accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Գյումրին հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հոգալու համար հատկացրել է 240 հազար դրամ

0

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Գյումրին, ինչի մասին այսօր հայտարարվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացած «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի ամփոփիչ բաց նիստում:

Քաղաքը մրցույթի հաղթող է ճանաչվել փորձագիտական գնահատականների և կարճ հաղորդագրությունների տեսքով քվեարկության արդյունքների համադրմամբ:

Գյումրում ապրում է հաշմանդամություն ունեցող 10971  մարդ (ի թիվս որոնց` 5731 կին, 584 երեխա): Մեր հարցմանն ի պատասխան Գյումրու քաղաքապետարանը նշում է, որ իր ռազմավարության մեջ նախատեսում է քաղաքաշինական օբյեկտներում, կառուցվող շենքերում, փողոցների մայթերին թեքահարթակներ կառուցել: Նշվում է, որ հասարակական, արտադրական, բազմաբնակարան շենքերի ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմման, նախագծերի մշակման, փորձաքննության և դրանց համաձայնեցման փուլերում հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջների նկատմամբ վերահսկողություն է իրականացվում:

«Գյումրում մատչելիության խնդիրը այնքան էլ լուծված չէ, հատկապես վարչական նշանակության շենքերում հարցն ընդհանրապես կարգավորված չէ: Թեև քաղաքապետարանի մուտքի մոտ թեքահարթակ կա, բայց մատչելիությունն ապահովված չէ: Քաղաքում կարելի է թեքահարթակների հանդիպել, բայց դրանք անհրաժեշտ նորմերին չեն համապատասխանում»,- ասում է Գյումրում գործող «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց հասարակական կազմակերպության ուսուցանող Աննա Ղուկասյանը:

Նա նշում է, որ Բաղրամյան փողոցը, որտեղ գտնվում է իրենց կենտրոնը, քաղաքապետարանի միջոցներով հարմարեցվել է. «Նախկինում մեր փողոցը քարքարոտ էր: Դիմեցինք քաղաքապետարան, և հիմա այն նորոգված է ու հարմար մեր կենտրոնի շահառուների համար: Կարծում եմ` կամաց-կամաց հնարավոր է լուծել մեր քաղաքի մատչելիության հարցը»:

2007 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքաշինության նախարարի «Շենքերի և շինությունների մատչելիությունը սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերը հաստատելու մասին» հրամանից հետո Գյումրում շահագործման հանձնված 750 օբյեկտների ամբողջական կամ մասնակի հարմարեցումների մասին ուսումնասիրություն չկա: Նշված ժամկետից հետո քաղաքում շահագործման հանձնված կառույցների մեջ մտնում են՝ ֆուտբոլի ակադեմիան, առևտրի և սպասարկման օբյեկտներ, 2 ստոմատոլոգիական կենտրոններ, Գյումրու տեխնոքաղաքի շենքը, արտադրական օբյեկտներ, արհեստանոց, Շիշյանի անվան «Օկտետ» 6-րդ երաժշտական դպրոցը և այլն:

Գյումրում կան 39 հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնց մեծ մասը, ըստ քաղաքապետարանի, մասնակիորեն ապահովված է մատչելիության հարմարություններով: Գյումրու համայնքի միջնակարգ դպրոցներից լիարժեք մատչելիություն է ապահովված Բայրոնի անվան 20-րդ դպրոցում, որը կառուցվել է 1988 թվականին Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ:

«Երեխաս Գյումրու համար 17 մանկապարտեզ է հաճախում, որն ընդհանրապես մատչելի չէ: Մատչելի մանկապարտեզ դեռ չեմ հանդիպել: Որոշ դպրոցներ մուտքի մոտ թեքահարթակ ունեն, բայց ստանդարտներին չի համապատասխանում»,-ավելացնում է Աննա Ղուկասյանը:

«Ագաթ» ՀԿ աշխատակիցը նշում է, որ մոտ 5 տարի առաջ իրենց ծրագրերից մեկի շրջանակներում դիմել են քաղաքապետարան` Գյումրու փողոցների մատչելիության, թեքահարթակների կառուցման համար: Նախագիծն ընդունվել է, սակայն մինչև օրս գործնական քայլեր չեն արվել:

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 2014-ին հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հոգալու համար համայնքի բյուջեից հատկացվել է 240 հազար դրամ, նույնքան էլ նախատեսված է 2015 թվականի բյուջեով:

Մեր այն հարցին, թե ի´նչ քայլեր են ձեռնարկվել 2015 թվականին մատչելի միջավայրի, զբաղվածության, կրթության և բժշկական ծառայությունների մատչելիության ապահովման համար, Գյումրու քաղաքապետարանից նշում են, որ իրականացվող քաղաքաշինական, շինարարական և բարեկարգման ծրագրերում հատուկ ուշադրություն է դարձվում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար մատչելիության ապահովմանը: «Քաղաքապետարանն աջակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, տրանսպորտի և կապի նախարարությունների կողմից իրականացվող զբաղվածության, կրթության և բժշկական ծառայությունների ոլորտում իրականացվող ծրագրերին»,- նշվում է քաղաքապետարանի պատասխանում:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.