accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Զարուհի Բաթոյան

Դպրոցներում խախտումներ անելու համար միլիոնավոր դրամ կա, վերացնելու համար` չկա

0

«Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ներառական կրթության քաղաքականություն՝ նպատակ դնելով պաշտպանել յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը, իսկ դրա համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան պայմաններ»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը դպրոցների սեյսմիկ անվտանգության, էներգիայի և ռեսուրսների արդյունավետ օգտագործման և ներառականության վերաբերյալ քննարկմանը, հավելելով, որ նոր դպրոցական շենքերը պետք է համապատասխանեն բոլոր երեխաների իրավունքների պահանջներին, մասնավորապես, դպրոցների հասանելիության և ներառականության տեսանկյունից:

Չնայած պետական և միջազգային կառույցների համագործակցությանը և կրթության ոլորտի որդեգրած ներառական քաղաքականությանը` մեր երկրում շարունակվում են օրենքի խախտումները դպրոցների հիմնանորոգման և վերանորոգման ընթացքում:

Խախտումների հետքերով. ի՞նչ է փոխվել Երևանի 174-րդ դպրոցում

Դեռևս 2013-ին disabilityinfo.am-ն անդրադարձել էր Երևանի 174-րդ հիմնական դպրոցում կատարված շինարարական խախտումներին. դպրոցը, որն իրականացնում է ներառական կրթություն, հիմնանորոգվել էր ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին, սակայն վերջնարդյունքում չէր հարմարեցվել հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին: Կառուցված թեքահարթակը չէր համապատասխանում շինարարական նորմերին, դպրոցի սանհանգույցները, դռները մատչելի չէին, դպրոցի եռահարկ շենքում չկային վերելակ կամ վերամբարձիչ հենահարթակներ հաշմանդամություն ունեցող երեխաների ազատ տեղաշարժման համար:

174-րդ դպրոցը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը գրագրություն էր սկսել ոլորտի լիազոր մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի հետ:

Օմբուդսմանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանի հավաստմամբ` գործընթացի արդյունքում պարզ է դարձել, որ դպրոցի հիմնանորոգման ճարտարապետահատակագծային առաջադրանքը քաղաքապետարանը տվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության սխալ հայտի հիման վրա, քանի որ դրանում հաշվի չեն առնվել հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանությանն ուղղված շինարարական պահանջները:

«Արդյունքում` դպրոցը կառուցվել է շինարարական նորմերի խախտմամբ, մինչդեռ օրենքի համաձայն՝ համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետըկառուցապատողին պարտավոր է տալ միայն այնպիսի ճարտարապետահատակագծային առաջադրանքորը համապատասխանում է շինարարական նորմերին և օրենքի պահանջներին»,- հավելում է օմբուդսմանի տեղակալը:

Տվյալ խնդիրը տեղ էր գտել նաև պաշտպանի 2013 թ. տարեկան զեկույցում: Պաշտպանը նաև որոշում է կայացրել՝ առաջարկելով քաղաքապետարանին միջոցներ ձեռնարկել վերոնշյալ խախտումները վերացնելու ուղղությամբ: Քաղաքապետարանից էլ հայտնել են՝ ֆինանսական միջոցների առկայության դեպքում դպրոցը կհարմարեցվի հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Հիշեցնենք նաև, որ դպրոցի հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից ծախսվել է շուրջ 500 մլն դրամ: Դպրոցից մեզ տեղեկացրեցին՝ մինչ օրս խախտումների վերացման ուղղությամբ որևէ աշխատանք չի իրականացվել:

Կապանում խախտումների պատճառը բյուջեի միջոցների սղությունն է

2014 թ. վերջին պաշտպանը Դիսըբիլիթի ինֆոյի հրապարակումից տեղեկացել է, որ թեև ավարտին էին մոտենում Կապանի 2-րդ ավագ դպրոցի կառուցման աշխատանքները, սակայն դպրոցի շենքում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության խնդիրը լիովին լուծված չէ:

Մասնավորապես, չնայած դպրոցի մուտքի մոտ կառուցված թեքահարթակին, անմիջապես շինության մեջ բացակայում են վերելակները, համարեցված սանհանգույցները և այլն:

Այս առիթով պաշտպանը համապատասխան գրագրություն է վարել Կապանի քաղաքապետարանի և ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ:

Արդյունքում պարզ է դարձել, որ թեև Կապանի քաղաքապետարանի տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը պարունակել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանությանն ուղղված պահանջներ, այնուամենայնիվ, գործնականում կառուցապատողը, անտեսելով գործող շինարարական նորմերի մի շարք պահանջներ, պահպանել է միայն արտաքին թեքահարթակի պահանջը:

Դպրոցի մուտքը

Պաշտպանը խնդրել է պարզաբանումներ ներկայացնել վերոգրյալ խնդրի վերաբերյալ:

«Ի պատասխան պաշտպանի հարցումների` ՀՀ քաղաքաշինության նախարարությունից հայտնել են, որ դպրոցի կառուցման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, իսկ ուսումնական մասնաշենք մուտք գործելու համար նախատեսված է կառուցել թեքահարթակներ, հավելելով, որ ուսումնական մասնաշենքի առաջին հարկում կառուցված սանհանգույցներում սակավաշարժ խմբերի համար նախատեսված են մեկական խցիկներ` համապատասխան սարքավորումներով, իսկ դպրոցի առաջին հարկի դռների (այդ թվում` սանհանգույցների) բացվածքները 0,9 մետր են և ավելի»,- մեզ հետ զրույցում նշեց Տաթևիկ Խաչատրյանը:

Կապանի 2-րդ ավագ դպրոցի կառուցման համար պետբյուջեից հատկացվել էր 820 մլն դրամ: Իսկ Կապանի քաղաքապետարանից դպրոցում վերելակի բացակայության խնդիրը պատճառաբանել են պետական բյուջեի միջոցների սղությամբ ու դպրոցում ներառական կրթություն չիրականացնելու հանգամանքով:

Ըստ Կապանի քաղաքապետարանի` առաջին հարկի սանհանգույցներից երկուսի` տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցնելու ուղղությամբ կատարվող աշխատանքները շարունակվում են:

Պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ դպրոցների հիմնանորոգման կամ կառուցման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց համար օրենքով սահմանված մատչելիության շինարարական նորմերի չպահպանման այլ դեպքերի վերաբերյալ 2014 թ. դիմում-բողոքներ կամ ահազանգեր չեն ստացել:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.