accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աննա Կարապետյան

Дождь-ը և հաշմանդամության թեման

0

Մայիսի 28-29-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվեց «Թվապատում» միջազգային մեդիա համաժողովը: Disabilityinfo.am-ը զրուցել է համաժողովի հյուրերից Дождь հեռուստաընկերության ինտերնետային հեռարձակման բաժնի ղեկավար Ելենա Կիրյուշինայի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք առաջին դեմքով:

«Բոլորը տարբեր են, բոլորը՝ հավասար»

Ելենա ԿիրյուշինաՆ

Մենք ունենք մի նախագիծ՝ «Բոլորը տարբեր են, բոլորը՝ հավասար» (Все разные, все равные), որտեղ որոշ չափով իրազեկում ենք մարդկանց, որ հաշմանդամություն ունեցող անձինք մեզ նման հասարակության անդամներ են, և նրանց հնարավորությունները չպետք է սահմանափակվեն: Հենց առաջին օրից խոսել ենք այդ խնդրի մասին: Արդեն հինգ տարի է: Մի շրջան կար, երբ ֆինանսական սուղ պայմաններից դրդված ստիպված էինք դանդաղեցնել սոցիալական նախագծերի տեմպերը, բայց հիմա վերսկսել ենք:

Մենք ունենք հեռուստահաղորդավար (կարծում եմ՝ առաջին հեռուստահաղորդավարը ռուսական եթերում) Եվգենյա (Ժենյա) Վոսկոբոյնիկովան, ով սայլակով է տեղաշարժվում: Նա է վարում այդ հաղորդումը և իր փորձով օրինակ է ծառայում մարդկանց համար, ցույց է տալիս, որ կյանքը անվասայլակի վրա չի ավարտվում, այլ միայն սկսվում է և շարունակվում: Նա շատ տեսանյութեր է պատրաստել այն մասին, որ, օրինակ՝ Մոսկվայում մարդը չի կարող իջնել մետրո: Երբեմն կառուցում են այնպիսի թեքահարթակներ, որ եթե դրանցով սայլակով իջնես, պարզապես ջարդուփշուր կլինես: Տրանսպորտը նույնպես անհարմար է, խնդիրները միանման են ամեն տեղ:

Աշխատանքի հնարավորություն

«Բոլորը տարբեր են, բոլորը՝ հավասար» նախագծի շրջանակում իրականացրել ենք նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանք փնտրելու բավականին մեծ ծրագիր: Օնլայն՝ վիդեոռեզյումեներ ենք պատրաստել, որտեղ երևում էր, թե անձն ինչ է կարողանում անել: Այս ծրագրի շնորհիվ նրանցից մի քանիսը աշխատանքի տեղավորվեցին տարբեր ընկերություններում:

Գործատուները սկսել են չվախենալ

Միտումները փոխվում են: Գործատուները սկսել են չվախենալ հաշմանդամություն ունեցող մարդկանցից և նրանց աշխատանքի են ընդունում: Մեզ մոտ տեխնիկական աջակցության բաժնում աշխատում են հաշմանդամություն ունեցող երեք անձինք, ովքեր հաջողում են բաժանորդների տեխնիկական խնդիրները լուծելու հարցում:

Մոսկվայում զարմանքով են նայում սայլակով տեղաշարժվողներին

Մոսկվայում զարմանքով են նայում, երբ հաշմանդամություն ունեցող անձը սայլակով տեղաշարժվում է քաղաքում, գնում է սրճարան կամ կինո: Երբ մեր գործունեության 5-ամյակն էր, համերգային դահլիճում կային 10 սայլակով անձինք: Մյուսները մոտենում և ասում էին՝ շնորհակալ ենք, որ նրանք կարողացել են այստեղ գալ, որ դուք դա կազմակերպել եք: Սխրագործություն էր դիտվել, քանի որ մեզ մոտ՝ Ռուաստանում, դա դեռ զարմանալի բան է:

Մեր Ժենյան

Ելենան

Ժենյան եկել էր ռադիոյով ելույթ ունենալու, որտեղ էլ նրան լսել էր մեր գլխավոր տնօրենը, հավանել ու հրավիրել մեր քասթինգին:

Ժենյան եկավ: Մենք, կարելի է ասել, սիրահարվեցինք նրան: Իրոք, անհավանական աղջիկ է` ապրելու և Ռուսաստանում ինչ-որ բան փոխելու մղումներով:

Սկզբում մենք նրան հրավիրեցինք Дождь էկոլոգիական թեմաներ լուսաբանելու, քանի որ նա մասնագիտությամբ էկոլոգ է: Լրագրությունը նրան դժվարությամբ տրվեց՝ արցունքներ, հիստերիկա, երբ ոչինչ չէր ստացվում, բայց հետո նա դարձավ մեր հեռուստաաստղերից մեկը:

Ժենյան այնպիսին է, ինչպիսին մենք: Մեզ նման աշխատում է, հաղորդում վարում, մասնակցում համաժողովների և այլն: Մեզնից առանձնանում է միայն նրանով, որ առավոտյան մեր աշխատակիցները նրան սայլակով բարձրացնում են. կարգին վերելակ չունենք, իսկ երեկոյան, երբ աշխատանքը վերջացնում են, գալիս և ասում են՝ «Ժե´ն, ե՞րբ ես տուն գնալու, մենք քեզ կուղեկցենք»:

Հիմա Ժենյան ամուսնացել է, երեխա ունեցել: Շուտով կվերադառնա ֆիզարձակուրդից և նորից կզարգացնի հաշմանդամության թեման մեր եթերում:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.