accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աննա Կարապետյան

Շրջայց Գավառի քաղաքային գրադարանում

0

2002 թվականին համայնքի ենթակայության մասնաճյուղ գրադարանների միավորման արդյունքում կազմավորվեց Գավառի քաղաքային գրադարանը։ Այսօր գրադարանն ունի 86.866 կտոր գրականություն, այստեղ տարեկան հաճախում է մոտ 5000 մարդ, այդ թվում նաև` նախադպրոցականներ։ Գրադարանի երկհարկանի շենքում գործում են մանկական, գեղարվեստական և ընդհանուր գրականության բաժիններ, ինչպես նաև ընթերցասրահ։

Տնօրեն Նարինե Նանագուլյանի փոխանցմամբ՝ գրադարանը հիմնանորոգվել է Գավառի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ 2009 թվականին։

Գավառում ապրում է հաշմանդամություն ունեցող 2976 անձ, սակայն նրանց համար հավասար պայմաններ գրադարանում ապահովված չեն։ Գրադարանի մուտքից սկսվում է խոչընդոտների շարքը։ Եզրաքարից հետո միայն տեսանելի են մուտքի աստիճաններն ու թեքահարթակը։ Թեքահարթակը նեղ է, իսկ մուտքի դուռը շեմ ունի։ Այստեղով սայլակով դժվարությամբ կանցնես։ Գրադարանի առաջին և երկրորդ հարկ բարձրանալու համար կա միայն մեկ ճանապարհ՝ աստիճաններ, մինչդեռ հնարավոր էր չկառուցել առաջին հարկի երկու աստիճանը, վերացնել դռների շեմերը՝ հասանելի դարձնելով գրադարանի գոնե մի հատվածը։

Քաղաքային գրադարանը վերանորոգված է, կան համապատասխան կահույք և գրականություն, համակարգիչներ, բայց հաշմանդամություն ունեցող ընթերցողները նորից դուրս են մնում այս ծրագրից, քանի որ չեն պահպանվել մատչելիության նորմերը։ Եթե նույնիսկ ուղեկցող մեկն օգնի բարձրանալու մուտքի աստիճաններով, ստիպված է շարունակել օգնությունը, քանի որ բոլոր սրահների դռները շեմ ունեն, ընթերցասրահի սեղան-աթոռները հարկ կլինի տեղաշարժել, եթե, իհարկե, այդ սեղանների մոտ հնարավոր է սայլակով ազատ տեղավորվել։ Ի դեպ, ընթերցասրահը գրադարանի երկրորդ հարկում է։

Մանկական գրականության բաժնում խնդրահարույց է նաև սպասարկումը։ Սեղանը չափազանց բարձր է, սայլակով ընթերցողի պարագայում աշխատակիցը չի էլ տեսնի, որ կա մեկը, ում պետք է սպասարկել։ Սա վերաբերում է նաև գրապահարաններին, որոնց միջև տարածությունը նեղ է, սայլակով անհնար է ազատ տեղաշարժվել և ընտրել ուզածդ գիրքը, նորից ստիպված ես դիմելու որևէ մեկի օգնությանը։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.