accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Տաթևիկ Ղազարյան

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Լոռու մարզում

0

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) Լոռու մարզում իրականացնում է մի շարք ծրագրեր, այդ թվում նաև` հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված: Մարզում կայացած հանդիպմանը հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Ռադոսլավ Ռժեհակն ասաց, որ Լոռու մարզում իրականացվող ծրագրերում որոշ բաղադրիչներ են ավելացվել: Դրանցից է, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին վաղ տարիքում հայտնաբերելը, ապա նրանց ինտեգրումը մանկապարտեզին, դպրոցին, հետագայում նաև` համայնքային կյանքին. «Սա մենք համարում ենք որպես մեկ միասնական գործընթաց: Դրա բաղադրիչների մի զգալի մասն արդեն սկսվել և իրականացվում է: Մենք հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ նոր մոտեցում ենք իրականացնելու: Եղածի վրա հիմնվելով` փորձելու ենք հասկանալ` ինչպե՞ս է սկսվում այդ գործընթացը և աջակցություն ցուցաբերել մանկապարտեզից մինչև դպրոց, չանտեսելով նաև խնդրի առողջապահական կողմը»,- ասաց Ռադոսլավ Ռժեհակը:

Մարզում հիմնադրամի կողմից իրականացվող կարևոր ծրագրերից մեկն էլ պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների հայտնաբերումն է:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կարևորեց մարզում ներառական կրթության ներդրումը: Նա ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներին առաջարկեց հետագա ծրագրերում ներառել նաև ներառական կրթությանն աջակցող նախագծեր:

«Մենք մարզում ներառական կրթության հետ կապված խնդիրներ ունենք: Փորձում ենք հասկանալ, թե զարգացած երկրներում այդ գործընթացն ինչպես է կատարվում, թեև գիտեմ, որ դա ֆինանսական մեծ միջոցների հետ է կապված: Սակայն սա ճանապարհ է, և մենք պետք է այդ օրինակելի ճանապարհով անցնենք: Սա ինձ մտահոգող խնդիրներից մեկն է»,- ասաց մարզի ղեկավարը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մեր երկրի հետ կապված ունի նաև հեռագնա, բայց և կարևոր նպատակներ. «Մեր նպատակն այն է, որ վաղը մենք ընդհանրապես չունենանք հաշմանդամության ծրագրեր, բայց ոչ թե նրա համար, որ դրանց կարիքը չկա, այլ որ այդ երեխաները հասարակությանն այնքան ինտեգրվեն, որ խնդիրը որպես այդպիսին առանձնացնելու կարիք չլինի»,- եզրափակեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Ռադոսլավ Ռժեհակը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.