accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Ստեղծվեց սոցիալական ձեռնարկությունների և գործատուների ցանցը

0

«Օպերա Սյուիթ» հյուրանոցում կայացավ սոցիալական ձեռնարկությունների և գործատուների ցանցի հիմնման պաշտոնական արարողությունը, որը նախաձեռնել էր «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը:

Ցանցը, հիմնվելով ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող և «Սեյվ դը չիլդրեն»-ի կողմից իրականացվող LIFE ծրագրի («Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով») շրջանակներում, Հայաստանի ամբողջ տարածքում հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երիտասարդների զբաղվածության խնդիրը լուծելու համար նպատակ ունի խթանելու վերջիններիս միջև տեղեկատվության և փորձի փոխանակումը, ինչպես նաև նրանց կարողությունների զարգացումը և շահերի պաշտպանությունը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության տնտեսական և քաղաքական բաժնի ղեկավար Մեթյու Յուսընը, ով իր ելույթում նշեց. «Հաշմանդամություն ունեցող անձի համար կյանքը կարող է խոչընդոտներով լի լինել: Խոսքը միայն ֆիզիկական խոչընդոտների մասին չէ, ինչպիսիք են, օրինակ` թեքահարթակների փոխարեն աստիճանները, վերելակների բացակայությունը կամ բրայլյան գրքերի պակասը: Մենք նաև պետք է հիշենք հասարակական նորմերի և սովորույթների դերի մասին, որոնք նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործել իրենց ողջ ներուժը: Նրանք կկարողանան օգնել իրենց ընտանիքներին, մասնակցություն ունենալ իրենց համայնքների զարգացման աշխատանքներին և կկարողանան հաջողության հասնել ինչպես ֆինանսապես, այնպես էլ տնտեսապես»:

Հայաստանում պաշտոնապես գրանցված է հաշմանդամություն ունեցող շուրջ 200.000 անձ: Նրանց մեծ մասն առնչվում է զգալի դժվարությունների, որոնք պայմանավորված են հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմամբ, օրենքների ու կանոնակարգերի ոչ պատշաճ կիրառմամբ և աշխատավայրում նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքով: Ավելին, հաճախ նրանք ծանոթ չեն իրենց իրավունքներին:

2012 թվականից սկսած LIFE ծրագիրը հիմնել կամ ընդլայնել է 18 սոցիալական ձեռնարկություններ՝ այսպես աշխատանքով ապահովելով հաշմանդամություն ունեցող 210 անձանց:

Ցանցին միացավ նաև OxYGen անկախ զարգացման հիմնադրամը` իր 22 կոոպերատիվներով: Ցանցը կհանդիսանա մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի խթանել Հայաստանում սոցիալական ձեռնարկությունների զարգացումը, հանդես գալ հանուն շահավետ հարկային քաղաքականության հաստատման, իրականացնել ֆոնդերի հայթայթման, մարքեթինգի վերաբերյալ գործողություններ և այլն:

LIFE ծրագիրն իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն»-ի կողմից՝ «Ակտիվա» միջազգային հիմնադրամի, «Ունիսոն» ՀԿ-ի, «ԷյջԴիՓի» հիմնադրամի և «Լիարժեք կյանք» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Զբաղվածության պետական գործակալության, զբաղվածության կենտրոնների, հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ-ների, տեղական և մարզային իշխանությունների, ծառայություններ մատուցողների, միջին մասնագիտական կրթական հաստատությունների և գործատուների հետ:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.