accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Տաթևիկ Ղազարյան

2016-ին Լոռու մարզում կավելանա ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը

0

- Ներառական կրթության զարգացման, ծավալման դինամիկայի տեսանկյունից Հայաստանն աշխարհում առաջատար դիրքերում է: Հայաստանն առաջ է նույնիսկ արևմտյան և սկանդինավյան մի շարք երկրներից,- այս մասին Վանաձորում կայացած ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ասաց ՀՀ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը:

Հանդիպման ընթացքում նա նշեց, որ մինչև 2022 թվականը Հայաստանի բոլոր մարզերում պետք է գործի առնվազն 1 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն: Այս պահին ընթացքի մեջ է նախագծի քննարկման փուլը: Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինի կառավարության որոշումը. «Երբ երկիրը հռչակում է համընդհանուր ներառական կրթություն, դա արդեն պետական վերաբերմունք է, այսինքն՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր երեխա, որ դպրոցի դուռն էլ բացի, դպրոցը պարտավոր է ընդունել այդ երեխային: Եվ ուսումնական պրոցես կազմակերպի՝ կարիքին համապատասխան` ամենակարևորը դա է: Յուրաքանչյուր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա եռաստիճան օժանդակություն է ստանալու՝ իր դպրոցում, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում և նույնանուն հանրապետական կենտրոնում: Դպրոցի հաստիքացուցակում կմտնի նաև նոր պաշտոն՝ ուսուցչի օգնական»:

Լոռու մարզպետարանի ենթակայության տակ գործող 152 դպրոցներից ներառական կրթություն են իրականացնում 17 հանրակրթական ուսումնական հաստատություններ: Այս պահին Ալավերդու 8-րդ դպրոցում ներառական կրթություն ստացող երեխաներ չկան:

- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեն ընդհանուր թվով 695 երեխաներ: Նրանցից ներառական դպրոցներում սովորում են 520-ը, Վանաձորի և Սպիտակի հատուկ դպրոցներում՝ 175 երեխա: Իսկ 52 երեխաների համար իրականացվում է տնային ուսուցում,- մեզ հետ զրույցում նշեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ 2016 թվականի հունվարից ներառական կրթություն իրականացնելու իրավունք կտրվի նաև Վանաձորի 28-րդ, 30-րդ, Ալավերդու 2-րդ և Ստեփանավանի 3-րդ դպրոցներին:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.