accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աղավնի Սուքիասյան

Լրագրող | Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

Չարենցավանում կառուցվող մարզադպրոցի նախագիծը փոփոխության է ենթարկվել

0

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մարզադպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները ստանձել է «Բազալտ-ԷՄ» ընկերությունը: Նոր մասնաշենքը կառուցվում է ամբողջությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ: Թե կառուցումից հետո դպրոցը ամբողջությամբ կհամապատասխանի՞ քաղաքաշինության նախարարության սահմանած մատչելիության նորմերին, թե՞ կառուցապատողները կբավարարվեն միայն թեքահարթակներով` փորձեցինք պարզել կառուցապատող ընկերության տնօրեն Գառնիկ Հովակիմյանից:

«Բազալտ-ԷՄ» ՍՊԸ-ն ձեռնամուխ եղավ մարզադպրոցի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներին միայն հին նախագծում կատարված փոփոխություններից հետո, երբ այնտեղ ներառվեցին նախարարության սահմանած մատչելիության չափանիշները»,- ասաց ՍՊԸ տնօրենը:

Մարզադպրոցը հարմարեցվելո՞ւ է հաշմանդամություն ունեցող աշակերտներին հարցին ընկերության տնօրենը պատասխանեց. «Եթե չհամապատասխանի, շենքը շահագործման չի հանձնվի: Թեքահարթակներ, լայն դռներ, առանց շեմերի միջանցքներ` այդ բոլորը պահպանվելու են կառուցման ընթացքում: Անգամ սանհանգույցներն այնպես կկառուցվեն, որ հնարավոր լինի սայլակով ազատ ելումուտ անել»,- վստահեցրեց նա:

Արդյոք կառուցապատող ընկերությունը կզբաղվի՞ նաև անվտանգության համակարգերի տեղադրմամբ հարցին ի պատասխան տնօրենը նշեց, որ վերջին տարիներին համապատասխան ընդունող գերատեսչությունները բավական խստապահանջ են այդ հարցում, և հաշվի են առնվում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար անհրաժեշտ պայմանները: «Մենք սովորաբար անվտանգության համակարգերի տեղադրման աշխատանքները ենթակապալով հանձնում ենք որևէ մասնագիտացված ընկերության և հետամուտ ենք լինելու, որ անվտանգության համակարգերը նույնպես համապատասխանեն սահմանված նորմերին: Իրենց հերթին` ընդունող գերատեսչություններն են առավել ուշադիր դարձել, եթե, ասենք` անվտանգության համակարգերը հարմար չլինեն լսողության կամ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար, ապա ԱԻՆ-ի աշխատակիցը որևէ պայմանով ստորագրությունը չի դնի այդ փաստաթղթի տակ»:

Թե ե´րբ կավարտվի մարզադպրոցի նոր մասնաշենքի կառուցումը և շահագործման կհանձնվի, ընկերության տնօրենը դժվարացավ հստակ ժամկետ նշել, քանի որ դա, նրա խոսքով` կախված է կառավարության հատկացումներից: «Դեռ անհրաժեշտ է 400 միլիոն դրամի հատկացում կատարել: Եթե այդ գումարը մեկ տարում հատկացվի, կավարտենք մեկ տարում, եթե երկու տարում, ուրեմն` երկու տարում»:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.