accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Թովմասյան

Մարզային թղթակից

Այստեղից է սկսվում հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը հասարակություն

0

Յուրաքանչյուր երեխա պետք է հնարավորություն ունենա ընդգրկվելու նախադպրոցական ուսումնական հաստատություն, քանի որ կրթության համակարգում նախադպրոցական կրթությունը շատ կարևոր օղակ է, և հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը հասարակական կյանքի բոլոր բնագավառներ հենց այստեղից պետք է սկսել: Ոչ միայն մանկապարտեզը պետք է պատրաստ լինի երեխային ընդունելու, այլև ծնողը պետք է հասկանա, ընդունի, որ իր երեխան բոլոր երեխաների պես կրթվելու, զարգանալու և հասարակական շփումների կարիք ու իրավունք ունի:

Անի և Նարեկ Խաչատրյանները Արմավիր քաղաքի 12-րդ մանկապարտեզի սաներ են: Երեխաները սովորելու դժվարություն ունեն և մանկապարտեզ հաճախելու առաջին իսկ օրվանից օգտվում են զեղչային համակարգից, որ սահմանել է Արմավիրի քաղաքապետարանը:

Մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանի հետ զրույցից պարզվեց, որ դաստիարակները, ովքեր աշխատում են հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, որևէ հատուկ վերապատրաստում չեն անցել: «Դաստիարակները պարզապես ավելի շատ ուշադրություն ու ժամանակ են տրամադրում հաշմանդամություն ունեցող երեխաներին, – նշեց տիկին Ռոզան:

Նարեկի և Անիի դաստիարակը՝ ընկեր Սիրանուշը, խոստովանում է, որ դժվար էր զույգերի հետ աշխատել հատկապես սկզբնական շրջանում, երբ երեխաները, լինելով 3 տարեկան, չէին խոսում և հասկացնում էին միայն ժեստերի լեզվով: «Այս տարի հսկայական առաջընթաց է նկատվում երեխաների մոտ Արմավիր քաղաքում գործող «ԱրԲԵՍ» առողջության կենտրոն հաճախելուց հետո, սկսել են խոսել, արդեն ոտանավոր են արտասանում հանդեսների ժամանակ»,- նկատում է դաստիարակը:

Նարեկն ու Անին այդպես էլ չցանկացան զրուցել ինձ հետ, փոխարենը նրանց մայրը պատմեց կենտրոնում տարվող զարգացնող աշխատանքների մասին, որ տալիս են իրենց դրական արդյունքը: «Երբ իմացա կենտրոնի մասին, տարա երեխաներին, բայց ընդամենը մի քանի անգամ, քանի որ չկարողացանք վճարել ծառայությունների դիմաց: Այնուհետև, երբ տղայիս առողջական խնդրով տարա Երևանի «Արաբկիր» բժշկական համալիր, այնտեղից երեխաներին ուղեգրով ուղարկեցին Արմավիրի «ԱրԲԵՍ» առողջության կենտրոն: Արդեն 2 ամիս է, ինչ անվճար հաճախում ենք՝ շաբաթը 2 անգամ: Շուտով երեխաների հետ, բացի զարգացնող աշխատանքներից, նաև հոգեբան կսկսի աշխատել՝ ըստ «Արաբկիր» բժշկական համալիրի ցուցման, քանի որ երեխաների խնդիրը նյարդային համակարգի հետ է կապված»,- պատմում է զույգերի մայրը:

Մանկապարտեզ12-րդ մանկապարտեզ է հաճախում ևս երկու երեխա, որ հաշմանդամություն ունեն, բայց չեն օգտվում ուսման վարձի զեղչից, քանի որ ծնողները չեն դիմել երեխաների հաշմանդամությունը ճանաչելու համար: Մանկապարտեզի տնօրենի և դաստիարակի՝ ընկեր Արմինեի կարծիքով՝ ծնողները չեն ցանկանում այդ փաստն ընդունել, թեև խնդիրն առավել քան ակնհայտ է, քան զեղչից օգտվող երեխաների դեպքում: Մանկապարտեզի տնօրենը կամ դաստիարակը երբևէ այս մասին չեն խոսել ծնողների հետ. իրենց թույլ չեն տվել կամ վախեցել են վիրավորելուց, նույնիսկ՝ վիրավորանք ստանալուց:

Դաստիարակը խոստովանեց, որ իսկապես դժվար է աշխատել, երբ խմբում երեխաներից մի քանիսը հատուկ ուշադրության ու ավելի շատ ժամանակի կարիք ունեն: Երեխաներից մեկը, ով մանկավարժի հավաստմամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի, մանկապարտեզ սիրով է հաճախում. «Երբևէ լացելով չի եկել, իսկ երեկ բոլորին հայտարարել է, որ ինձ շատ է սիրում»: Երեխան հաստատեց, որ ընկեր Արմինեն էլ իրեն է շատ սիրում:

Խմբում նաև լսողության խնդիր ունեցող երեխա կա:  Ինչպես դաստիարակն է նշում, երեխայի լսողությունը երբեմն լավանում է, երբեմն այնքան վատանում, որ ասվածը շուրթերով է «կարդում», մեկ-մեկ էլ հատուկենտ բառեր է ասում:

Դաստիարակը չի վախենում խոստովանելուց, որ երբեմն խուճապի է մատնվում այս երեխաների հետ,  չի իմանում ինչ անել, բայց ելք միշտ էլ գտնում է: Ինքն է նրանց հետ աշխատելու որոշ մեթոդներ մշակել, հիմնականում՝ խաղային, որոնք ամենահաջողվածն են: Իսկ այն մասին, թե վերապատրաստումների բացակայության պայմաններում արդյոք փորձե՞լ է համապատասխան գրականություն ուսումնասիրել, ինքնուրույն սովորել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու սկզբունքների, հմտությունների մասին, Արմինեն պատասխանեց. «Երբ հաշմանդամություն ունեցող այս երեխաներին ընդունեցի խմբում, մտավախություն ունեի, որ չեմ կարողանա աշխատել նրանց հետ, բայց ինձ վերադաստիարակեցի, ինձ վրա շատ աշխատեցի, որ վախերս հաղթահարեմ, սակայն հաշմանդամության վերաբերյալ ինքնակրթության հարցում դեռ անելիքներ ունեմ»,- ասում է նա:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.