accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Տարածաշրջանի լավագույն կինոթատրոնը բոլորի համար չէ

0

Օրերս Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շուրջ 2 տարվա վերանորոգումից հետո իր դռները բացեց «Հայաստան» կինոթատրոնը: 8 մլն դոլարին համարժեք դրամի չափով արված ներդրումների արդյունքում այսօր ունենք տարածաշրջանի լավագույն կինոթատրոնը` համենայն դեպս այդ կարծիքին են նախաձեռնության հեղինակները: Կինոթատրոնի հին շենքում այսօր ընտանեկան ժամանցի համար ժամանակակից միջոցներ առաջարկող համալիր է, որ մեծ էկրանին ցուցադրում է համաշխարհային ֆիլմարտադրության գործերը:

Շքեղ կինոթատրոնի մատչելիության մասին զրուցելու համար մի քանի օր շարունակ փորձեցինք տնօրինությունից որևէ մեկի հետ խոսել, բայց` ապարդյուն: Մեր զանգերին խուսափում էին պատասխանելուց: Կատարած շրջայցի ընթացքում արձանագրեցինք այն, ինչ տեսանք՝ կիսով չափ հարմարեցված այգի, հաշմանդամություն ունեցող անձանց մեքենաների համար առանձնացված ավտոկայանատեղ, անհարմար թեքահարթակներ և ուրիշ ոչինչ:

Կայանատեղի

Կինոթատրոնում մեզ հետ զրուցող աշխատակիցը խուսափեց ներկայանալուց, սակայն նշեց, որ այդ պահին միայն ինքը կարող էր պատասխանել մեր հարցերին.

«Վերանորոգման ժամանակ հնարավորինս փորձել են հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները: Թեքահարթակներ ունենք, սակայն եթե հարմար չեն, երևի պատճառն այն է, որ կառուցելիս չափանիշները հաշվի չեն առնվել»:

Կինոթատրոնի աշխատակիցն շարունակ շեշտում էր, որ «Հայաստանը» պետական միջոցներով չի կառուցվել ու պետք է շնորհակալ լինել, որ մայրաքաղաքը ևս մեկ կինոթատրոն ունի, որտեղ ամեն ինչ ստեղծված է լավ ժամանակ անցկացնելու համար:

«Ուզում եմ նշել, որ շատ կարճ ժամանակում ենք պատրաստվել բացմանը, ու դեռևս անավարտ աշխատանքներ կան: Ժամանակի ընթացքում կլրացնենք այն բացը, որ կա, ու կփորձենք կինոթատրոնը մատչելի դարձնել բոլորի համար: Սակայն հիմա էլ, այս պայմաններում էլ, եթե հենաշարժական խնդիր ունեցող այցելուներ ունենանք՝ պատրաստ ենք ամեն կերպ օգնելու նրանց, որ կարողանան օգտվել մեր ծառայություններից, դիտեն նախընտրած ֆիլմը»,- ասում է աշխատակիցը:

Ինչ խոսք, ֆիլմ դիտելու համար սայլակով դահլիճ հնարավոր է մտնել, սակայն ներսում աստիճաններ են, ու սայլակ օգտագործող մարդը ստիպված կլինի ընդհանուր շարքերից դուրս՝ միջանցքից հետևել ֆիլմին: Անմատչելի աանհանգույց հասնելու համար էլ նախ պետք է կարողանալ հաղթահարել նկուղային հարկ տանող աստիճանները: Իսկ տեսողության խնդիր ունեցող մարդիկ նորաբաց կինոթատրոնում անելիք չեն ունենա, քանի որ բրայլյան համակարգով ցուցանակներ չկան, դահլիճների աթոռների համարները ևս բրայլյան այբուբենով չեն, չկա տիֆլոթարգմանություն: Աշխատակիցը սակայն, հուսադրում է` ասելով, որ իրենք տեխնիկապես շատ հարուստ են, ու հսկա կինոթատրոնը վերակառուցելու դժվարին աշխատանքի կողքին այդ մանրուքները լրացնելը ժամանակի հարց է:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.