accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Հայտնի են բոչիայի բաց առաջնության հաղթողները

0

Հուլիսի 16-17-ը «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության մարզաճամբարային բազայում անցկացվեց բոչիայի բաց առաջնություն։ Նախաձեռնությանն աջակցել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Հաշմանդամություն ունեցող լոռեցի երիտասարդները` սպորտի և առողջ ապրելակերպի ջատագովներ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը «ՀՀ երիտասարդական մայրաքաղաք-2015» միջոցառումների մասն է կազմում։

Առաջնությանը թիմային և անհատական մրցակարգերով մասնակցեցին Լոռու մարզի և հանրապետության հաշմանդամություն ունեցող 30 մարզիկներ՝ 10 թիմերով (յուրաքանչյուր թիմում` 3-ական մարզիկ): Մասնակիցների թվում էին` Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի (Ստեփանակերտ), «Հայկական ճամբար» (Երևան), «Սկարպ» (Երևան), «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» (Վանաձոր), «Ագաթ» (Գյումրի, 2 թիմ), «Սատար» (Երևան), «Լիարժեք կյանք» (Լոռի, 3 թիմ) ՀԿ-ների բոչիայի թիմերը: Առաջնության գլխավոր մրցավարն էր Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը: 

2 օրերի լարված ու համառ պայքարի արդյունքում թիմային ու անհատական մրցակարգերում գրանցվեցին հետևյալ արդյունքները. թիմային մրցակարգում առաջնության 3-րդ հորիզոնականն զբաղեցրեց Արցախի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը, 2-րդ հորիզոնականում մայրաքաղաքի «Սատար» ՀԿ թիմն էր: 1-ին հորիզոնականում հայտնվեց Գյումրու «Ագաթ 2» թիմը՝ արժանանալով առաջնության փոխանցիկ գավաթին:

Անհատական մրցակարգում 3-րդ հորիզոնականում էր գյումրեցի Քրիստինե Կիրակոսյանը, 2-րդ հորիզոնականում՝ «Լիարժեք կյանք» նախագահ Սուրեն Մաղաքյանը:

ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանի բոչիայի բաց առաջնության հաղթողի տիտղոսին արժանացավ արցախցի Մանուշակ Մելքումյանը՝ նվաճելով առաջնության ոսկե մեդալը: Հաղթողի համար մրցանակ էր սահմանել նաև «Օրանժ» հիմնադրամը՝ Sony Ericson ֆիրմայի սմարթֆոն:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին հանձնվեցին մեդալներ և մրցանակներ «Լիարժեք կյանք» ՀԿ կողմից, առաջնության բոլոր մասնակիցներին՝ մասնակցության հավաստագրեր:

«Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը իր խոսքում կարևորեց նման առաջնությունները անցկացումը.

«Առաջնությունը նպատակ ուներ խթանելու Հայաստանում բոչիա մարզաձևի տարածումը՝ դրանով իսկ ապահովելով հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար` ներգրավվելու մարզական միջոցառումներում»:


Համառոտ տեղեկություններ բոչիա մարզաձևի մասին

1984-ին Նյու Յորքում անցկացված պարալիմպիկ խաղերից հետո բոչիան համարվում է պարալիմպիկ մարզաձև՝ նախատեսված ստորին և վերին վերջույթների հավասարակշռության խնդիր ունեցող անձանց համար: Խաղի արմատները գալիս են Հին Հունաստանից, որտեղ խաղացողները մեծ քարեր էին նետում դեպի թիրախ համարվող քարը: Բոչիա (boccia) անվանումը ծագում է լատիներեն bottia բառից, որ նշանակում է «գնդակ», և արտասանվում «բոտչա»: Ներկայում բոչիա խաղում են ավազով լցված գնդակներով` փորձելով գնդակները նետել թիրախ համարվող սպիտակ գնդակին որքան հնարավոր է մոտ: Հաղթողը որոշվում է թիրախին ավելի մոտ գցած գնդակների քանակով:

Բոչիան ավելի քան 50 երկրներում մեծ տարածում ունեցող հաշմանդամային մարզաձև է: Չնայած Հայաստան նոր է մուտք գործում, հետաքրքրությունն այս մարզաձևի նկատմամբ աստիճանաբար աճում է: Բոչիայի խաղերն անցկացվում են անհատական և թիմային մրցակարգով։ Հայաստանում առաջին անգամ բոչիայի առաջնություն անցկացվել է 2010-ին Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ, հաջորդիվ նման առաջնություններ անցկացվել են 2011-ին և 2013-ին` Արցախում` Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի և Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.