accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

«Սևանն ունի մատչելիության ռազմավարություն». քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյան

0

«Սևանի քաղաքապետարանն ունի մատչելիության ապահովման ռազմավարություն, որը բխում է ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանից»: Այս մասին մեզ տեղեկացնում է քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը` իրեն ուղղված մեր հարցմանն ի պատասխան:

Պատասխանում նշվում է նաև, որ քաղաքի առնվազն 10 կառուցված կամ հիմնանորոգված կառույցները համապատասխանում են մատչելիության շինարարական նորմերին:

Ռուդիկ Ղուկասյանը

Ռուդիկ Ղուկասյանը

Համայնքի 8 հանրակրթական դպրոցները շահագործման են հանձնվել անցյալ դարի 60-80-ական թվականներին և չեն համապատասխանում մատչելիությանը ներկայացվող այսօրվա պահանջներին:

Ըստ քաղաքապետի՝ միայն 6-րդ միջնակարգ դպրոցի հենքի վրա 2013 թ. հիմնանորոգված նախակրթարանի մասնաշենքն ունի թեքահարթակ և մատչելի սանհանգույց:

Սակայն, որքան էլ զարմանալի է, նախակրթարանի տնօրեն Էդիկ Գևորգյանի հավաստմամբ` տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարություններ չկան: Այդ մասին փաստում են նաև մեր կողմից իրականացված մոնիթորգի արդյունքները։

«Չկա, քանի որ դպրոցի տանիքը պիտի վերանորոգվի, և նախակրթարանի մուտքի մոտ ծածկ ավելացվի: Նախատեսել ենք դրանից հետո թեքահարթակ կառուցել, որ անձրևաջրերը չփչացնեն այն: Սանհանգույցը շատ հարմար է: Նախակրթարանի հատակը չի տաքացվում»,- մանրամասնեց տնօրենը:

Սևանի Գոմաձոր թաղամասում գործող այս նախակրթարանի կառուցման և կահավորման համար կրթության և գիտության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակը (ԾԻԳ) տրամադրել է 8 մլն դրամ, իսկ 2 մլն դրամ էլ համայնքի բյուջեից` Սևանի քաղաքապետարանը:

Ինչպես նշեց նախակրթարանի տնօրենը, չորս ամիս տևած շինարարական աշխատանքների ընթացքում հիմնանորոգվել է մեկ մասնաշենք, առանձնացվել են չորս սենյակ, խոհանոց, միջանցք, սանհանգույց և մեկ կից կառույց: Շենքը մեկհարկանի է: Նախակրթարանը երկու մուտք ունի, մեկը դրսից, մյուսը` դպրոցի ներսից, որոնք երկուսն էլ անմատչելի են: Էդիկ Գևորգյանը հավաստիացրեց, որ առաջիկայում նախատեսել են նախակրթարանի մուտքի մոտ թեքահարթակ կառուցել:

«Ես խոստանում եմ` մյուս տարի կգաք և կտեսնեք հարմարեցված թեքահարթակը և հաշմանդամություն ունեցող երեխաների համար ամեն հարմարություն, որոնք արդեն կարվեն մեր` դպրոցի, ինչպես նաև հովանավորների միջոցներով: Ես գտնում եմ, որ դա շատ կարևոր է»:

Ըստ տնօրենի՝ նախակրթարան է հաճախում 4-5 տարեկան 20 երեխա, համայնքում հաշմանդամություն ունեցող երեխաներ չկան, հետևաբար չկան նաև նախակրթարանում:

Ի դեպ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներն այլ բան են փաստում։ Սևանում ապրում են հաշմանդամություն ունեցող 63 երեխաներ:

Սևանի քաղաքապետը Disabilityinfo.am-ին ուղարկած իր պատասխանում հավաստիացնում է, որ 2015-ին համայնքի դպրոցներում իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ, որը ներառում է նաև մատչելի միջավայր ստեղծելու բաղադրիչը:

Disabilityinfo.am-ը հետամուտ կլինի այդ աշխատանքներին և համայնքի նոր ձեռքբերումների մասին տեղեկությունը կհրապարակի` որպես դրական օրինակ մյուս համայնքների համար:

Հ.Գ. Նախակրթարանի տնօրեն Էդիկ Գևորգյանն իր խոսքում հնչեցրել էր «ֆիզիկական անկարողություններով երեխաներ» արտահայտությունը, որը ուղիղ խոսքում մեր կողմից փոխարինվել է «հաշմանդամություն ունեցող երեխաներ» եզրով` ելնելով Disabilityinfo.am-ի որդեգրած քաղաքականությունից:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.