accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Տաթևիկ Ղազարյան

Վանաձորի լողի մանկապատանեկան մարզադպրոցում փորձում են հավասար պայմաններ ստեղծել

0

Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) դժվարացնում է մարմնի մկանների վերահսկողությունը: Այն ի հայտ է գալիս կյանքի առաջին տարիներին: ՄՈՒԿ-ը ազդեցություն է ունենում ոչ թե մկանների կամ նյարդերի, այլ ուղեղի վրա, որի հետևանքով առաջանում է շարժումներն ու կեցվածքը ճիշտ վերահսկելու և կառավարելու դժվարություն, ուստի ՄՈՒԿ ունեցող երեխաները դժվարանում են օգտագործել մարմնի որոշ մկանները:

Տարոնը28-ամյա Տարոնը Վանաձորից է, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ հիմնադիր անդամներից ու խորհրդի անդամը: Մանկական ուղեղային կաթված ունի և ասում է, որ հաշմանդամությունը չպետք է խանգարի հասարակության լիարժեք անդամ զգալուն. «Կցանկանամ, որ նման խնդիրներ չլինեն: Եթե կյանքում այսպիսի խնդիրներ էլ կան, թող մարդն իր հոգու մեջ այնքան ուժ ու կարողություն ունենա, որ կարողանա հաղթահարել դրանք»:

Տարոնն իրեն հասարակության ակտիվ քաղաքացի է համարում: Արդեն 3 տարի է՝ զբաղվում է նաև լողով: Հաճախում է Վանաձորի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց:

- Ես գնացել եմ, դիմել տնօրենին, որ ուզում եմ լողի հաճախել: Եվ արդեն 3 տարի է՝ անվճար գնում եմ: Այնտեղ անշահախնդիր և ջերմ վերաբերմունքի եմ արժանանում: Ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ հատուկ ուշադրություն կա: Ես մեծ առաջընթաց եմ նկատում: Կհավատա՞ք՝ ջրի վրա անշարժ պառկում եմ, և դա ինձ հրաշք է թվում,-  ասում է Տարոնը:

Նա այժմ լողավազան այդքան էլ հաճախ չի գնում: Քանի որ ամեն օր առավոտյան ժամը 5-ին գնում է Վանաձորի արհեստական լիճ, փորձում լողավազանում սովորածը կիրառել այնտեղ:

Վանաձորի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցը գործում է 2005 թվականից: Այս եղանակին լողավազան հաճախողների թիվը շատ ավելի մեծ է: Բացի Տարոնից, լողավազան են հաճախում նաև հաշմանդամություն ունեցող այլ անձինք:

Կամո Համբարյանը- Անցյալ տարի հաշմանդամություն ունեցող անձանց հետ զբաղվող մի կազմակերպությունից (անունը չէր հիշում) եկան մեզ մոտ, սեմինար անցկացրեցին: Այնպես եղավ, որ մենք համաձայնեցինք օգնել հաշմանդամություն ունեցող երեխաներին, որպեսզի նրանք դառնան մեր հասարակության լիարժեք անդամ: Մոտ 1 ամիս այդ ծրագրի շրջանակներում իրականացրեցինք պարապմունքներ: Դրանից հետո 4 ամիս՝ մինչև լողավազանի փակվելը, մենք աջակցեցինք և օգնեցինք այդ երեխաներին,- ասում է Վանաձորի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Կամո Համբարյանը:

Թեև այդ ծրագիրն ավարտվել է, սակայն լողավազանի դռները միշտ բաց են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար՝ ասում է Կամո Համբարյանը և հավելում. «Լողավազանն օգնություն ցույց տվեց հաշմանդամություն ունեցող երեխաներին: Շատերը, որ վախենում էին ջրից ու նյարդայնանում, ջրում արդեն թուլանում էին: Նույնիսկ կային այնպիսի երեխաներ, որոնք ունենալով հենաշարժական խնդիրներ, ինքնուրույն սկսեցին լողալ, առանց մարզչի օգնության: Անցյալ տարի մի երեխա կար, չէր քայլում: Մոտ 1 ամիս հաճախեց լողավազան: Հետո մայրը պատմում է, թե ինչպես է տանը մենակ եղել, երբ մեկը փեշից քաշել է: Անակնկալի է եկել, երեխան սկսել է քայլել,- պատմում է մարզադպրոցի տնօրենը և հավելում,- թույլ ենք տալիս, որ երեխաները ծնողների հետ գան, առավոտյան ժամերին, երբ լողավազանը շատ ծանրաբեռնված չէ»:

Վանաձորի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում սակայն չկան համապատասխան մասնագետներ, ովքեր կարող են հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտորեն լողալ սովորեցնել:

- Ես և մեր կոլեկտիվը պատրաստ ենք երեխաների ընդունելու: Եթե կան մարդիկ, ովքեր կարող են երեխաներին պրոֆեսիոնալ բժշկական ձևով լողալ սովորեցնել, կարող են օգնել: Իսկ եթե այդպիսիք չկան, մենք մեր ունեցած փորձով կփորձենք օգնել ու օգտակար լինել»:

Հաշմանդամություն ունեցող անձինք լողավազան են հաճախում անվճար հիմունքներով:

Մարզադպրոցում առանձնացված է հատուկ տարածք, որտեղ վերջիններիս համար լողալ սովորելը շատ ավելի հեշտ է. «Լողավազանում փոքրերի համար կա առանձնացված մի  տարածք, որտեղ խոր չէ՝ մոտ 60-70 սմ: Այնտեղ են հիմնականում հաշմանդամություն ունեցող մարդիկ զբաղվում, լողալ սովորում»,- ասում է Կ. Համբարյանը:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար լողավազանի շենք մտնելը սակայն դժվար է, քանի որ այստեղ բացակայում է թեքահարթակը:

- Թեքահարթակի մասին տեղեկացրել եմ մարզպետարանին և քաղաքապետարանին, գրանցվել ցուցակում: Քաղաքում թեքահարթակ կառուցելու դեպքում առաջնահերթությունը կտան նաև լողավազանին,- նշում է մարզադպրոցի տնօրեն Կամո Համբարյանը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.