accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Նոր հեռանկարներ Դիլիջանի համար

0

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամը (IDeA) Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ քննարկում էր հրավիրել, որի ընթացքում մասնակիցներին ծանոթացրեց 2014 թ. մեկնարկած ծրագրին, որի նպատակը քաղաքը մշակութային, կրթական և առողջարանային կարևոր հանգույց դարձնելն է։

Նախանշված նպատակին հասնելու համար ծրագրի շրջանակներում իրականացվելու են տարածաշրջանի զարգացմանը նպաստող երկարաժամկետ ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Դիլիջանի՝ որպես քաղաքաշինական ժամանակակից բարձրակարգ չափանիշներ ունեցող քաղաքի զարգացմանը, կբարձրացնեն քաղաքի ներդրումային գրավչությունն ու զբոսաշրջային ներուժը:

Հանդիպում-քննարկմանը մասնակցել է նաև «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Դիլիջանի զարգացման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Արզումանյանը. «IDeA հիմնադրամը քննարկման ընթացքում ներկայացրեց առաջիկա 3 տարիների համար նախատեսված ծրագրերը, որոնք նպաստելու են Դիլիջանի զարգացմանը: Մենք` որպես քաղաքում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան, նրանց առաջարկել ենք կատարվելիք շինարարական աշխատանքներում հաշվի առնել հարմարեցումների առկայությունը: Հիմնադրամը շահագրգռված է և քաղաքապետարանի հետ քննարկումներում առաջարկներ է արել, որպեսզի, օրինակ` քաղաքում կառուցվելիք զբոսայգում ձայնային ազդանշաններ լինեն տեսողության խնդիր ունեցող մարդկանց համար և այլն»,- նշում է կենտրոնի տնօրենը:

IDeA հիմնադրամի ներդրումներով Դիլիջանի միջազգային դպրոցի աջակցությամբ 2014-ին հիմնանորոգվեց Դիլիջանի երեխայի զարգացման կենտրոնը, որը տարբեր ծառայություններ է մատուցում հաշմանդամություն ունեցող և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ավելի քան 185 երեխաների և երիտասարդների, նրանց ընտանիքների անդամներին:

Դիլիջանի զարգացման ծրագրի ներդրումային ծրագրերի ղեկավար Դավիթ Իսկանդարյանը նշում է, որ Դիլիջանի զարգացման ծրագրի իրականացման ժամանակ հաշվի են առնվելու միջազգային չափորոշիչները. «Այժմ դեռևս նախագծման աշխատանքներ և հաշվարկներ են կատարվում, ուստի որևէ կոնկրետ միջոցառման, նախագծի մասին ասել չեմ կարող՝ կապված միջազգային ստանդարտների կոնկրետ կիրառման և դիտարկվող հարմարեցումների առնչությամբ: Վերջերս կայացած հանդիպմանը մեր ծրագրի նպատակները ներկայացրինք հանդիպման մասնակիցներին, որպեսզի ճանաչեն մեր ծրագրերը, և որպեսզի կարողանանք որևէ լավ բան անել քաղաքի համար: Տրանսպորտի հարցը ևս քննարկվում է, որովհետև հարցը միայն հարմարեցումները չեն, համակարգի շահագործման ֆինանսավորման արդյունավետության ապահովման խնդիր էլ կա: Դեռևս լուծումներ ենք փնտրում: Նշեմ, որ տրանսպորտի փոփոխության պարագայում անհրաժեշտ հարմարեցումների հարցը ևս քննարկվում է»:

Հիշեցնենք, որ ծրագրի հիմնական ուղղություններն են` քաղաքային ենթակառուցվածքների զարգացումն ու ծառայությունների որակի բարելավումը, կրթական, մշակութային և հանրային կյանքի աշխուժացումը, քաղաքում և հարակից համայնքներում գիտակրթական և մշակութային ենթակառուցվածքների ստեղծումը, մասնակցությունը տեղի համայնքի կյանքին և օժանդակությունը դրա զարգացմանը և այլն։

Ներդրումային ծրագրերի ղեկավարը նշում է, որ հիմնադրամը շինարարական աշխատանքներն է մշակում և նախատեսում, որ դրանք կյանքի կոչելու ժամանակ հաշվի են առնվելու քաղաքաշինական միջազգային նորմերը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Տավուշի մարզում ապրում է հաշմանդամություն ունեցող 8479 անձ: IDeA հիմնադրամի գործունեությունը հույս է ներշնչում, որ Դիլիջան քաղաքում ապրող երեխաները և նրանց ընտանիքների անդամները դուրս չեն մնա քաղաքի զարգացման ծրագրերից և մյուս բնակիչների հետ հավասարապես ներառված կլինեն իրենց համայնքի զարգացման գործում: IDeA հիմնադրամի գործելաոճն այս իմաստով կարող է օրինակելի դառնալ Հայաստանի մյուս համայնքների զարգացման ծրագրերի համար:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.