք մասնագետի, որ հարկ եղած թեքությամբ կառուցվեր, սակայն հարցին լուրջ չվերաբերվեցինք: Առաջիկայում պետք է լուծենք հարմարեցումների խնդիրը, որպեսզի կարողանանք ավելի շատ աշակերտների ընդունել մեր դպրոց»:

2013-ից ներառական կրթություն իրականացնող 6-րդ դպրոցում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մեծ մասն ունի հուզակամային խնդիրներ, խոսքի ու տեսողության դժվարություններ:

Մատչելիության հարցը լուծված չէ նաև 4 տարի ներառական կրթություն իրականացնող 5-րդ դպրոցում. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 62 աշակերտ ունենք, սակայն նրանցից որևէ մեկը հենաշարժական խնդիր չունի: Դրա համար էլ ֆիզիկական մատչելիության հարցը դեռ լուծված չէ: 4 տարի առաջ է դպրոցը վերանորոգվել, սակայն աշխատանքները դեռ ավարտված չեն, ու ամռանն արդեն թեքահարթակի ու սանհանգույցների հարցը լուծված կլինի: Դրա համար նոր ծրագրի ենք դիմելու, որպեսզի ֆինանսավորման խնդիր չունենանք»,- ասում է դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանը:

Վերջինս նշում է, որ լոգոպեդի, հոգեբանի ու հատուկ մանկավարժի սենյակները հնարավորինս հարմարեցված են:

Ստացվում է, որ դպրոցի մատչելի միջավայրի ապահովումը կախված է աշակերտների ունեցած դժվարության տեսակից: Ինչ խոսք, հարմարեցումները պետք է արվեն` ելնելով երեխայի կարիքներից, սակայն ինչպե՞ս կարող է սայլակ օգտագործող որևէ երեխա հայտնվել դպրոցում, եթե դպրոցը մատչելի չէ, և նրա համար պայմաններ չեն ստեղծել:

Բացի այդ, ներառումը ենթադրում է երեխայի մասնակցությունը ոչ թե հատուկ պարապմունքներին, այլ դասարանում` ընդհանուր դասապրոցեսին:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.