accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Հայաստանյան հանգստյան տների բացակա հարմարությունների մասին

0

Հատկապես ամռան ամիսներին հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կարևորություն է ստանում հանգստի կազմակերպման հարցը: Առօրյա միջավայրի հարմարություններից բացի անհրաժեշտ է, որ հանգստյան տները ևս մատչելի լինեն նրանց համար: Իսկ մատչելի հանգստյան տուն կամ հյուրանոց ասելով հասկանում ենք թեքահարթակներ, վերելակներ, հարմար սանհանգույց, բրայլյան համակարգով ցուցանակներ, մի խոսքով՝ տարածք, որտեղ տարբեր հաշմանդամություն ունեցող մարդիկ կկարողանան առանց խոչընդոտների կազմակերպել ժամանցը:

Որքանո՞վ է հնարավոր լիարժեք հանգստանալ Հայաստանում, ի՞նչ հնարավորություններ ու հարմարություններ կան հաշմանդամություն ունեցող մարդկանց համար.

«Հայաստանում բազմիցս հանգստացել եմ, եղել եմ Ծաղկաձորի «Ռոսիա», «Ալպինա», «Արմենիա Մարիոթ» հյուրանոցներում, սպորտային համալիրում: Բոլոր հյուրանոցներում էլ ինձ հարմարավետ ու հանգիստ եմ զգացել: Դիլիջանում էլ Կոմպոզիտորների տունն է դուր եկել, որտեղ ինձ համար ամենահաճելին դաշնամուրն էր, որովհետև կարողանում էի երեկոյան ժամերին նվագել»,- ասում է «Հարմոնիա» կույր անձանց հասարակական կազմակերպության նախագահ Ալբերտ Աբգարյանը: Նա նշում է, որ ի տարբերություն արտասահմանյան հյուրանոցների, մեզ մոտ վերելակներում բացակայում են բրայլյան նիշերը, որը կարևոր է իր և տեսողության խնդիր ունեցող մյուս մարդկանց համար: Ալբերտը նշում է, որ հանգիստը պլանավորելիս տուրիստական գործակալությունների առաջարկից չի օգտվում, որովհետև միշտ չէ, որ նրանց առաջարկը համապատասխանում է իրականությանը:

Հանգստյան գոտիներում հենաշարժական խնդիրներ ունեցող մարդկանց հանդիպող դժվարությունների մասին սեփական փորձից ելնելով դիտարկումներ է անում «Սկարպ» ՀԿ նախագահ Աշոտ Մկրտչյանը. «Հայաստանում ամբողջությամբ հարմար հանգստյան գոտիներ, հյուրանոցներ չկան: Կարող եմ Դիլիջանի «Հաղարծին» հյուրանոցի օրինակով ասել, որ երբ սայլակ օգտագործող մարդ է իրենց այցելում, փորձում են հարմարություններ ստեղծել ու տախտակներով ժամանակավոր թեքահարթակներ են տեղադրում, սակայն, օրինակ` դռների ու սանհանգույցի հարցը այդկերպ լուծել չեն կարող»:

ՀԿ նախագահը նշում է, որ հարմար միջավայրի բացակայության պատճառը ոչ թե կամքի դրսևորման, այլ ինֆորմացիայի պակասն է, որովհետև բոլորի համար հարմար միջավայրի ապահովման շնորհիվ նրանք միայն կշահեն, ու հաճախորդների թիվն ավելի կմեծանա:

«Արտասահմանում հանգստանալու համար գործակալությունների չեմ դիմում: Ինչով ու ինչպես ուզում ես գնա՝ մարդիկ հարմարեցրել են: Ինչքան եղել եմ դրսում, մատչելի միջավայր գտել եմ: ԱՄՆ-ում, Ղրիմում ևս հանգստանալու առիթ եմ ունեցել և պետք է նշեմ, որ այնտեղ էլ միջավայրը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար»,- ասում է Աշոտ Մկրտչյանը:

Նա նշում է, որ, օրինակ, ԱՄՆ-ում նույնիսկ ծիծաղելի էր հնչում, երբ հարցնում էր հարմարությունների մասին, որովհետև այնտեղ որևէ բան կառուցելիս հաշվի են առնում բոլորի կարիքները, ամեն ինչ ըստ դրա են նախագծում:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.