accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Թովմասյան

Մարզային թղթակից

Լավագույնը, ինչ կարող ենք անել, դպրոցի առաջին հարկը հարմարեցնելն է

0

Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան 5-րդ հիմնական դպրոցը 2011 թ.-ից ներառական կրթություն է իրականացնում: Դպրոցում սովորում է մոտ 1000 աշակերտ, որոնցից 60-ը մտավոր զարգացման, լսողության, տեսողության, տեղաշարժման դժվարություններ ունեն:

Ուսումնական տարվա 1-ին կիսամյակում մանկավարժները զբաղվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հայտնաբերմամբ, որից հետո միայն մանկավարժների և ծնողների դիտարկման ու համապատասխան փաստաթղթերի հիման վրա դիմում են հոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն` երեխայի կրթական կարիքի գնահատման համար:

Երբ 2011-2012 թթ. Արմավիրի 5-րդ հիմնական դպրոցը վերանորոգվեց պետական միջոցներով, ներառական կրթական համակարգն արդեն ներդրված էր դպրոցում, բայց շինարարական աշխատանքներն իրականացնելիս այս հանգամանքը շրջանցվեց, ու 1970-1971 թթ. նախագծով կառուցված շինությունը պարզապես վերանորոգվեց՝ առանց նախագծային փոփոխությունների: «Ներառական կրթությունը, ճիշտ է, արդեն ներդրված էր դպրոցում, երբ շինարարությունն իրականացվեց, բայց դեռ չունեինք սահմանափակ կարողություններով աշակերտներ, ու երևի դա էր պատճառ է, որ ոչ մի աշխատանք չարվեց այդ երեխաների կարիքների բավարարման ուղղությամբ»,- մեկնաբանում է դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Արամ Խաչատրյանը:

Դպրոցը, լինելով 70-ականների շինություն, չունի նշված հնարավորությունները նաև այն պատճառով, որ ներառական կրթության գաղափարը չկար այդ ժամանակ, ավելին՝ դեռ այդ ժամանակներից Արմավիրում գործում է գիշերօթիկ դպրոց, որը նախատեսված է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: «Եթե շատ ցանկանանք էլ, ամբողջ կառույցը չենք կարող հարմարեցնել, որովհետև շենքի նախնական ճարտարապետությունը դա թույլ չի տալիս: Լավագույնը, ինչ կարող ենք անել, դպրոցի առաջին հարկը հարմարեցնելն է. դռների լայնությունը բավարար է, մնում է սանհանգույցը: Իսկ շենքերի մատչելիությունը սակավաշարժուն աշակերտների համար օրենքի սահմանված չափորոշիչներին ամբողջությամբ համապատասխանեցնելու համար պետք է սկսենք դեռ փողոցից՝ մինչև դպրոց կհասնենք, իսկ դա հսկայական միջոցների հետ է կապված, նոր պետական աջակցություն կամ առանձին հովանավորներ են պետք: Մեր ունեցած փոքրիկ բյուջեով հաջողվում է լուծել կոսմետիկ վերանորոգումների և անհրաժեշտ գույքի ձեռքբերման խնդիրները», – հավելում է փոխտնօրենը:

Իսկ այն հարցին, թե 2011 թ. շինարարության ժամանակ արդյոք չկայի՞ն լծակներ՝ ազդելու շինարարական, վերանորոգման նախագծի վրա և քայլեր անելու այս ուղղությամբ, փոխտնօրենը նշեց, որ շինարարական նախագծի հաստատողն էլ, ընդունողն էլ մարզպետարանն է, և իրենք ոչ մի լծակ չունեն:

Բայց այս ամենին զուգահեռ, ինչպես նշում է Խաչատրյանը, դպրոցը քաղաքում ամենահարմարավետներից է բոլոր սովորողների համար: Այն բարեկարգ է և ունի համապատասխան բոլոր մասնագետները, ովքեր աշխատում են կրթության ամենատարբեր պայմանների կարիք ունեցող երեխաների հետ՝ հիմնական դասաժամերին կամ արտադասարանական հիմունքներով: «Այս առումով միայն սայլակ օգտագործող երեխաներն են, որ խնդիր կունենան դպրոցում սովորելիս, որովհետև ֆիզիկական միջավայրը հարմարեցված չէ: Այժմ ծրագրում ենք սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ ու անելու ենք ամեն ինչ` դրանք հարմարեցնելու համար»:

Դպրոցի մուտքերից մեկում, այնուամենայնիվ,  թեքահարթակի կառուցման փորձ էր արվել: Կառուցողներից մեկը նշեց, որ թեքահարթակը կառուցել են երկու տարի առաջ` ցույց տալու համար, որ իրենց դպրոցն էլ ունի: Իսկ թե որքանո՞վ է այն հարմար օգտագործման համար, որքանո՞վ է համապատասխանում չափորոշիչներին, տեղյակ չէին, բայց եթե իմանային չափանիշների մասին, այդպես էլ կանեին, իսկ հիմա արել են իրենց իմացածով: Մեր այն հարցին, թե ըստ իրենց՝ այստեղով կարո՞ղ է սայլակ օգտագործող աշակերտը բարձրանալ, կառուցող վարպետներից մեկն անկեղծ զարմանքով ասաց՝ հետևից կհրենք:

Թեքահարթակի կողքի բռնաձողերի բացակայությունն էլ շինարարը բացատրեց հետևյալ կերպ. «Տեղն այնպիսին է, որ վախենում ենք` մյուս երեխաները վազելիս դիպչեն այդ երկաթներին ու իրենց վնասեն»:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.