accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Ջրային ատրակցիոններ` հաշմանդամություն ունեցող մարդկանց համար

0

Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) դժվարացնում է մարմնի մկանների վերահսկողությունը: Այն ի հայտ է գալիս կյանքի առաջին տարիներին: ՄՈՒԿ-ը ազդեցություն է ունենում ոչ թե մկանների կամ նյարդերի, այլ ուղեղի վրա, որի հետևանքով առաջանում է շարժումներն ու կեցվածքը ճիշտ վերահսկելու և կառավարելու դժվարություն, ուստի ՄՈՒԿ ունեցող երեխաները դժվարանում են օգտագործել մարմնի որոշ մկանները:

Ամռան տապին ժամանցի հիանալի տարբերակ են լողավազանները և ջրային ատրակցիոնները, որոնք կարող են հարմար լինել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար: Դրա վառ օրինակը ԱՄՆ-ի Walt Disney World Water Parks-ն է:

Մատչելի ջրաշխարհԱյնտեղ ջրային ատրակցիոններից կարող են օգտվել նաև սայլակ օգտագործող մարդիկ: Սայլակը ամրագոտիներով ամրացվում է փչովի նավակին ու սայլակին նստած մարդը դրանով կարող է ջրային խողովակներով հեշտությամբ ցած սահել: Ատրակցիոնների սպասարկող անձնակազմն անհրաժեշտության դեպքում սայլակ չօգտագործող, սակայն հենաշարժական խնդիրներ ունեցող մարդկանց սայլակ է տրամադրում: Պետք է նշել, որ ամբողջ համալիրն է հարմար սայլակով շրջելու համար: Բացի ջրայինից, այլ ատրակցիոններ ևս կան, որոնցից հնարավոր է սայլակներով օգտվել:
Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ծառայություններ ունի նաև Դուբայի Wild Wadi պարկը:

Մատչելի ատրակցիոնԱտրակցիոններից զատ, մատչելի կարող են լինել նաև լողավազանները, որոնց մատչելիության թերևս ամենագլխավոր նախապայմանը հատակն է, որը չպետք է սահող լինի: Մատչելի լողավազանները նաև թեքահարթակ են ունենում, լողավազաններին կից սարքեր են տեղադրվում, որոնք հաշմանդամություն ունեցող մարդկանց նստած դիրքում, սայլակով կամ այլ ամբարձիչով իջեցնում են ջրի մեջ` ապահովելով մարդու անվտանգությունը:
Օրինակ՝ մանկական ուղեղային կաթված, տեղաշարժվելու դժվարություն ունեցող մարդիկ, ովքեր ջրում հավասարակշռությունը պահելու կամ շարժվելու խնդիր ունեն, կարող են հատուկ փրկարար բաճկոն հագնել, որոնք ի տարբերություն սովորական օղակների` ամրագոտիներով ֆիքսում են մարդու պարանոցը, մեջքը, ձեռքերը, և կանգնած, կիսանստած դիրքում մարդը կարող է ջրում մնալ:

Ջրաշխարհ

Հայաստանում ջրային ատրակցիոններից կարելի է օգտվել 2001-ին Երևանի կենդանաբանական այգու հարևանությամբ բացված «Ջրաշխարհում»: Ժամանցի համալիրը զբաղեցնում է 2,5 հեկտար տարածք:

«Ջրաշխարհի» բացօթյա տարածքում կան 2 մեծ, 1 մանկական և 1 VIP լողավազաններ, 3 սահուղի: Այստեղ ձմռանը ևս կարելի է ժամանակ անցկացնել, որովհետև ամենամեծ ջրավազանը տարվա ամենացուրտ եղանակին վերածվում է 500 մ2 տարածքով սահադաշտի:

«Ջրաշխարհի» լողավազանները չունեն օժանդակ սարքեր տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդկանց համար: Աշխատակիցները նշում են, որ հաշմանդամություն ունեցող այցելուներ ունեցել են, սակայն նրանց համար հատուկ որևէ բան արված չէ: Նրանք VIP գոտում են հանգստանում, որտեղ կարողանում են սայլակից իջնել ու պառկել ծածկի տակ:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.