accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Ռոզա Պետրոսյան

Գյումրում ևս «Թումոն» բաց է բոլորի համար

0

«Թումոն» հասավ նաև Գյումրի: Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն առաջին տարում իր գործունեությունը կծավալի Գյումրու տեխնոպարկում ժամանակավոր հատկացված տարածքում՝ մանկավարժականի նախկին շենքում:

Նախատեսվում են անցկացնել վեց կողմնորոշիչ հանդիպումներ, որոնց նպատակը «Թումոյի» ծրագրերի, հիմնական ոլորտների, վարժանքների և դասընթացների ներկայացումն է և «Թումոյի» ապագա սաների և ծնողների հարցերին պատասխանելը: Հիմնական ոլորտները չորսն են՝անիմացիա, կայքերի մշակում, խաղերի և ֆիլմերի ստեղծում: Դրանցից զատ, ուսումնասիրվելու են նաև գրաֆիկական դիզայն, ծրագրավորում, 3D մոդելավորում, ռոբոտաշինություն, նկարչություն, երաժշտություն:

«Մենք ունենք մարզիչներ, որոնք կկարողանան հատուկ ուշադրության արժանացնել հաշմանդամություն ունեցող երեխաներին: Նոր մարզիչներին դեռ չենք ընտրել, բայց համոզված եղեք, որ նախապատրաստական աշխատանքների ժամանակ նրանց որոշակի խորհուրդներ կտրվեն՝ ի´նչ մոտեցում ցուցաբերել հաշմանդամության այս կամ այն տեսակն ունեցող երեխայի հանդեպ»,- վստահեցրեց «Գյումրի Թումոյի» ղեկավար Նարե Ավագյանը:

«Թումոյում» որևէ սահմանափակում չկա, բացի տարիքայինից: Միայն 12-18 տարեկաններին բախտ կվիճակվի դառնալ «Թումոյի» սան:

Գրանցումները սկսվել են հունիսի 1-ից: Տեխնոլոգիական կենտրոնը նախատեսված է 600-1000 երեխայի համար: Հաշմանդամություն ունեցող երկու սան ունի կենտրոնը: Չորրորդ կողմնորոշիչ հանդիպման տվյալներով տեղերի կեսից ավելի արդեն զբաղված է:

«Թումոն» անվճար է, կա միայն դեպոզիտ՝ կանխավճար, որը հետագայում վերադարձվում է: Գյումրում մեկ երեխայի համար կանխավճարը 3000 դրամ է, երկրորդ երեխայի դեպքում`1000 դրամ, երրորդի դեպքում՝ անվճար:

Գյումրու և հարակից շրջանների երեխաների առաջ «Թումոյի» դռները կբացվեն սեպտեմբերի 7-ից:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.