accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դավիթ Պողոսյան

Կյանքը փոխող սարքը

0

Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) դժվարացնում է մարմնի մկանների վերահսկողությունը: Այն ի հայտ է գալիս կյանքի առաջին տարիներին: ՄՈՒԿ-ը ազդեցություն է ունենում ոչ թե մկանների կամ նյարդերի, այլ ուղեղի վրա, որի հետևանքով առաջանում է շարժումներն ու կեցվածքը ճիշտ վերահսկելու և կառավարելու դժվարություն, ուստի ՄՈՒԿ ունեցող երեխաները դժվարանում են օգտագործել մարմնի որոշ մկանները:

Ոչ ոք ապահովագրված չէ հաշմանդամությունից, ու ես չեմ ցանկանում կենտրոնանալ այն բանի վրա, թե ո՛ր տեսակի հաշմանդամությունն է ավելի ծանր կամ թեթև: Սակայն ակնհայտ է, որ այն ազդում է ոչ միայն խնդիրը կրող անձանց կյանքի որակի, այլ նաև նրանց ընտանիքի անդամների վրա:

Ես 32 տարեկան եմ, մանկական ուղեղային կաթված ունեմ. վերջույթներս չեն գործում, և մշտական խնամքի կարիք ունեմ: Փորձում եմ ապրել լիարժեք կյանքով: Ունեմ բազմաթիվ նախասիրություններ՝ սկսած արվեստից մինչև գիտություն: Տնային գերազանց ուսուցում եմ ստացել ուսուցչուհուս՝ տիկին Բաղրամյանի շնորհիվ: Այնուհետև զբաղվել եմ ինքնակրթությամբ: Ընտանիքիս օգնությամբ իմ հետաքրքրությունները մեծացան, ինչպես բոլորին, ինձ էլ գրավեց համակարգիչը: 1995 թվականից մինչ օրս այն իմ հիմնական զբաղմունքն է: Այսօր իմ կյանքը չեմ պատկերացնում առանց դրա:

Հիմա հարց կծագի՝ ինչպե՞ս եմ օգտվում համակարգչից, չէ՞ որ իմ վերջույթները չեն գործում: Այս ամբողջ պատմությունն այն մասին է, թե ինչպես մի փոքրիկ սարքը փոխեց իմ կյանքը: Մինչ 2013 թվականը շատ դժվար էր իմ հարազատների համար. մայրս կամ հայրս միշտ ինձ օգնում էր` առավոտից երեկո անցկացնելով համակարգչի առջև: Երբեմն կատակում էին` ասելով՝ գերի ենք ընկել քեզ մոտ:

Մի անգամ համացանցում տեսա մի նորություն՝ չինական Լենովո և շվեդական Tobii ընկերությունները համատեղ պատրաստել էին մի կոնցեպտուալ նոութբուք համակարգիչ` զինված Tobii ընկերության ինֆրակարմիր խցիկներով, որը հնարավորություն էր տալիս մի խաղ խաղալ բացառապես աչքերի օգնությամբ: Պետք է խոստովանեմ, մինչ օրս այդպիսի հուսալի նորություն չեմ կարդացել: Այն կոչվում էր Eye Controlled PC (աչքերով կառավարվող համակարգիչ): Ես դա մտապահեցի:

Անցավ երկու տարի: 2012 թվականի հունվարին մի երեկո եղբայրս ասաց. «Դա՛վ, Windows օպերացիոն համակարգը ունի այլընտրանքային ղեկավարում ձայնային հրահանգների միջոցով (Voice Control), արի փորձենք»: Փորձեցինք, բայց ինձ համար չափազանց բարդ էր, քանի որ ես նաև խոսելու դժվարություն ունեմ: Եվ ես պատմեցի երկու տարի առաջ իմ տեսած սարքի մասին, և հուրախություն ինձ, այդ սարքը Tobii ընկերությունն արդեն արտադրում էր:

Ապրանքանիշի առաջին սերունդը մեծ չափսերի էր, արժեր 7000 դոլար, գումարած հարկերը: Անցավ մեկ տարի, նոր սերունդը դուրս եկավ` ավելի կոմպակտ չափսերով և կոչվում էր Tobii PCEYE GO: Այն համատեղելի է գրեթե բոլոր Windows համակարգերի հետ:

Tobii PCEyeGo

Քանի որ գումարը բավականին մեծ էր, փորձեցինք բարերարներ և հովանավորներ գտնել, սակայն ապարդյուն: Ես հասկանում եմ, որ ես հաշմանդամություն ունեցող միակ անձը չեմ աշխարհում, բայց այդ սարքը կարող էր մեծ ազդեցություն ունենալ իմ կյանքի որակի վրա:

Հայրս ասաց՝ տղա՛ս, հույսդ ինձ վրա դիր: Նա ջանքեր չխնայեց և վերջապես գնեց այդ հրաշք սարքը ինձ համար: Այդ օրվանից իմ կյանքը կիսով չափ փոխվեց: Ես ավելի անկախ դարձա: Այժմ ստեղծագործում եմ, զվարճանում, մասնակցում օնլայն քննարկումների՝ իմ աչքերի օգնությամբ: Երբ մայրս կողքովս անցնելիս տեսնում է, թե ինչպես եմ ինքնուրույն աշխատում, ասում է՝ վա՛յ, Դավի՛թ, օրհնվի քո էդ սարքը ստեղծողը, մեր կյանքը փոխեց, քոնն էլ` հետը:

Իրոք, սա կյանքը փոխող սարք է:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.