accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Ռոզա Պետրոսյան

«Ես ամենաշատն եմ ուզում, որ մեզ մոտ սովորելու հնարավորություն ունենան բոլորը»

0

Դեռ 2014-ի վերջին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացրել էր, որ օմբուդսման Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել կրթության և գիտության նախարարին՝ առաջարկելով վերանայել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (ՖԿՀՊԻ) հաշմանդամություն ունեցող անձանց ընդունվելու և ուսանելու պահանջները:

Հաշմանդամություն, հատկապես հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց ընդունելությունն այս բուհ ամբողջովին սահմանափակված է: Պատճառը բուժզննության եզրակացության անհրաժեշտությունը, նաև ընդունելության քննության պահանջներն են, օրինակ՝ վազք, եռացատկ, ձգումներ և այլն:

ԿԳ նախարարը հանձնարարել է մշակել քննությունների այնպիսի ծրագիր և գնահատման չափանիշներ, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց ևս հնարավորություն կտան ընդունվելու և սովորելու այդ բուհում:

Հանձնարարականը ստանալուց հետո ՖԿՀՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանը պատասխան նամակով դիմել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որում նշվում է, որ որպես խիստ մասնագիտացված և մանկավարժ-կադրեր պատրաստող բուհ` ուսումնառության ընթացքում ուսանողները յուրացնում են մոտ 46 մարզաձև, որոնցից են` ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը և այլն: Ուսումնական պլանով և առարկայական ծրագրերով նախատեսված մարզաձևերի յուրացումը, ըստ ռեկտորի, անհնարին կլինի իրականացնել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց կողմից:

«Հարգելով հաշմանդամություն ունեցող անձանց` մյուս քաղաքացիներին հավասար իրավունքներ ունենալը, և այնուամենայնիվ խտրականություն չդնելով հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց միջև, անհրաժեշտ է նշել, որ հաշմանդամություն ունեցող անձանց կրթությունը պահանջում է ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հատուկ ծրագիր, որը չունենք, ինչպես նաև չենք կարող ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթությունը կազմակերպելու պատշաճ պայմաններ»,- ավելացրեց ՖԿՀՊԻ-ի ռեկտորը:

ՖԿՀՊԻ-ի պրոռեկտոր Ֆրունզ Ղազարյանի կարծիքով` ինստիտուտը իրավասու կլինի մշակելու ծրագիր միայն այն դեպքում, երբ նման որոշում լինի Կառավարության կողմից:

«Եթե հաշմանդամություն ունեցող անձինք ցանկություն ունեն դիմելու և սովորելու ՖԿՀՊԻ-ում, պետք է նախևառաջ դիմեն կառավարությանը: Ես ամենաշատն եմ ուզում, որ մեզ մոտ սովորելու իրավունք ու հնարավորություն ունենան բոլորը, բայց դրա համար պետք է ստեղծվեն հատուկ պայմաններ, շենքը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար»,- նշեց ռեկտորը:

Disabilityinfo-ն փորձեց ԿԳՆ-ից պարզել, թե, ի վերջո, գործընթացը ո՞ր փուլում է, և կա՞ արդյոք որևէ առաջընթաց այս հարցում, սակայն այդպես էլ պատասխան չստացանք:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.