accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Սևանում դպրոցների հիմնանորոգման ընթացքում կկառուցվեն միայն թեքահարթակներ

0

Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեզ գրավոր տեղեկացրել էր, որ 2015 թ. համայնքի դպրոցներում իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ, որը ներառում է նաև մատչելի միջավայր ստեղծելու բաղադրիչը:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ Արմեն Զոհրաբյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ նախատեսված է հիմնանորոգել 4 դպրոց` Ծովագյուղի Մուրացանի անվան դպրոցը, Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան 3-րդ հիմնական դպրոցը, 4-րդ հիմնական դպրոցը և Լճաշենի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցը:

«Հիմնանորոգումը կատարվելու է դպրոցների տնտեսած միջոցների հաշվին: 10 օրից արդեն պարզ կլինի, թե այս դպրոցներից ո՛րն է հիմնանորոգվելու: Նախագծման փուլն ավարտվել է, ուղղակի պետք է ճշտել, թե դպրոցների ֆինանսական միջոցները որքանո՞վ են բավարար»,- հայտնեց Արմեն Զոհրաբյանը:

Թե որքանով են հիմնանորոգման աշխատանքներում հաշվի առնվելու ՀՀ քաղաքաշինության նախարարի` «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատման մասին հրամանի պահանջները, Ա. Զոհրաբյանը նշեց, որ խոսքը 2, 3 և 5 մլն դրամի մասին է, ինչը հնարավորություն չի տալիս ապահովելու բոլոր պահանջների կատարումը:

«Այդքան գումարով միայն թեքահարթակների շինարարական աշխատանքներ կարող ենք իրականացնել, վերելակ կամ այլ հարմարություններ հնարավոր չէ»,- ասաց բաժնի պետը:

Քաղաքապետի գրավոր տեղեկատվությունում նշված էր, որ Սևանում կան 8 հանրակրթական  դպրոցներ, որոնք շահագործման են հանձնվել նախորդ դարի 60-80-ական թվականներին և մատչելիության առումով չեն համապատասխանում ներկայիս պահանջներին:

Սևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանի խոսքով` Սևան քաղաքում գործում են չորս հիմնական, մեկ ավագ և երեք միջնակարգ դպրոցներ, իսկ ներառական կրթություն իրականացնում է միայն Վլադիմիր Կարապետյանի անվան 3-րդ հիմնական դպրոցը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.