accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Զարուհի Բաթոյան

Կայքի նախկին խմբագիր, սյունակագիր

«Տնօրենը հրաժարվում է երեխայիս ընդունելուց». ձայնագրություն

0

Երևանի 125-րդ դպրոցը, որը ներառական կրթություն է իրականացնում, հրաժարվել է 7-ամյա Արեգին ընդունելուց: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց նրա մայրը` Ալլա Գևորգյանը:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը նշում է, որ սովորողն իրավունք ունի` ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը: Բացի այդ, 7-ամյա Արեգ Հակոբյանն ունի նաև Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի եզրակացությունը, որում նշված է, որ երեխան կարող է հաճախել ներառական կրթություն իրականացնող դպրոց: Թեև այս եզրակացությունը չի պարտադրում ծնողին այս կամ այն դպրոցն ընտրելու, ոչ էլ պայման է հանդիսանում դպրոց ընդունվելու համար, այնուամենայնիվ, կարող է որպես ուղեցույց ծառայել ծնողի և երեխայի հետ աշխատող մասնագետի համար:

«Դպրոցում ինձ ու երեխայիս հրավիրեցին մի սենյակ, որտեղ միասին մոտ 15 մանկավարժ էր նստած, ովքեր սկսեցին տարբեր հարցեր տալ: Տնօրենը ներկա չէր, միայն ուսուցիչներն էին և հատուկ մասնագետները: Տղաս կաշկանդվեց և շփման չգնաց նրանց հետ, թեև նա շատ մարդամոտ է և նույնիսկ դպրոցի մուտքից ներս մտնելիս սկսեց բարևել մարդկանց»,- մեզ հետ զրույցում պատմում է Ալլան:

«Հետո սկսեցին հարցնել` կարողանո՞ւմ է գրիչ բռնել, ինքնասպասարկման հմտություններ ունի՞ և այլն: Ես, իհարկե, պատասխանեցի, որ եթե երեխաս մանկական ուղեղային կաթված ունի, և շատ բան ինքնուրույն չի կարողանում անել, բայց նա շատ այլ հմտություններ ունի, բանաստեղծություններ գիտի, ճանաչում է երկրաչափական պատկերները և այլն և որ կարող է արտահայտվել առանց գրիչի օգնության: Մասնագետներից մեկը մյուս գործընկերոջն ասաց` էս էրեխեն չի կարա ինտեգրվի մյուս էրեխեքի հետ: Հետո գնացինք տնօրենի մոտ, և այնպիսի տպավորություն էր, որ գործընկերներն արդեն նախապատրաստել էին, որ մեզ մերժեն»:

Ալլան նշում է, որ տնօրենը նույնիսկ փաստաթղթերը չնայեց, չխոսեց երեխայի հետ, նրան հարցեր չտվեց և միայն սկսեց հորդորել, որ երեխային տանեմ հատուկ դպրոց: Ծնողի հավաստմամբ` տնօրեն Լիլիթ Անտոնյանը ոչ միայն ասել է, որ իրենք չեն կարող ընդունել երեխային, որովհետև նրա հետ աշխատելու համար մասնագետներ չունեն, այլ նաև առաջարկել է իր օգնությունը հատուկ դպրոցներից մեկի տնօրենի հետ խոսելու և երեխային այդ դպրոց ընդունելու համար:

«Տնօրենն ասաց՝ թող երեխան երկու տարի հատուկ դպրոց գնա, եթե արդյունքներ լինեն, կհանդիպենք մեր դպրոցում։ Գիտեք` գուցե իմ տղան գիտնական չդառնա, բայց ես ուզում եմ նրա սոցիալականացման հարցը լուծել, ուզում եմ, որ շփվի իր հասակիցների հետ, և ես հավատում եմ, որ նա կարող է հաջողություններ ունենալ»: Ալլայի խոսքով` Արեգը ուշ է սկսել խոսել, բայց այսօր նա արդեն հաջողություններ ունի: Մայրը չի ցանկանում տղային հատուկ դպրոց տանել և ասում է, որ իրեն դրա համար օգնություն պետք չէ:

«Ճիշտ է, տղաս նաև սովորելու դժվարություն ունի, բայց գնահատման կենտրոնի արդյունքներով` նա այդքան էլ վատ ցուցանիշներ չունի: Մեր ընտանիքում ամեն ինչ արել ենք նրա զարգացման համար: Իմ մայրը ազգությամբ ռուս է, և երբ մասնագետներն ասացին, որ տանը պետք է միայն հայերեն խոսել, նույնիսկ նա սկսեց այդ տարիքում միայն հայերեն խոսել, տղայիս հայերեն բանաստեղծություններ սովորեցնել: Եթե նա կարողացել է դա անել, ինչո՞ւ մասնագետները չեն կարող աշխատել Արեգի հետ»:

Լուսանկարը՝ Լիլիթ Անտոնյանի ֆեյսբուքյան էջից

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը և տնօրեն Լիլիթ Անտոնյանը

Երևանի 125-րդ դպրոցը ներառական կրթություն է իրականացնում 2010 թվականից: Լիլիթ Անտոնյանն այն սկսել է ղեկավարել վերջին վեց ամիսների ընթացքում: Մինչ այդ նա աշխատել է Երևանի Գր. Զոհրապի անվան 43-րդ ավագ դպրոցում, որն արդեն 7 տարի նույնպես ներառական կրթություն է իրականացնում: Լիլիթ Անտոնյանը «Կրթություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության հիմնադիրներից է։ Կազմակերպության ղեկավարը ՀՀ ԱԺ պատգամավոր, 43-րդ դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Մուրադյանն է, ով նաև Լիլիթ Անտոնյանի մայրն է։

Մեզ հետ զրույցում 125-րդ դպրոցի տնօրենը ժխտեց, որ ինքը հրաժարվել է երեխային դպրոց ընդունելուց:

«Նման բան չի եղել, որ ես չեմ ընդունել, պարզապես ծնողը հարցրեց` ունե՞ք այսպիսի երեխաների հետ աշխատելու փորձառություն, ասել եմ` ոչ: Հոգեբանները, սոցիալական մանկավարժները աշխատեցին երեխայի հետ, և առաջին տպավորությունը, որ մենք ստացանք նրանից, այն էր, որ, իհարկե, նա չի կարող նստել դասարանում: Ծնողն էլ ասեց` չէ, եթե պիտի մենակ հատուկ մանկավարժի կամ հոգեբանի հետ շփվի, դպրոց բերելու իմաստ չկա»:

Տնօրենի հավաստմամբ` իրենք փորձում են բոլոր երեխաներին դասարաններում ներառել և մասնակից դարձնել դասապրոցեսին հենց դասարանում. «Արեգը էդպիսի երեխա չէր, որ կնստեր ու կներառվեր, և նրա տիպի երեխաների հետ աշխատելու փորձառություն մեր բազմամասնագիտական թիմի անդամները չունեն»,- նշում է դպրոցի տնօրենը և ավելացնում, որ այս մասին տեղեկացրել է ծնողին և վերջնական ընտրությունը թողել նրան: «Ես ասացի` եթե ուզում եք, որ երեխան դպրոց գա, թող գա, բայց շփումը երեխաների հետ չի ստացվի»:

Մեր այն հարցին, թե առաջարկե՞լ է արդյոք երեխային հատուկ դպրոց տանել, Լիլիթ Անտոնյանը պատասխանեց. «Ես հարցրեցի` դուք գիտե՞ք, որ հատուկ դպրոց կա, ասեց` հա, ասացի` ես էլ գիտեմ, եթե հարկ կա, զանգահարեմ, տարեք էնտեղ, պատասխանեց` չէ»:

Իսկ այն հարցին, թե տնօրենը շփվե՞լ է երեխայի հետ, թե՞ ոչ, տիկին Անտոնյանը պատասխանեց. «Այո, մոտավորապես մեկ ժամ ծնողը երեխայի հետ իմ սենյակում էր, մենք բավականին երկար զրուցեցինք, ես անգամ կոնֆետ առաջարկեցի երեխային, փորձեցի շփվել նրա հետ, բայց նա շատ ագրեսիվ վիճակում էր, չափազանց ագրեսիվ վիճակում: Երեխան մոր գրկում էր, մոր հետ էի շփվում, երեխան էլ ագրեսիվ էր, անընդհատ բղավում էր, մայրը հանգստացնում էր, փորձեցինք հանգստացնել, ջուր տվեցինք: Մայրն էլ ասաց` բավականին շատ դպրոցներ մերժել են արդեն, ես ասացի, որ ես չեմ մերժում, ընտրությունը ձերն է, բայց գուցե ավելի նպաստավոր պայմաններ հատուկ դպրոցում լինեն»:

Տնօրենի խոսքով` ծնողն առաջարկել է բերել երեխային դպրոց, որ փորձեն, տեսնեն, թե ինչպես կմնա դասարանում, բայց տնօրենը զգուշացրել է, որ կամքը ծնողինն է, պարզապես երեխային չի կարելի փորձության ենթարկել:

Մեր այն հարցին, թե ինչ մասնագետներ են անհրաժեշտ Արեգի հետ աշխատելու համար, որ դպրոցը չունի, տնօրենը պատասխանեց, որ բազմամասնագիտական թիմի կազմում բոլոր մասնագետներն ընդգրկված են, սակայն նրանք էլ են նոր և հարկ եղած փորձառությունը չունեն: Նոր ավարտած մասնագետներ են, մեկ-երկու տարվա աշխատանքային փորձ ունեն, ովքեր սակայն Արեգի նման երեխաների հետ երբևէ չեն աշխատել:

Երեխայի մայրը` Ալլա Գևորգյանը, մտադիր է պայքարել իր երեխայի կրթության իրավունքի համար: Նա այլևս երեխային չի տանի 125-րդ դպրոց, որովհետև համոզված է, որ այնտեղ տիրող մթնոլորտը, մանկավարժների վերաբերմունքն ու նախատրամադրվածությունը չեն նպաստի երեխայի զարգացմանը: Նա այժմ մեկ այլ դպրոց է փնտրում:

Հետգրություն

14.08.2015 – Ինչպես տեղեկացրեց Մարդու իրավունքների պաշտպանի խոսնակ Շուշան Դանիելյանը, մեր կողմից բարձրացված հարցի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմը պատրաստվում է ուսումնասիրություն կատարել։ Արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։ 

17.08.2015 – Երևանի 125-րդ դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանը «Ազատության» հետ զրույցում հերքել է, որ օրեր առաջ իրենց դպրոց ընդունվելու եկած 7-ամյա Արեգ Հակոբյանին ագրեսիվ է բնութագրել, իսկ «Ասեկոսե»-ի հետ զրույցում հերքել է նաև, որ խորհուրդ է տվել ծնողին երեխային հատուկ դպրոց տանել: Disabilityinfo.am-ի խմբագրությունը հարկ է համարում հրապարակել Երևանի 125-րդ հիմնական դպրոցի տնօրենի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.