accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Ամփոփվեցին «Իմ ներառական դպրոցը» և «Նույն նստարանին» շարադրությունների արդյունքները

0

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի Ռժեհակը և Զարուհի Բաթոյանը

Այսօր` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Իմ ներառական դպրոցը» և «Նույն նստարանին» թեմաներով շարադրությունների մրցանակաբաշխության արարողությունը։ Մրցույթն իրականացվել է «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ-ի կողմից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) «Մեդիան հանուն ներառման» ծրագրի շրջանակում:

Շարադրությունների մրցույթի նպատակն էր նպաստել դպրոցականների իրազեկության բարձրացմանը ներառական կրթության մասին և ձևավորել դրական վերաբերմունք հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ:

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Ռադոսլավ Ռժեհակը. «Մենք շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին, ովքեր մեզ ուղարկել են 93 աշխատանք Հայաստանի ավելի քան 20 քաղաքներից և գյուղերից: Ես ուզում եմ մեջբերել շարադրություններից մի հատված, որում մասնակիցը նշում է`ներառական կրթությունից շահում են ոչ միայն երեխաներն ու դպրոցը, այլև ողջ համայնքը»: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալը հավելեց, որ ներառման համար կարևոր է ոչ միայն ֆիզիկական մատչելիությունը, այլ նաև արժեքների տարածումը:

«Արևածաղիկ» ամսաթերթի և disabilityinfo.am կայքի խմբագիր Զարուհի Բաթոյանը հիշեցրեց, որ մինչև 2025 թ. Հայաստանում բոլոր հանրակրթական դպրոցների կրթության կազմակերպումը ներառական կլինի. «Այդ ժամանակ Հայաստանում այլևս չեն լինի ներառական կամ ոչ ներառական դպրոցներ, և բոլոր երեխաները միասին սովորելու հնարավորություն կունենան: Իսկ բոլոր խոչընդոտներն ու դժվարությունները հնարավոր է հաղթահարել միայն ձեր օգնությամբ: Խնդրում եմ նաև, որ օգնեք ձեր ուսուցիչներին, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաներին ավելի լավ ներառեն կրթության մեջ, և վերաբերվեք նրանց` որպես հավասարի»:

Ժյուրիի անդամներին էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը, «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ նախագահ Զարուհի Բաթոյանը, «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի ժուռնալիստիկայի դասընթացի ղեկավար Նունե Ալեքսանյանը և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հանրային կրթության պատասխանատու Հասմիկ Խաչերյանը։

Լավագույն չորս շարադրությունների հեղինակները ստացան պատվոգրեր և մրցանակ` պլանշետներ: Հաղթող ճանաչվեցին Անահիտ Կարապետյանը (Աշտարակի 5-րդ ավագ դպրոց), Գեղամ Պողոսյանը (Արարատի 2-րդ հիմնական դպրոց), Լիլիթ Բալաբեկյանը (Չարենցավանի Մաշտոցի անվան ավագ դպրոց) և Դավիթ Ավետիսյանը (Երևանի 48-րդ հիմնական դպրոց):

Մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվեցին կարճամետրաժ ֆիլմեր հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասին։ Մրցույթի բոլոր մասնակիցներին տրվեցին խրախուսական նվերներ:

Լուսանկարները՝ Վերոնիկա Ավետիսյանի և Մուշեղ Հովսեփյանի

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.