accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարջան Չոբանյան

Օրենքը խախտվել է, բայց նախարարությունը դիմում չի ստացել

0

2013-ին Աբովյան քաղաքում բացվեց  Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, սակայն առանց հաշվի առնելու հաշմանդամություն ունեցող քաղաքացիների կարիքներն ու մատչելիության սկզբունքները:

Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել: Վարչության պետ Արշավիր Խաչատրյանն ասում է՝ թեմայի առնչությամբ որևէ ինֆորմացիայի չի տիրապետում, քանի որ իր պաշտոնավարումը մի քանի ամսվա պատմություն ունի, իսկ այդ ժամանակահատվածում վերոնշյալ խնդրով դիմողներ չեն եղել:

Անմատչելի միջավայրը մտահոգության տեղիք է տվել «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանին: Նրա հավաստմամբ` այս հարցը բարձրացրել է այն ժամանակից, երբ դեռ նոր էին ձեռնամուխ լինում եկեղեցու կառուցմանը: «Սկզբում խոստանում էին, որ կհարմարեցնեն: Հետո ասացին` կամավորներ կլինեն, ովքեր անհրաժեշտության դեպքում կօգնեն: Բայց կամավորներով հարցը չի լուծվում: Կարծում եմ` մարդկանց համար էլ հաճելի չէ, երբ իրենց ամեն անգամ գրկեն ու բարձրացնեն»:

Վերջինս իր մտահոգությունն է հայտնել այն ժամանակվա Աբովյանի քաղաքապետ Կ.Գուլոյանին, որպես ՀԿ ղեկավար նամակներ է ուղարկել եկեղեցու պատվիրատու-բարերարի ենթակայության տակ գտնվող կառույցների ներկայացուցիչներին (ԲՀԿ կենտրոնական գրասենյակ, Նաիրա Զոհրաբյանին), բայց դրանք անպատասխան են մնացել:

Մինչ օրս եկեղեցին շարունակում է անմատչելի մնալ տեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար: Այս փաստը չի ժխտում քաղաքապետի օգնական Մանուկ Հակոբյանը. «Դեռևս առանց կողմնակի օգնության հաշմանդամություն ունեցող մարդը չի կարող մուտք գործել շինություն: Սա ճարտարապետաշինարարական խնդիր է, և եկեղեցու ճարտարապետի հետ քննարկվում է՝ ինչ լուծում տալ, որպեսզի ամբողջական համալիրը չխաթարվի»:

Քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանի խոսքով` քանի որ եկեղեցին իրենց ենթակայության տակ չի գտնվում, մինչ դրա կառուցումը որևէ քննարկում չի եղել նախարարությունում, որևէ փաստաթուղթ կամ նախագիծ չի ներկայացվել քննարկման կամ հաստատման: Ինչ վերաբերում է շահագործումից հետո շինարարական բացերը լրացնելուն կամ խախտումները վերացնելուն, ապա Եսայանը նշում է, որ նման դեպքերում նախարարությունը ստուգումներ է իրականացնում բողոքների կամ դիմումների հիման վրա, իսկ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հետ կապված որևէ դիմում նախարարությունը չի ստացել:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.