accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

«Ոսկե ծիրանի» հասանելիության մասին

0

Հուլիսի 12-ին մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը:

Disabilityinfo.am-ը ներկայացնում է իր դիտարկումներն այն մասին, թե որքանո՛վ են փառատոնի ֆիլմերը հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց համար, և ինչպես կարող են նրանք հաղորդակից լինել երևանյան կինոտոնին:

Փառատոնի ֆիլմերը ցուցադրվում են մայրաքաղաքի «Մոսկվա», «Սինեմա սթար», «Հայաստան», կինոթատրոններում, «Պողոսյան այգիներում», Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Տեղաշարժման դժվարություն ունեցող կինոսիրողների համար հարմարեցվել է «Մոսկվա» կինոթատրոնը, թեև տեղադրված թեքահարթակներից գրեթե ոչ մեկից հնարավոր չէ ինքնուրույն օգտվել: Վերելակի առկայությունը հեշտացնում է մուտքը երկրորդ և երրորդ հարկեր: Կինոթատրոնում չկան նաև հարմարեցված զուգարաններ: Այս ամենով հանդերձ սակայն, «Մոսկվան» մնում է միակ հարմարեցված կինոթատրոնը Հայաստանում:

Ինչ վերաբերում է վերջերս բացված «Հայաստան» կինոթատրոնին, ապա ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակումներից մեկում, այստեղ որևէ հարմարեցում չի արվել:

«Դալմա գարդեն մոլում» գործող «Սինեմա սթարը» ևս անմատչելի է:

«Պողոսյան այգիները» հարմար են տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար, այստեղ գործում է նաև հանրային զուգարան, որը հարմարեցված է սայլակ օգտագործողների համար:

Վերանորոգումից հետո Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը ևս հասանելի է տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար, ինչի մասին փաստում են մուտքի թեքահարթակը, դահլիճ մուտք գործելու հնարավորությունը և լայն սանհանգույցները:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ի սկզբանե մատչելի է բոլոր տեսակի միջոցառումների, այդ թվում նաև` կինոցուցադրումների համար:

Քանի որ փառատոնի ֆիլմերի բոլոր ցուցադրումները հայերեն և անգլերեն ենթագրերով են, դա եզակի հնարավորություն է տալիս ոչ միայն օտարալեզու կինոդիտողին, այլ նաև լսողության խնդիր ունեցող անձանց հաղորդակից լինելու փառատոնի ծրագրին:

Ինչ վերաբերում է տիֆլոթարգմանությանը, ինչը տեսողական տարրերի ձայնային մեկնաբանություն է, չկա որևէ կինոթատրոնում:

Հայաստանում դեռևս չեն մտածել այն նստատեղերի և տոմսերի մասին, որոնց համար վճարում է սայլակ օգտագործող և նստատեղից չօգտվող մարդը: Օրինակ` եթե կինոդիտողը սայլակով է, ապա վճարում է այն տեղի համար, որն ինքն այսպես թե այնպես չի զբաղեցնելու շարքում, փոխարենը սակայն որևէ տեղ չկա սահմանված իր համար:

Կինոփառատոնը կտևի մինչև հուլիսի 19-ը: Կինոփառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ «Ոսկե ծիրանի» պաշտոնական կայքում:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.