accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Զարուհի Բաթոյան

Կայքի նախկին խմբագիր, սյունակագիր

«Վտանգի տակ է անկախության տարիներին ձեռք բերված ամենաշոշափելի արդյունքը»

0

Վերջերս սոցցանցերում լայն տարածում են գտել դրամահավաքները, որոնք ուղղված են ողնուղեղի վնասվածք ստացած երիտասարդներին կամ զինվորներին արտերկրում «բուժելուն» և նրանց «ոտքի կանգնեցնելուն»: Այդ դրամահավաքները կազմակերպվում են հանրության լայն շերտերին ներգրավելու և մեծ գումարներ հայթայթելու համար:

Հակառակորդի կողմից հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Գևորգ Եղիազարյանի համար դրամահավաք կազմակերպողների հավաստմամբ` վիրավորված զինծառայողի վերականգնողական բուժման համար 56 հազար ԱՄՆ դոլար էր անհրաժեշտ: Գումարի մեծ մասը՝ 43 հազարը, հավաքվել էր քաղաքացիների կողմից: 2015-ի ապրիլի 30-ին կայացած կառավարության նիստի ընթացքում վարչապետը հորդորել էր կառավարության անդամներին գումար հատկացնել զինծառայողի բուժման համար: Մայիսին արդեն կառավարության անդամները փոխանցել էին մոտ 11 մլն դրամ: «Անկեղծ ասած, մտածում էի` երկար ժամանակ կպահանջվի գումարը հավաքելու համար, սակայն 45 օրում 56 հազար դոլարի փոխարեն 63 հազար դոլար հավաքվեց»,- ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Գևորգ Եղիազարյանը, ով շնորհակալություն է հայտնում նվիրատուներին և ՀՀ կառավարությանը, որը, ի դեպ, բացի բուժման գումարը փոխանցելուց տրամադրեց նաև 1 միլիոն դրամ ճանապարհածախսի համար:

Հիշեցնենք, որ վնասվել են Գևորգի ողներն ու ողնաշարը: Հարազատների խոսքով՝ նրա բուժումը հնարավոր էր միայն Իսրայելում: Զինվորը բուժման առաջին կուրսն արդեն անցել էր Իսրայելում, որի համար ՀՀ պաշտպանության նախարարությունը տրամադրել էր 70 հազար դոլար:

Չի կարելի ժխտել, որ բարեգործությունն իր դրական կողմերով հանդերձ նաև լուրջ ռիսկեր է պարունակում, ինչը հասարակական կազմակերպությունների և մասնագետների համար մտահոգության առիթ է դարձել:


Արմեն Ալավերդյան (Լուսանկարը՝ «Ունիսոն» ՀԿ ֆեյսբուքյան էջից)«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի խոսքով` իրենց բազմիցս դիմել են տարբեր վնասվածքներ և այլ խնդիրներ ունեցող մարդիկ, փորձելով գումար հայթայթել կամ տեղեկություններ տարածել արտերկրում բուժում ստանալու նպատակով:

«Մեզ դիմել են` խնդրելով առնվազն մեր կայքի, մեր ֆեյսբուքյան էջի միջոցով տարածել դրամահավաքի խնդրանքը, նպատակը: Ցանկանալով աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց` միշտ ճշտող հարցեր եմ տվել` ի´նչ ախտորոշում ունի, ո´ր կլինիկայում է հետազոտվել, կամ ի´նչ արտասահմանյան հիվանդանոց կամ կենտրոն է, որը պատրաստ է գոնե ընդունելու, եթե նույնիսկ չեն երաշխավորում, ապա գոնե հույս են տալիս, որ իրագործելի է: Եվ բոլոր դեպքերում պատասխանն ինձ համար գոհացուցիչ չի եղել, ստանդարտ էպիկրիզներ են ցույց տվել, որոնք ոչինչ չեն ասում այդ երաշխավորության մասին: Իսկ մեզ հայտնի է, որ աշխարհում միլիոնավոր մարդիկ չեն կարող ոտքի կանգնել, եթե ունեն ողնուղեղի ամբողջական վնասվածք»:

Արմեն Ալավերդյանի հավաստմամբ` երբ ինքը հարցականի տակ է դնում արդյունավետությունը, հատկապես, երբ վնասվածքից հետո տարիներ են անցել, ապա լավագույն դեպքում խոր հիասթափության է հանդիպում մարդկանց մեջ, վատագույն դեպքում` նույնիսկ սպառնալիքներ լսում իր հասցեին: «Երկու օր առաջ մի կնոջից լսեցի, որ ես շատ չար մարդ եմ և այդ պատճառով գամված եմ սայլակին, իսկ իր ամուսինը չար չի և անպայման ոտքի կկանգնի»:

Ալավերդյանի խոսքով` եղել են դեպքեր, երբ մարդը ուզում է հարմարեցում անել տանը կամ ստեղծագործություններ հրատարակել, իրենք մեծ սիրով կա´մ տարածել են տեղեկությունը, կա´մ կազմակերպության ունեցած կապերով փորձել են օգնել, քանի որ ցանկությունը իրատեսական և իրագործելի է եղել:

«Իսկ վերջին դեպքը, որ ինձ հետ պատահեց, մարդիկ բացահայտորեն նշում են, որ նպատակը ոչ թե բուժումն է, այլ Կարմիր խաչին բուժման համար դիմելը, այսինքն` բացելով փակագծերը դա նշանակում է ապօրինի մուտք գործել երկիր, ձեռք բերելով մի ուղղությամբ ավիատոմս, տեղափոխվել, հանձնվել Կարմիր խաչին, հետո ինչ կլինի` կլինի, կարևորը` այնտեղ հասնեն: Դա արվում է բացահայտորեն, և երևի որոշ մարդիկ պատրաստակամ են դրա համար գումար վճարել: Ցավոք, կան շատ այլ դեպքեր, որտեղ մեր աջակցությունն իսկապես անհրաժեշտ է»,- հավելում է «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրենը:

Արմեն Ալավերդյանին այս ամենի մեջ մտահոգում է երկու հարց` «նախ, որ մարդկային և ֆինանսական ռեսուրսները, մարդկանց բարությունն ու վստահությունն ուղղվում են անիմաստ բանի վրա, ոչ թե հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ»: Եվ երկրորդ` այդ նախաձեռնությունները բացասական ազդեցություն են ունենում հաշմանդամություն ունեցող անձանց կերպարի վրա. «Ինձ համար առավել ցավալի և մտահոգիչ է, որ մենք անկախության տարիներին ձեռք բերեցինք մի շոշափելի արդյունք, երբ դրսում հանդիպելով հաշմանդամություն ունեցող անձանց` մարդիկ անմիջապես չեն ենթադրում, որ նպատակը ողորմություն կամ աջակցություն խնդրելն է: Եվ այդ ամենաշոշափելի և կարևոր ձեռքբերումը մենք վտանգի տակ ենք դնում, քանի որ մարդիկ փողոցներում նորից տեսնում են փող մուրացող հաշմանդամություն ունեցող մարդկանց, հատկապես սայլակ օգտագործող: Հաշմանդամության փաստի, հատկապես զինվորական հաշմանդամության փաստի չարաշահման պատճառով մենք կարող ենք կորցնել այդ ձեռքբերումը»:


«Սկարպ» ՀԿ նախագահ Աշոտ Մկրտչյանի խոսքով` արտերկրում բուժվելու նպատակով հիմնականում իրենց օգնությանն են դիմում անիրազեկ մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենց բուժման համար միակ խնդիրը փողն է. «Մեր երկար տարիների փորձը թույլ է տալիս հասկանալու, թե ով ինչի համար է դիմում: Մենք այն կազմակերպությունը չենք, որ կարողանանք գումար տրամադրել, բայց մեր փորձը հնարավորություն է տալիս մարդկանց ճիշտ խորհրդատվություն տրամադրելու, մասնագետների հետ ծանոթացնելու, ովքեր հավաստի տեղեկություն կտան և այլն»:

Աշոտ Մկրտչյանը (Լուսանկարը՝ «Լռության ձայն» ֆեյսբուքյան էջից)Ինչ վերաբերում է վերականգնողական բուժմանը, Աշոտ Մկրտչյանն իր փորձով փաստում է, որ Հայաստանի «Գրացիա» հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում 1994-1996 թվականներին ստացել է այն տեղեկությունները, որն անհրաժեշտ է եղել իրեն առաջնային առողջության պահպանման համար: «Ես վաղուց չեմ եղել Կարմիր խաչում, էնտեղ գուցե շատ խոր ռեաբիլիտացիա չկա, բայց մարդը շատ կարևոր հմտություններ և ինֆորմացիա կարող է ստանալ, որը պետք է ողնուղեղի վնասվածք ստացած մարդուն, և որը նա ոչ մի ուրիշ տեղ չի ստանա»,- նշում է Աշոտ Մկրտչյանը և որպես արդյունավետ բուժիչ կենտրոն նշում է Ղրիմի Սակի քաղաքի առողջարանները, որտեղ հասնելու և բուժում ստանալու համար աստղաբաշխական գումարներ պետք չեն: «Սկարպ» ՀԿ նախագահի խոսքով` ինքնաթիռի տոմսի, ներառյալ վերականգնողական բուժման համար մոտ 2000 ԱՄՆ դոլար է պետք:

«Դրամահավաքն արդարացված է, եթե մարդը գիտի կոնկրետ բժշկի, որը կարող է վիրահատել իրեն և երաշխավորել է, որ արդյունքը գոհացուցիչ կլինի, բայց գումարի խնդիր կա: Սա այլ հարց է, բայց աչքերը փակ գնալ արտերկրում բուժվելու` անիմաստ եմ համարում: Ժամանակին ես նույնպես իմ բժշկական թղթերն ուղարկել եմ արտասահման և ստացել եմ բժշկի հստակ պատասխանը, թե վիրահատությունից հետո ինչ աստիճանի փոփոխության կենթարկվեմ: Կարծում եմ` հիմա չկա էդպիսի խնդիր, որ չկարողանաս թղթերդ ուղարկել ցանկացած կլինիկա, և չկարողանան քեզ կոնկրետ պատասխան տալ`կարո՞ղ են արդյունքի հասնել, թե՞ ոչ»:

Աշոտ Մկրտչյանի կարծիքով` հենաշարժական խնդիր ունեցող մարդիկ իրականում ունեն լավ և հավաստի տեղեկատվության կարիք այն մասին, թե ինչպես պահպանել առաջնային առողջությունը, հիգիենայի կանոնները, ինչպես իրենց չվնասել, արյան շրջանառությունը կարգավորել և այլն: Նրա կարծիքով` շատերի տանը, համայնքում, բակում պետք է ստեղծել հարմարություններ, որ մարդիկ դժվարությունների չհանդիպեն: «Եթե մարդիկ ուզում են օգնել, ապա գումարները կարող են ուղղել նրան, որ մասնագետներ ներգրավեն, ովքեր, օրինակ` կասեն, այս կամ այն փոփոխությունների դեպքում դժվարություններ չեն լինի կենցաղում`սկսած անկողնուց մինչև սանհանգույցից և բաղնիքից օգտվելը, տանից ինքնուրույն դուրս գալու և վերադառնալու հմտությունները և այլն: Բավականին մեծ թվով մարդիկ այս ինֆորմացիայի պատճառով առօրյա շատ դժվարություններ ունեն: Սա ես առաջնահերթ եմ համարում, քանի որ դրանց բացակայության դեպքում մարդուն թվում է, թե ինքը ամենադժբախտ մարդն է»:

ԱՀԿ-ողնուղեղ

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարային ախտաբանության ծառայության ղեկավար, օրթոպեդ Կարապետ Մոմջյանը մեր այն հարցին, թե արդյոք կա՞ն ողնուղեղի վնասվածքներ կամ կոտրվածքներ, որոնք հնարավոր է բուժել կամ վերականգնել, պատասխանում է.

«Կախված է ողնաշարի վնասվածքից` ո´ր մասն է վնասված, ի´նչ աստիճանի, ոսկրաբեկորների տեղաշարժն ինչքա´ն է, հարակից վնասվածքներ կա՞ն, թե՞ ոչ և այլն: Շատ գործոններ կան, որոնք վճռորոշ են: Հիմնականում ամեն ինչ կախված է նրանից, թե ողնուղեղը որքա´ն է վնասվել: Պարանոցի վնասվածքներն ամենածանրն են, նրանց 80 տոկոսը տեղում մահանում է, մյուս 20 տոկոսի 80 տոկոսը ծանր հաշմանդամություն է ունենում, մի փոքր մասը գուցե քիչ թե շատ վերականգնման հնարավորություն է ունենում»:

Կարապետ Մոմջյան (Լուսանկարը՝ Doctors.am-ի)Մեր այն հարցին, թե որտե´ղ են ավելի լավ ցուցաբերում այդ օգնությունը կամ արդյունավետ բժշկական միջամտություն կատարում, նյարդավիրաբույժը պատասխանում է. «Չկա այդպիսի բան, որ այստեղ լավ են անում, այնտեղ` վատ, շատ բան կախված է մարդու տեղափոխությունից, արդյոք ճի՞շտ են տեղափոխել, լրացուցիչ վնասվածք առաջացրե՞լ են, թե՞ ոչ, ի՞նչ դեղորայք են արել և որքա՞ն շուտ են վիրահատել: Վնասվածք ստանալուց հետո առաջին 6-8 ժամերի ընթացքում բարդ վիրահատության դեպքում հնարավոր է որոշակի արդյունավետության հասնել: Դրանից հետո շանսերն ավելի նվազում են»:

Կարապետ Մոմջյանի կարծիքով` Գերմանիան և Իսրայելն այն երկրներն են, որտեղ ամեն ինչ ուզում են վիրահատել, որպեսզի փող աշխատեն: Մասնագետի համոզմամբ` առաջնահերթը դա է: Ինչը չի կարելի ասել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ մեկ այլ երկրի մասին: «Իմ կարծիքով` այստեղ ֆինանսական առաջնահերթությունն է դեր խաղում, նրանք չեն հրաժարվում ոչ մի հիվանդից, կօգնե՞ն, թե՞ ոչ` կարևոր չէ, որովհետև նրանք, որպես կանոն, որևէ պատասխանատվություն չեն ստանձնում: Մինչ օրս այն մարդիկ, ովքեր գնացել են, ոչ մի լրացուցիչ բան չեն արել, բացի ֆիզիոթերապիայից, ինչի արդյունքը նույնն է, ինչ այստեղ, ոչնչով չի տարբերվում: Ես նույնիսկ հիվանդ եմ ունեցել, որը պայմանավորվել է, գնացել Գերմանիա, այնտեղ տեսել է, որ նույնն են անում, ինչ Հայաստանում, գումարները հետ է վերցրել և վերադարձել»:

ԱՀԿ ողնուղեղ փաստ

35-ամյա Լիանան (անունը փոխված է) ողնաշարի վնասվածք է ստացել պարանոցի հատվածում (5C 6 ողների) և 1995 թ. կրկնակի վիրահատության է ենթարկվել ԱՄՆ-ում: «Ինձ Հայաստանում չվիրահատեցին, ստուգումներ անցկացրեցին, ասացին` վիրահատության կարիք չկա: Բայց բժշկական թղթերս ուղարկել էինք արտասահման, և տարբեր մասնագետներ դրսից ինձ վստահեցրին, որ վիրահատություն է անհրաժեշտ, քանի որ կոտրված ող կա, որը ճնշում էր ողնուղեղս: Բարեգործական մի կազմակերպության օգնությամբ գնացի ԱՄՆ և վիրահատվեցի: Մինչև վիրահատությունը ինքնազգացողությունս վատ էր, քրտնում էի, թույլ էի, որոշ խնդիրներ կային, որ վիրահատությունից հետո թեթևացան»,- նշում է Լիանան և ավելացնում, որ ինքը ինտերներում միշտ հետևում է նորություններին և դեռ չի լսել, որ որևէ մեկը պարանոցի հատվածի վնասվածքով բուժվել է:


«Այժմ 22-ամյա Սամվելը գամված է անվասայլակին և կյանքին վտանգ է սպառնում: Նրա մոտ ողնաշարի C6 և C7 ողների բազմակտոր կոտրվածք է և ողնուղեղի ամբողջական վնասվածք, որի պատճառով էլ չի կարողանում քայլել, արդեն նաև՝ երկար նստել: Սամվելի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է 7000 եվրո գումար»: Այսպիսի տեքստով մեկ այլ դրամահավաք է իրականացվում այս օրերին: Սամվելը վիրավորվել է 2012-ի մայիսին` զինվորական ծառայության ժամանակ, ինչպես ինքն է ասում` պատահականորեն հրազենային վնասվածք է ստացել:

Սամվելը (Լուսանկարը՝ Սամվելի ֆեյսբուքյան էջից)Մեր այն հարցին, թե ինչո´վ է պայմանավորված դրամահավաքի գումարի չափը, Սամվելը պատասխանեց. «Էդ նրա համար է, որ ես ու կինս հասնենք Գերմանիա, դիմենք Կարմիր խաչին, իրավաբան ունենանք, և կատարեն իմ վիրահատությունը: Գերմանիայում կատարվելու է ողնուղեղի փոխպատվաստում, արդյունքում չիպավորում է կատարվելու, ինչի արդյունքում սկսելու եմ վերջույթներս զգալ: Դրանից հետո արդեն ֆիզիոթերապիայի և հիպոթերապիայի միջոցով ոտքի կկանգնեմ: Գերմանիայի Կարմիր խաչի կլինիկան 95 տոկոս հավանականություն է տվել իմ քայլելուն»:

Մեր այն հարցին, թե արդյոք գերմանական կլինիկան այդ մասին փաստող կամ արդյունքը երաշխավորող որևէ փաստաթուղթ տվե՞լ է, Սամվելը պատասխանեց, որ Կարմիր խաչը փաստաթուղթ չի տալիս, քանի որ պետական կլինիկա չէ. «Իմ փաստաթղթերը, էպիկրիզը ներկայացրել են, նրանք ասել են` տեղափոխեք իրեն այստեղ, մենք ամեն ինչի մասին կհոգանք: Մոտավորապես երկու տարի ժամկետում են խոստացել դա իրականացնել, որովհետև միայն պարանոցի խնդիր չէ, ես նաև ոտքերի ու ձեռքերի ձգվածություն ունեմ, որը պետք է հիպոթերապիայի միջոցով ուղղել»,- ավելացնում է Սամվելը:

Այն հարցին, թե ինչպե´ս է վերաբերվում դրամահավաքի հասցեին հնչեցված քննադատություններին, Սամվելը պատասխանեց. «Մարդիկ կան, որ արդեն երկար ժամանակ է հաշմանդամություն ունեն և դեռ չեն գտել իրենց հարցի լուծումը, կամ մանկուց է իրենց մոտ, դրա համար իրենք մարդկության հանդեպ չարացել են: Բայց դա ինձ ոչինչ չի ասում, ես մարդկանց կարծիքներից չեմ վախենում, որովհետև իմ ընկերներն ու ինձ օգնողներն ավելի շատ են: Օրինակ` իմ հաջողությունները, այն, որ ես ամուսնացել եմ, ընտանիք եմ կազմել, նման այլ շատ բաներ կան, որոնց հաշմանդամություն ունեցող մարդիկ նախանձում են: Ես նրանց լուրջ չեմ վերաբերվում, ոչ էլ մեղադրում եմ, ամեն մարդ ունի իր կարծիքը ու խոսքի ազատության իրավունք, թող իրենք բարձրաձայնեն, ես էլ կհիմնավորեմ իմ քայլերը: Երբ ես երկու տարի հետո վերադառնամ Հայաստան, շատ մարդկանց շատ բան ապացուցած կլինեմ»:


Սամվելի խոսքով` զինվորական հոսպիտալում բուժում անցնելուց հետո «Մուրացան» հիվանդանոցային համալիրում իրեն վիրահատել է Արման Հակոբյանը, ով այժմ «Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարային վիրաբուժության կենտրոնի ղեկավարն է: Արման Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց.

Արմեն Հակոբյանը (Լուսանկարը՝ «Շանթ» Հ/Ը «Մի՛ վնասիր» հաղորդաշարի)«Ցավն այն է, որ հաշմանդամություն ունեցող ցանկացած մարդ, ցանկացած հիվանդ ուզում է գտնել բուժվելու ինչ-որ հնար, դա բնորոշ է բոլոր մարդկանց: Մեր այսօրվա կայքերը հեղեղված են թյուրիմացություններով, այնպիսի ինֆորմացիայով, որը խայտառակություն է: Ինչքան հաշմանդամություն ունեցող մարդ գիտեմ, խորին համոզմունք ունեն, որ Իսրայել կամ Գերմանիա գնալով, կհասնեն ինչ-որ բանի: Իրականությունն այդպես չէ: Սա մեկ: Երկրորդ` կան դեպքեր, որ պետք է պարզապես ընդունել` գիտությունն ամբողջ աշխարհում դեռ չի հասել էն մակարդակին, որ վնասված ողնուղեղը հնարավոր լինի վերականգնել»:

Ինչ վերաբերում է արտերկրում բուժվելուն, վիրաբույժը նշում է, որ հնարավոր վիրահատական միջամտությունների 80-90 տոկոսը կարելի է կատարել Հայաստանում: Իսկ եթե բան կա, որ հնարավոր չէ կատարել մեր երկրում, նա շատ ավելի նպատակահարմար է համարում այդ նույն գումարի կեսը ծախսել արտերկրից մասնագետ և համապատասխան սարքավորում բերելու և տեղում վիրահատելու համար:

«Կարծում եմ` դա ավելի ճիշտ է, քան հիվանդներին հերթով ուղարկել արտասահման` 50-60 հազար եվրոյի հաշիվ ներկայացնելով հիվանդի հարազատին կամ պետությանը»,- հավելում է Արման Հակոբյանը և նշում, որ Հայաստանում ամենամեծ խնդիրը վերականգնողական բուժումն է: «Եղել են դեպքեր, որ հիվանդ են ուղարկել Իսրայել, վճարելով 30 հազար դոլար, որպեսզի հիվանդին պառկած դիրքից նստեցնեն: 10 նման հիվանդի գումարով Հայաստանում կարելի էր կազմակերպել բոլոր խավերի համար համապատասխան վերականգնողական բուժում իրականացնող կենտրոն:

Ինչ վերաբերում է ողնուղեղի փոխպատվաստմանը, Արման Հակոբյանը շեշտեց` «Չկա նման բան, դա ինտերնետային հեքիաթ է»: Զինծառայության ընթացքում վնասվածք ստացած անձանց բուժմանը վիրաբույժը չանդրադարձավ, նշելով, որ դա քննարկման ենթակա չէ, և միայն ՊՆ-ի թույլտվությամբ կարող է խոսել հարցի մասին: Նա վերջում հավելեց` «Բոլոր նրանց, ովքեր ողնուղեղի վնասվածք ունեն, պետք է պատրաստել, ասել, որ դա հնարավոր չէ վերականգնել, որպեսզի ո´չ իրենք, ո´չ նրանց հարազատները թյուրիմացության մեջ չընկնեն»:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.