accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Disabilityinfo.am կայքի խմբագիր

Ամփոփվեցին «Ապրել անկախ և ներառվել համայնքում» տեսահոլովակների մրցույթի արդյունքները

0

Մայիսի 5-ը եվրոպական մի շարք երկրներում հաշմանդամություն ունեցող անձինք նշում են Անկախ կյանքի օրը:

Մայիսի 5-ին «Էոն» անտիկաֆեում տեղի ունեցավ «Ապրել անկախ և ներառվել համայնքում» խորագրով տեսահոլովակների մրցույթի մրցանակաբաշխությունը։ Մրցույթն իրականացրել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը «Ապրել անկախ և ներառվել համայնքում» ծրագրի շրջանակում` Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: Տեսահոլովակները դիտարկվել են բովանդակային, հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու եւ համայնքում ներառվելու իրավունքի և իրավահավասարության, ինչպես նաև տեխնիկական տեսանկյունից։

Հաղթող տեսահոլովակներն ընտրվել են պրոֆեսիոնալ ժյուրիի և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող անձանց և կազմակերպությունների՝ սցենարիստ Տիգրան Պասկևիչյանի, «Մեդիա նախաձառնությունների կենտրոնի» ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյանի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչ Մարինե Մալխասյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Հայկ Մկրտչյանի, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» նախագահ Զարուհի Բաթոյանի և Միության անդամ «Լիարժեք կյանք», «Սկարպ», «Մենք կարող ենք» և «Սպիտակ բազե» ՀԿ-ների կողմից:

Ժյուրին մրցույթին մասնակցած 14 հոլովակներից ընտրել էր առաջին, երկրորդ և երրորդ տեղերի մրցանակակիրներին:

Երրորդ տեղը կիսեցին Հովհաննես Ղազարյանը և Հենրիխ Եղիազարյանը։ Երկրորդ տեղում էր Արևիկ Ավանեսյանի հեղինակած «Բոլորս հավասար ենք» տեսահոլովակը։ Առաջին մրցանակը ստացավ Անի Գրիգորյանը «Ապրի՛ր քո իրավունքը» տեսահոլովակի համար։

Հատուկ մրցանակ էր նախատեսված Միության ֆեյսբուքյան էջում առավելագույն լայքերի արժանացած տեսահոլովակի համար, որը ստացավ Հրաչյա Սարգսյանը։

ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամը հատուկ մրցանակի արժանացրեց Միլենա Նազարյանին` «Ես կանաչ գույնն եմ» տեսահոլովակի համար: Իսկ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների շահերի պաշտպանությամբ զբաղվող  «Մենք կարող ենք» ՀԿ-ն մրցանակ հատկացրեց Արման Սարգսյանի «Ձեռքեր» տեսահոլովակին:

Անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքն ամրագրված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի 19-րդ հոդվածով, որում նշվում է. 

մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց` համայնքում ապրելու հավասար իրավունքը` մյուսների հետ հավասար հիմունքներով ընտրության հնարավորությամբ, ձեռնարկում են արդյունավետ և համապատասխան միջոցներ` օժանդակելու համար հաշմանդամություն ունեցող անձանց` այս իրավունքից լիակատար օգտվելուն, նրանց լիարժեք ներգրավվածությանը և մասնակցությանը համայնքում, ինչպես նաև ապահովում են, որ.

ա. հաշմանդամություն ունեցող անձանց մյուսների հետ հավասար հիմունքներով հնարավորություն ունենան ընտրելու իրենց բնակության վայրը, որտե՛ղ և ո՛ւմ հետ են ապրելու, ստիպված չլինեն ապրել բնակության ինչ-որ պայմաններում.

բ. հաշմանդամություն ունեցող անձինք օգտվեն մի շարք ներտնային, բնակության հետ կապված և համայնքային աջակցության այլ ծառայություններից և ստանան համայնքում ապրելու և ներգրավվելու, ինչպես նաև համայնքից չմեկուսացվելու համար անհրաժեշտ անձնական աջակցություն.

գ. բնակչության համար նախատեսված համայնքային ծառայությունները և հնարավորությունները հավասարապես հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց ն և համապատասխանեն նրանց կարիքներին:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.