accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Լիա Սայադյան

Disabilityinfo.am կայքի լրագրող, թարգմանիչ։ Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը և Վարշավայի պետական համալսարանը։

Թե ինչպես են չորս խոշոր ընկերությունները նվազեցնում աուտիզմ ունեցող անձանց գործազրկության տոկոսը

0

Աուտիզմ ունեցող անձինք աշխատանքի շատ քիչ հեռանկարներ են ունենում։ Համաձայն 2013 թ. ամերիկյան «Երեխաների և չափահասների հոգեբանության» ակադեմիայի ամսագրի զեկույցի` գործազրկությունը աուտիզմ ունեցող անձանց շրջանում բավական վաղ է սկսվում։ Նրանց 50%-ից ավելին սկսել է աշխատել դպրոցն ավարտելուց մոտավորապես 8 տարի անց միայն, այն էլ՝ կես դրույքով և ցածր աշխատավարձով։ Աուտիզմ ունեցող անձանց 20%-ն է միայն կարողացել լրիվ դրույքով աշխատանքի տեղավորվել:

Ընդհանուր առմամբ աուտիզմ ունեցող անձանց գործազրկության մակարդակը ամբողջ աշխարհում կազմում է 90%։ Տարածված կարծիք կա, որ նրանք ավելի քիչ մասնակցություն և ներդրում են ունենում աշխատանքում, քան հաշմանդամություն ունեցող այլ մարդիկ։

Սակայն դա այսպես չէ։ Ինչպես նշված է «Աուտիզմի և զարգացման հապաղումների մասին» ամսագրում 2014-ին հրապարակված զեկույցում, աուտիզմ ունեցող մարդկանց որոշ մասն ունի այնպիսի հատուկ հատկանիշներ, որոնք մեծ պահանջարկ ունեն գործատուների շրջանում, ինչպես, օրինակ` տեսողական ընկալումը և որոշակի իրավիճակներում կենտրոնանալու ունակությունը։

Հաշվի առնելով սա՝ բազմաթիվ մեծ ու փոքր կազմակերպություններ քայլեր են ձեռնարկում ոչ միայն աուտիզմ ունեցող անձանց աշխատանքի ընդունելու, այլ նաև նրանց կարողությունների և գիտելիքների զարգացմանը նպաստող միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, ինչից շահում է թե՛ գործատուն, թե՛ աշխատակիցը։

Autism Speaks («Աուտիզմն է խոսում») աուտիզմ ունեցող անձանց շահերի պաշտպանության կազմակերպության փոխնախագահ Լեսլի Լոնգն ասում է.

- Սա երկար գործընթաց է, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում իր ձեռքն է վերցրել TheSpectrumCareers.com ինտերնետային կայքը, որի նպատակը ներառական զբաղվածության քաջալերումն ու սատարումն է։ Շատ ավելին պետք է արվի, քանի որ գոյություն ունի մարդկանց մի մեծ խումբ, որը ներառական զբաղվածության կարիք ունի։

Ահա այն չորս խոշոր կազմակերպությունները, որոնք նոր ներառական աշխատատեղեր են բացել աուտիզմ ունեցող մարդկանց համար։

Freddie-Mac

1| Freddie Mac-ը ֆինանսական կազմակերպություն է, որը համալսարանը նոր ավարտած աուտիզմ ունեցող երիտասարդներին հնարավորություն է տալիս վճարովի փորձաշրջան անցնելու։ Ծրագիրն 2011 թ.-ից իրականացվում է «Աուտիզմ ունեցող անձանց շահերի պաշտպանության ցանցի» հետ համատեղ: Շրջանավարտները կարող են լինել տարբեր ոլորտներից՝ մաթեմատիկա, ֆինանսներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Wall Street Journal-ին տված հարցազրույցում Աարոն Քոհենը, ով ծրագրի ավարտից հետո առաջինն էր հիմնական աշխատանքի ընդունվել կազմակերպության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում, ասում է. «Սա հիանալի հնարավորություն է ինձ համար։ Ես սիրում եմ թվաբանության հետ գործ ունենալ։ Սա այն է, ինչը ես միշտ սիրել եմ անել»։

Freddie Mac-ի բազմազանության հարցերով կազմակերպիչ Ստեֆանի Ռոեմերը 2013-ին Reuters-ին տված հարցազրույցում ասել է. «Ծրագիրն իսկապես մեծ հաջողություն ունի։ Երկար ժամանակ տարածված կարծիք կար, որ աուտիզմ ունեցող մարդիկ չեն կարող որևէ ներդրում ունենալ կազմակերպություններում։ Սակայն իրականում նրանք շատ բան են առաջարկում մեր կազմակերպությանը, նրանք ոչ սովորական մտածելակերպ ունեն, ինչը նրանց դարձնում է արժեքավոր աշխատող»։

MICROSOFT

2| Անցյալ տարի Microsoft-ը հայտարարեց փոքր փորձնական ծրագիր, որի շրջանակում Specialisterne դանիական կազմակերպության հետ համագործակցությամբ հիմնական՝ լրիվ դրույքով աշխատանքի է ընդունելու աուտիզմ ունեցող անձանց։ Ծրագիրը սկսվել է մայիսից և կներգրավի 10 թեկնածուի։

- Microsoft-ն ավելի ուժեղ է դառնում, երբ մենք ընդլայնում ենք ներառական զբաղվածության հնարավորությունները։ Մենք հավատում ենք, որ դեռ չբացահայտված շատ ներուժ կա աշխատաշուկայում, և պատրաստ ենք բացահայտելու այն,- ասում է  Microsoft ընկերության փոխնախագահ Մարի Էլեն Սմիթը։

SAP

3| Գերմանական SAP ծրագրային կազմակերպությունը մեկն է այն խոշոր ընկերություններից, որոնք համագործակցել են Specialisterne դանիական կազմակերպության հետ և 2012-ին սկսել «Աուտիզմը՝ աշխատանքային նախաձեռնություններում» փորձնական ծրագրի իրականացումը Հնդկաստանում, իսկ ավելի ուշ` Իռլանդիայում։ Համաձայն Specialisterne-ի տվյալների՝ աուտիզմ ունեցող 6 անձինք աշխատանքի են ընդունվել որպես համակարգչային ծրագրերի փորձարկողներ։

SAP-ի ամերիկյան գրասենյակի ղեկավար Ժոզե Վելասկոն տեղեկացրել է, որ ծրագիրը կարող է շարունակվել՝ հասնելով Չեխիա, Բրազիլիա կամ մեկ այլ երկիր։

- Սա հասարակական պատասխանատվություն չէ։ SAP-ը արժևորում է այն բացառիկ կարողությունները, որոնք իրենց հետ աշխատավայր կարող են բերել աուտիզմ ունեցող մարդիկ,- ասել է նա։

WALGREENS

4| Չիկագոյի Դիըրֆիլդ թաղամասում գտնվող Walgreens խոշոր կազմակերպությունը Անդերսոնում (Հյուսիսային Կարոլինա) գտնվող իրենց մասնաճյուղում  նույնպես աշխատանքի է ընդունում աուտիզմ և հաշմանդամություն ունեցող մեծ թվով այլ անձանց դեռևս 2007-ից։ Փորձնական ծրագիրն այնքան մեծ հաջողություն է ունեցել, որ կազմակերպությունը դարձել է ամենաշատ արդյունաբերական արտադրանք ունեցող ընկերություններից մեկը և օրինակ է ծառայում այլ արդյունաբերական ձեռնարկությունների համար։

Ավելին՝ Walgreens-ը Էվանսթոնում (Իլինոյս) բացել է հանրախանութ՝ որպես աշխատատեղի մի հատված, որտեղ աուտիզմ և այլ հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան վերապատրաստվել։ Walgreens-ը պատրաստվում է իր խանութների ցանցում աուտիզմ ունեցող ավելի շատ մարդ ընդունել աշխատանքի։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.