accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Մարտունիում երաժշտական դպրոցի մատչելիության մասին ոչ ոք չի մտածել

0

Այս տարվա հուլիսի 11-ին իր դռները բացեց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի երաժշտական հիմնանորոգված դպրոցը: Բացման արարողությանը ներկա է եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դիսըբիլիթի ինֆոն» Մարտունու երաժշտական դպրոցի տնօրեն Արշակ Ասիկյանից հետաքրքրվեց հիմնանորոգված դպրոցի շենքի մատչելիությամբ: Մեզ հետ հեռախոսազրույցում տնօրենը նշեց, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 140 մլն դրամ: Հիմնանորոգումն իրականացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի և Մարտունու տարածաշրջանի պատգամավոր Հակոբ Հակոբյանի ներդրումներով:

Տնօրենի խոսքով` դպրոցի շենքը կառուցվել էր 1950-ական թվականներին և վթարային վիճակում էր: 2012 թ.-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքների ընթացքում երկհարկանի շենքին ևս մեկ հարկ է ավելացել, եռահարկ դպրոցի շենքի վերջին երկու հարկերում սանհանգույցներ են կառուցվել:

«Կատարվել են պատերի, հիմքի ամրացման աշխատանքներ: Տեղային ջեռուցման համակարգ է անցկացվել, գործում է 100 տեղանոց դահլիճ»,- հայտնեց երաժշտական դպրոցի տնօրեն Ասիկյանը, ում խոսքով` գլխավոր մուտքի մոտ միայն աստիճաններ են կառուցված: Հարցին, թե ինչպե՛ս կարող են հաշմանդամություն ունեցող անձինք մտնել երաժշտական դպրոց, նա պատասխանեց.

«Այդ աստիճանների մոտ մի մուտք էլ կա` ճանապարհի կողմից, առանց շեմի, սայլակով մարդիկ կարող են միայնակ շենք մտնել»:

Այդուամենայնիվ, եթե սայլակից օգտվող երեխան կամ մեծահասակը այդ մուտքով ներս մտնի, միևնույնն է, առաջին հարկում էլ կանգնած կմնա, քանի որ, ինչպես դպրոցի տնօրենն ինքն է նշում, շենքի ներսում թեքահարթակներ չեն կառուցվել, վերելակ նույնպես չկա:

Այս երաժշտական դպրոցը սպասարկում է Մարտունի քաղաքի և հարակից գյուղական համանքների երեխաներին: Այսօր դպրոց է հաճախում 185 սան, որոնց թիվը, ըստ դպրոցի տնօրենի` սեպտեմբերից գուցե ավելանա: Դպրոցում գործում են փողային, լարային, դաշնամուրի և այլ բաժիններ:

- Հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաներ չեն հաճախում, բայց ձեռքի և նման տիպի խնդիրներով երեխաներ գալիս են: Հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ էլ չկան,- եզրափակեց Արշակ Ասիկյանը:

Լուսանկարները վերցված են «Գեղամա օր»-ի տեսանյութից։ Հեղինակներ՝ Տիգրան Հովակիմյան, Վարդգես Խաչատրյան։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.