accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

«Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» վերականգնողական բուժման ծրագիրը շարունակվում է

0

Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) դժվարացնում է մարմնի մկանների վերահսկողությունը: Այն ի հայտ է գալիս կյանքի առաջին տարիներին: ՄՈՒԿ-ը ազդեցություն է ունենում ոչ թե մկանների կամ նյարդերի, այլ ուղեղի վրա, որի հետևանքով առաջանում է շարժումներն ու կեցվածքը ճիշտ վերահսկելու և կառավարելու դժվարություն, ուստի ՄՈՒԿ ունեցող երեխաները դժվարանում են օգտագործել մարմնի որոշ մկանները:

Մեկնարկել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագրի 2015 թվականի տարեշրջանի ջրային թերապիայի երկրորդ փուլը։ Ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ  նախագիծն է, որը վերականգնողական բուժման կուրս է միայնակ մայրերի երեխաների համար, ովքեր ունեն մանկական ուղեղային կաթված։ Դեռևս անցյալ տարվանից ծրագրում ներառված են երևանաբնակ 17 երեխաներ։

«Մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար ծրագիր կազմակերպելիս միշտ փնտրում ենք նոր բաղադրիչներ, որ կարող են ավելի օգտակար լինել։ «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագիրն այս տարի էլ է երեք փուլով անցկացվելու։ Ամեն փուլը ավարտելիս զրուցում ենք ծնողների հետ. ինչպես մասնագետների, այնպես էլ ծնողների գնահատականը շատ կարևոր է համոզվելու համար, որ նախաձեռնությունը տեղին է և կազմակերպված է ճիշտ։ Ծրագիրը շարունակական է լինելու»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

Երեխաների վերականգնողական թերապիան իրականացնող մասնագետները յուրաքանչյուր երեխայի տվյալները նրանց հետ աշխատած ամեն ժամից հետո գրի են առնում, և տվյալների համեմատությունը ծրագրի դրական ազդեցությունը տեսանելի է դարձնում։

«Երեխաները ամբողջ տարին վերականգնողական տարբեր կուրսեր են անցնում։ Շարունակականությունը վերականգնողական բուժման առաջնահերթ պայմաններից է։ «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագիրը այդ ամբողջ ծավալի օղակներից է, որ հնարավորություն է ընձեռում չընդհատել այդ կարևոր շրջափուլը։ Այս տարվա առաջին փուլը՝ արտթերապիան, արդեն ավարտել ենք լավ արդյունքներով, որն էլ ավելի կամրապնդվի ջրային թերապիայով. ի դեպ, ջրային թերապիայի մեր մասնագետը վերջերս Գերմանիայում է վերապատրաստվել և դա անշուշտ կբարելավի թերապիայի որակը»,- նշել է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը։

Ջրային թերապիային հաջորդելու է կինեզոթերապիան՝ շարժումներով բուժումը, որը ևս հենաշարժական համակարգի վերականգնման և բարելավման եղանակներից է։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.