accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Թռիչք թեքահարթակի վրայով. ՏՏ աշխարհն ու մենք

0

Այսօր Disabilityinfo.am-ը ներկայացավ ԲարՔեմփում՝ պատմելով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ներառականության ու խտրականության դրսևորումների մասին։ ԲարՔեմփը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005-ին ԱՄՆ-ում՝ Սիլիկոնային հովտում, և ապա լայն տարածում ստացել ամբողջ աշխարհում: Սովորաբար ԲարՔեմփ են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում:

Disabilityinfo.am կայքի համակարգող Մուշեղ Հովսեփյանի «Թռիչք թեքահարթակի վրայով. ՏՏ աշխարհն ու մենք» թեմայով ներկայացումը նախ համեմատեց հայաստանյան իրավիճակը և զարգացող աշխարհի կարիքները. «Մենք դեռ Հայաստանում խոսում ենք թեքահարթակների, տրանսպորտի և շենքերի մատչելիության մասին, այնինչ աշխարհում արդեն մարդիկ լուրջ առաջընթաց են գրանցել ՏՏ ոլորտում բոլոր մարդկանց կարիքները ներառելու և սահմանափակումները վերացնելու համար»:

ԲարքեմփինԱյնուհետև մեր գործընկերը ներկայացրեց 1999-ին World Wide Web Consortium-ի (W3C) հրապարակած տեղեկատվության և հաղորդակցության մատչելիության ուղեցույցի հիմնական սկզբունքները, որոնք ապահովում են տեղեկատվական տեխնոլոգիաների մատչելիությունն ու հասանելիությունը տեսողության, լսողության, սովորելու, տեղաշարժվելու և այլ դժվարություններ ունեցող անձանց համար:

Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծվեցին կայքերի կառավարելի միջերես (ինտերֆեյս) և նավիգացիա: Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար ստեղծված հնարավորություններից Մուշեղ Հովսեփյանը նշեց ուղեկցող սարքերը, խոսող հեռախոսները, համակարգիչները, տառերը մեծացնելու, միջտառային հեռավորությունը, տառերի գույնը փոխելու, խոշորացույցի, նկարների նկարագրությունների, տառատեսակների ընտրության և այլ հնարավորությունները, որոնցից և ոչ մեկը չի կիրառվում հայաստանյան առցանց տիրույթում:

Լսողության խնդիրներ ունեցող անձանց կյանքն ավելի հեշտացրել են անվտանգության համակարգերը, տեսանյութեր՝ ենթագրերի ուղեկցությամբ և սուրդոթարգմանությամբ, ձայնը տեքստի վերածող սարքերը, տեսազանգի հնարավորությունը կամ տեքստոֆոնները և այլն:

Ինչ վերաբերում է սովորելու դժվարություն, հոգեկան առողջության խնդիրներ և այլ հաշմանդամություն ունեցող անձանց համար ՏՏ-ն այսօր ստեղծել է հեշտ ընթերցվող տարբերակներ, պատկերային ինֆորմացիա մատուցելու հնարավորություն, կայքերում լույսի և ձայնի կարգավորման համակարգեր, տառատեսակներ՝ դիսլեքսիա ունեցող անձանց համար և գույների ընտրության չափանիշներ:

ԲարքեմփինԲարՔեմփի հիմնական թիրախ խումբը կազմում են նոր մեդիաների, ՏՏ, ինտերնետ և թվային տեխնոլոգիաներում ներգրավված ընկերությունների մասնագետներ, ղեկավարներ, գործարարներ, ուսանողներ, ակտիվիստներ, դասախոսներ, բլոգերներ ու լրագրողներ և բոլոր նրանք, ովքեր ստեղծում են նոր սերնդի համաշխարհային սարդոստայն:

«Օր օրի զարգացող տեխնոլոգիաները և դրանք կիրառող մասնագետներն այսօր լայն հնարավորություններ ունեն իրենց բովանդակությունը (քոնթենթ) հասանելի դարձնելու բոլորի համար, ներառյալ տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց: Ողջ ԲարՔեմփի ընթացքում ներկայացված նախագծերը ևս հեշտությամբ կարող են մատչելի դառնալ կամ օգտագործվել, ասենք, լսողության կամ տեսողության խնդիր ունեցող անձանց կրթության, հաղորդակցման կամ աշխատանքի ապահովման ոլորտում»,- հավելում է Մուշեղ Հովսեփյանը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.