accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

«Երեխային կրթությունից դուրս թողած անձը պետք է պատասխանատվություն կրի»

0

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող ավելի քան 8400 երեխա է ապրում: Նրանց խնդիրների, նրանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունների մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը:

Հայաստանյան իրավիճակին անդրադառնալով` նա նշեց, որ մեր երկրում ապրող երեխաների խնդիրներն էապես չեն տարբերվում աշխարհի մյուս երկրներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներից: Նրանց զգալի մասը համայնքում ապրելով տարատեսակ խնդիրների է բախվում` շփման, տեղաշարժման, կրթության, ծառայությունների հասանելիության:

«Միջազգային տարբեր հանդիպումների մասնակցելով` նկատել եմ, որ այս ոլորտում հասարակարգերի միջև խիստ տարբերություններ չկան: Տարբերությունն այն է, թե որտեղ ինչ աստիճանի են հաղթահարվել դրանք: Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների պատճառը հաճախ նրա ծնվելու պահից ընտանիքին, ծնողին վաղ միջամտության համար ցուցաբերվող աջակցության հասանելիության բացակայությունն է»,- ընդգծում է Սուսաննա Թադևոսյանը:

Հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության հարցում մեծ ազդեցություն ունեցավ 2010-ին Հայաստանի կողմից վավերացված ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որի դրույթները սահմանում են ոչ միայն իրավունքի պաշտպանություն, այլ նաև ենթադրում վերաբերմունքի դրական փոփոխություն, որը, թերևս, ամենամեծ արգելքն է հասարակության մեջ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորման հարցում մեծ նշանակություն են ունեցել նաև հասարակական կազմակերպությունները, որոնց մի մասը ստեղծել են հենց այդ երեխաների ծնողները: Կարևոր է նաև զանգվածային լրատվամիջոցների դերը. նրանք հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին ոչ միայն ավելի հաճախակի անդրադարձան, այլ նաև իրավունքների տեսանկյունից սկսեցին մոտենալ հարցերին»,- ասում է ՀԿ նախագահը:

Սուսաննա-Թադևոսյան,-ասուլիս

Ինչ վերաբերում է ներառական կրթությանը, Սուսաննա Թադևոսյանը հավելեց, որ դրա շնորհիվ հասարակությունը խնդիրն իր մեջ տեսավ և հասկացավ, որ լուծման ուղիները կապված են միջավայրի հարմարեցումների և դրական վերաբերմունքի հետ, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ երեխաների զարգացման վրա:

2025-ից ՀՀ բոլոր դպրոցներն արդեն ներառական կրթություն կիրականացնեն, և մինչև այդ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 2014 թ. դեկտեմբերի 1-ին կատարված լրացումների և փոփոխությունների համաձայն` վերջնականապես կկարգավորվի նաև ուսուցչի օգնականի` կրթության կազմակերպման գործընթացում ուսուցչին աջակցող մանկավարժական աշխատողի ինստիտուտը: «Տավուշի մարզում արդեն ունենք ուսուցչի օգնականի դրական նախադեպը, մարզի բոլոր դպրոցներում ուսուցչի օգնականներ կան: Հաջորդ մարզը, որտեղ այս համակարգը կկիրառվի, Սյունիքն է»,- նշում է Թադևոսյանն ու հավելում, որ այժմ օրենքի կիրառումն ապահովող փաստաթղթերն են մշակվում:

Ուսուցչի օգնականի համակարգի ներդրումն իր բարդություններն ունի հատկապես մարզերում, որտեղ քիչ են հատուկ մանկավարժները, ենթադրաբար, բարդ կլինի նաև նրանց համար օգնականներ գտնելը: Հարցին որոշակի լուծում կտան վերապատրաստումները:

«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահն անդրադարձավ նաև կրթությունից դուրս մնացած երեխաներին: 2014-2015 ուստարվա սկզբի տվյալների համաձայն` ՀՀ-ում հանրակրթական դպրոցից հեռացած (ուսումն անավարտ թողած) երեխաների թիվը 244 է, որոնցից 59-ին ծնողներն են խոչընդոտել, իսկ 12-ը կրթությունը դադարեցրել են հաշմանդամության պատճառով:

«Մարդիկ, հասարակական կազմակերպությունները քննադատության սլաքը պարբերաբար ուղղում են մասնագետներին, դպրոցներին, մոռանալով, որ հաճախ երեխաների` դպրոց չհաճախելու, մեկուսացված լինելու և այլ իրավունքների ոտնահարման մեջ, ցավոք, շատ մեծ դեր են ունենում ծնողները: Նման դեպքերը շատ-շատ են: Կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիր, իհարկե, կա, և դրա պատճառները շատ տարբեր են: Մասնավորապես, հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը, կարծում եմ` հրապարակվածից ավելի է հատկապես մարզերում ու գյուղական համայնքներում, որտեղ այդ երեխաների գոյությունն է անգամ թաքցվում: Զարմանալի է, բայց փոքր համայնքներում տեղյակ չեն լինում, որ այսինչ ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխա կա: Սա ավանդական նախապաշարմունքների հետևանք է»:

Թադևոսյանը կարևորում է նաև նման դեպքերին օրենքի ուժով լուծումներ տալը. «Ինքս որևէ նախադեպ չեմ հանդիպել, որ երեխայի` կրթությունից դուրս մնալու համար ծնողը պատասխանատվություն կրի: Կողմ եմ, որ նման նախադեպ լինի, ու երեխայի կրթության իրավունքի ոտնահարման համար պատասխանատվություն կրի ծնողը կամ համայնքի որևէ պաշտոնյա, ուսուցիչ, դպրոց, բժիշկ… Կողմ եմ դրան, որովհետև լավ նախադեպերը կանխարգելում են նման խնդիրների կրկնությունը»:

«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահը նաև հավելեց, որ քիչ չեն այն դեպքերը, երբ վերոնշյալ խնդիրները կանխվել են: Ծնողների հետ կատարվող աշխատանքների արդյունքում այսօր շատ երեխաներ հատուկ դպրոցներից ընտանիք են վերադարձել, կրթություն են ստանում: Այդ աշխատանքների շնորհիվ շատ բան է փոխվել երեխաների կյանքում, ծնողների ընկալումների մեջ: Սուսաննա Թադևոսյանի խոսքով` համայնքային աջակցության հասանելիության բացակայությունն է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներում խնդիրը ձնագնդի պես մեծացնում ու ընտանիքի անդամների աչքերում անլուծելի է դարձնում. «Սա կարևոր խնդիր է ոչ միայն պետության, այլ նաև հասարակական կազմակերպությունների համար, որովհետև հենց նրանք են մարդուն ամենամոտ կանգնած և իրենց առաքելությամբ ամենաարագ արձագանքող օղակը պետք է լինեն»:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.