accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Սարիբեկյան

Լրագրող (Գյումրի) | Սովորում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։

«Ժպտացող տղան»` Անի թաղամասում

0

Գյումրեցի չորս երիտասարդներ արդեն մի քանի ամիս է, ինչ գունավոր խցաններից խճանկարներ են պատրաստում ու տեղադրում քաղաքի գլխավոր թաղամասերից մեկում: Հիմնական աշխատանքները կատարում են չորսով` Արմենը, Արսենը, Դավիթն ու Մամիկոնը, իսկ կազմակերպչական հարցերում օգնողները շատ են, ֆինանսավորում են Awesome Foundation–ը և Գյումրու Երիտասարդական բանկը:

Նախագծի մտահղացման հեղինակ Արսեն Վարդանյանը պատմում է, որ խճանկարների գաղափարը առաջացել է, երբ տեսել են նմանատիպը Սլովակիայում ու որոշել` Գյումրում նույնպես այն իրականություն դարձնել: Ապրիլից քաղաքում արդեն չորս խճանկար է ստեղծվել, որոնցից վերջինը` «Սայլակով ժպտացող տղան»` Անի թաղամասում` Պ. Սևակի փողոցում, մանկավարժական ինստիտուտի դիմաց:

Լացող տղանՏղաները բոլոր խճանկարների մեջ յուրահատուկ գաղափարախոսություն են դրել: Ըստ նրանց` օդապարուկի մեջ բոլորի երազանքներն են, իրենց բոլոր նպատակները լցրել են մեջն ու երկինք ուղարկել, տնակը ցանկությունն է, որ բոլոր գյումրեցիները ունենան իրենց տունը ու անօթևաններ չլինեն: Banksy լացող երեխան կարևոր է, քանի որ մարդիկ կյանքում իրական հնարավորություններ չգտնելով` տեղափոխվում են վիրտուալ տիրույթ, փորձում են իրենց այնտեղ գտնել, բայց այնտեղ էլ կան անտարբերություն ու սրտացավության պակաս:

Նախաձեռնության հեղինակները «Սայլակով ժպտացող տղային» լացող տղայի դիմաց են տեղադրել. «Արդեն ժպտացող, լացի փոխարեն, սա կոչ է, հույս, բողոք, պահանջ, նա մեր ժպիտն է` քաղաքի ժպիտը»,– ասում է Արսենն ու հավելում, որ քաղաքում տեղաշարժման դժվարություններ շատերն ունեն, այդ խնդիրը բոլորինն է, ու խճանկարը տեղադրվել է հարցին որոշ չափով հնչեղություն հաղորդելու, կուտակվածը բարձրաձայնելու համար: Տղաները քաղաքում բարու, կարևորի ու անհրաժեշտի պակասը փորձել են լրացնել գունավոր ու ժպտերես տղայի միջոցով: Խճանկարի պատրաստմանը մասնակցել են նաև «Էմիլ Արեգակ» հաշմանդամություն ունեցողների խնամքի կենտրոնի երեխաները, որոնք իրենց ձեռքերով ներկել են նկարի խցանները, իրենք էլ դարձել նկարի մի մասնիկը:

Տեղադրվելուց հետո սայլակով տղայի մասին արձագանքները տարբեր են, հեղինակները մեկնաբանություններ չեն տալիս ու կոչեր չեն անում, հետևություններն էլ թողնում են գյումրեցիներին, բայց խոստովանում են, որ արձագանքները գնալով լավանում են, ուշադրությունն էլ` ավելանում: Նրանք հույս ունեն, որ իրենց հասակակիցները մի օր դուրս կգան կաղապարներից, ավելի նոր ու գունավոր կսկսեն մտածել, բաց կլինեն նորարարությունների համար, ժպտացող տղան էլ շատերին կօգնի ժպտալու:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.