accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աղավնի Սուքիասյան

Լրագրող | Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

«Խնդիրների լուծումը կախված է անհրաժեշտությունից». Չարենցավանի քաղաքապետ

0

Ինչպիսի՞ն են Հայաստանի քաղաքները հաշմանդամություն ունեցող անձանց համար, որքանո՞վ են դրանք մատչելի և թե ի՞նչ պայմաններ են ստեղծված և ստեղծվում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին հասարակությանը ներառելու համար` սա կախված է նաև նրանից, թե քաղաքի ղեկավարներն ի՞նչ անհատական վերաբերմունք և մոտեցում ունեն այս հարցում: Disabilityinfo.am-ն այս թեմայի շուրջ զրուցել է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի հետ։

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ապրում է հաշմանդամություն ունեցող 1358 անձ, ի թիվս որոնց` 622 հաշմանդամություն ունեցող կանայք, 76-ը՝ երեխա։

- Ունե՞ք հաշմանդամություն ունեցող ընկերներ կամ ծանոթներ, մանկության տարիներին ունեցե՞լ եք դասընկերներ:

- Ունեցել եմ և այսօր էլ ունեմ հաշմանդամություն ունեցող ընկերներ և ծանոթներ: Դա այնպիսի բան է, որից ոչ ոք ապահովագրված չէ, անխուսափելի է: Մեկը ձեռքի խնդիր ունի, մյուսը սայլակով է տեղաշարժվում է: Նրանց վերաբերվում եմ շատ նորմալ: Նրանց խղճալու որևէ խնդիր չկա: Ընդամենը պետք է անել ամեն բան, որ նրանք ինտեգրվեն հասարակությանը: Սա է իմ վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ:

- Չարենցավանում նրանք կարողանո՞ւմ են ներառվել հասարակության մեջ: Ինչի՞ կարիք ունեն նրանք։ 

- Բնականաբար, այստեղ խնդիրներն ու կարիքները շատ են, չի կարող լինել հարյուր տոկոսանոց մատչելիություն: Քաղաքի բոլոր դպրոցներն ու մանկապարտեզներն ունեն թեքահարթակներ: Ընտրությունների ժամանակ տեղաշարժման դժվարություններ ունեցողները կարողանում են անարգել մասնակցել ընտրություններին:

- Բայց չէ՞ որ մատչելիությունը միայն թեքահարթակները չեն:

- Անշուշտ, կցանկանայինք ավելին անել, օրինակ` կարողանայինք անել այնպես, որ տեղաշարժման խնդիր ունեցողները առանց որևէ դժվարության կարողանային օգտվել Չարենցավան-Երևան երթուղուց:

- Ապագա ծրագրերում կա՞ ձեռք բերել հարմարեցված միկրոավտոբուս նրանց համար:

- Չարենցավան-Երևան երթուղու տենդերը և դրա վերահսկողությունը պատկանում է տրանսպորտի նախարարությանը: Մենք ո՛չ ֆինանսական միջոցներ և ո´չ էլ հնարավորություն ունենք ստիպելու սեփականատիրոջը նման քայլի դիմել: Ցանկանում ենք, բայց այդ հնարավորությունը քաղաքապետարանը չունի:

- Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել քաղաքը մատչելի դարձնելու համար:

- Քաղաքապետարանն իրավասու է միջոցներ կիրառել միայն իր ենթակայության ձեռնարկություններում, և այնտեղ առկա խնդիրները մենք բարձրաձայնում ենք: Արդյունքը եղավ այն, որ եթե մի քանի տարի առաջ քաղաքի ոչ մի դպրոցի կամ մանկապարտեզի մուտքի մոտ թեքահարթակ չկար, ապա այժմ բոլոր մանկապարտեզները և դպրոցները թեքահարթակներ ունեն: Քաղաքում ապրող հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար ձեռագործ աշխատանքների դասընթացներ են անցկացվեցին, առաջին աշխատանքներն աճուրդով վաճառվեցին և ստացված ամբողջ գումարը տրվեց նրանց: Եվ այսօր ձեռագործ աշխատանքով զբաղվելով` կանայք կարողանում են իրենց հանապազօրյա հացի խնդիրը լուծել:

Դասընթացներից լուսանկար

- Կրթության ոլորտում ի՞նչ խնդիրներ կան Չարենցավանում:

- Այս ոլորտում առկա խնդիրները բարձրաձայնելու արդյունքում դեռևս երկու տարի առաջ համայնքի ֆինանսավորմամբ քաղաքի 6-րդ հիմնական դպրոցում բացվեց ներառական դասարան: Այս տարի կբացվի ևս մեկը: Համայնքի 3 միլիոն դրամ ֆինանսավորմամբ և ԿԳ նախարարության կողմից հաստատված ծրագրով կբացվի նոր ներառական դասարան, քանի որ հաշմանդամություն ունեցող երեխաների թիվն ավելացել է:

- Կցանկանայի՞ք, որ Ձեր երեխան սովորեր հաշմանդամություն ունեցող երեխայի հետ նույն դպրոցում։

- Այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում, որ իրենց երեխան սովորի կամ շփվի հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, առնվազն տգետ են: Ես ավելի կխրախուսեմ, որ իմ երեխան մտերիմ հարաբերություններ ունենա հաշմանդամություն ունեցողների հետ, որպեսզի նրանք չմեկուսանան հասարակությունից:

- Մարզական, մշակութային կյանքին հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավածությանն ուղղված ի՞նչ ծրագրեր եք իրականացրել:

- Ցավոք, ոչ մի ծրագիր, քանի որ մասնակցել ցանկացողներ չկան: Գուցե նաև մենք մեղքի մեր բաժինն ունենք. քիչ ենք հանրայնացրել կամ խոսել այդ միջոցառումների, դրանց անհրաժեշտության մասին:

- Առաջիկայում ո՞րն է ամենակարևոր հարցը, որ պատրաստվում եք լուծել հաշմանդամություն ունեցող չարենցավանցիների համար:

- Օդի մեջ խոսքեր չեմ կարող ասել, չեմ կարող սուտ խոստումներ տալ: Գիտեք` խնդիրների լուծումը կախված է անհրաժեշտությունից:

- Կարծում եք չկա՞ անհրաժեշտություն. օրինակ` Չարենցավանը հետիոտնային անցումներում կունենա՞ ձայնային ազդանշանով լուսակիրներ:

- Իհարկե, այդ լուսակիրների անհրաժեշտությունը կա, բայց դա թանկ հաճույք է, որի համար ֆինանսական հնարավորություն չունենք:

- Ինչպե՞ս եք պատկերացնում զբաղվածության խնդրի լուծումը:

- Քաղաքապետարանում աշխատանքի ենք ընդունել հաշմանդամություն ունեցող քաղաքացու: Չարենցավանի գրադարանում վերջերս աշխատանքի է ընդունվել տեղաշարժման դժվարություն ունեցող մի աղջիկ: Քաղաքապետարանի հնարավորությունները, այս առումով, խիստ սահմանափակ են: Այստեղ պետական մոտեցում է պետք, օրինակ` ԱԻՆ-ի փորձը: Քաղաքը փոքր է, և աշխատանքի կարողանում են ընդունվել շատ փոքր թվով հաշմանդամություն ունեցող մարդիկ: Անհատական դիմում են ինձ, և ուժերիս ներածին չափ` օգնում եմ նրանց:

- Ինչպե՞ս են նրանք հասնում Ձեր աշխատասենյակ, չէ՞ որ քաղաքապետարանը հարմարեցված չէ, մուտքի մոտ անգամ թեքահարթակ չկա:

- Այո´, քաղաքապետարանը հարմար չէ նրանց համար, այն սովետական շրջանի կառույց է: Սակայն մյուս տարվա գարնանը քաղաքապետարանը կենթարկվի հիմնանորոգման, որից հետո այն ամբողջությամբ կհարմարեցվի խնդիր ունեցող քաղաքացիների համար:

- Վերջերս Գյումրում բացվեց ներառական խաղահրապարակ: Գուցե հաշմանդամություն ունեցող մանուկների զվարճանքի և զբոսանքի հարցն այդ կերպ լուծվի՞ նաև Չարենցավանում:

- Գյումրում հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը շատ մեծ է, ինչով էլ պայմանավորված են նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների ուշադրությունն ու ֆինանսավորումը: Մեր քաղաքում փոքր թիվ են կազմում ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցողները, և դեռևս չկան միջոցներ և այլ կազմակերպությունների կողմից ուշադրություն` հարցին նման լուծում տալու համար:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.