accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Disabilityinfo.am կայքի խմբագիր

Լսողության խնդիրներ ունեցող մարդիկ՝ Սահմանադրության քննարկումներից դուրս (լրացված)

0

Հանրային հեռուստաընկերության եթերով սկսել են հեռարձակել ՀՀ Ազգային ժողովի նիստերը, որոնց ընթացքում քննարկվելու է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Հաշվի առնելով թեմայի կարևորությունը` Հանրային հեռուստաընկերության եթերով ուղիղ հեռարձակում ապահովելու առաջարկ ներկայացրել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն էլ նույն օրը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ խորհուրդը որոշում է կայացրել խնայողությունների հաշվին կազմակերպել և սեպտեմբերի 16-ից իրականացնել ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նիստերի ուղիղ հեռարձակումը: Հայտարարությունում նաև շեշտված էին սահմանադրական փոփոխությունների նշանակությունը երկրի հետագա զարգացման հարցում և խորհրդարանական քննարկումների դերի կարևորությունը այդ գործընթացներում։

Սեպտեմբերի 16-ին հեռարձակվեց առաջին ուղիղ եթերը, որը հասանելի էր ՀՀ բոլոր քաղաքացիներին, բացի լսողության խնդիր ունեցող մարդկանցից, քանի որ եթերն առանց սուրդոթարգմանության էր։

Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, ապրում է լսողության խնդիր ունեցող 3300 անձ։ Տեղեկատվության անմատչելիության պատճառով նրանց մեծ մասը դուրս է մնում քաղաքական և քաղաքացիական կյանքի մասնակցության հնարավորությունից։ Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող լրատվական թողարկումներից միայն մեկը՝ 17։00-ի թողարկումն է ուղեկցվում սուրդոթարգմանությամբ։ Մինչդեռ այդ ժամը, ըստ լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հարցերով զբաղվող կազմակերպությունների, ամենաանհարմարն է. աշխատանքային ժամ է, և ոչ բոլորն են հետևելու հնարավորություն ունենում։ Մինչդեռ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն` պարտավոր է իր հաղորդումներում ապահովել լսողության խնդիր ունեցող անձանց համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը։

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Արտաշես Հովհաննիսյանը նշում է՝ Սահմանադրության փոփոխությունների մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը համացանցն է.

«Ես միայն ինտերնետից եմ տեղեկություններ ստանում, հեռուստաեթերը մատչելի չէ, ուստի դժվարանում եմ հասկանալ, քանի որ ո՛չ սուրդոթարգմանություն կա և ո՛չ էլ լուսագրեր»։

Հաշվի առնելով նաև այն փաստը, որ ժեստերի լեզվով հաղորդակցվող մարդկանց համար տեքստային նյութերը ոչ միշտ են դյուրըմբռնելի, կարևոր է հեռուստատեսությամբ հեռարձակվող սուրդոթարգմանությամբ հաղորդումների դերը, քանի որ դա քաղաքական և հասարակական կյանքին մասնակցելու նախապայմաններից է։

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը» նամակով դիմել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին՝ խնդրելով ԱԺ նիստերի ուղիղ հեռարձակումն ապահովել սուրդոթարգմանությամբ և/կամ հայերեն լուսագրերով։

Հաշվի առնելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի կարևորությունը, Դաշինքի նամակում նշված է. «Վերոնշյալ խնդրի լուծումը կխթանի բոլորի՝ արդյունավետ ու լիարժեք կերպով քաղաքական ու հասարակական կյանքին մասնակցություն ունենալու իրավունքը»։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականին վավերացրել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որի մի քանի դրույթներով պարտավորվել է ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան փնտրել և ստանալ տեղեկություններ մյուսների հետ հավասար հիմունքներով և հաղորդակցության իրենց նախընտրած բոլոր միջոցներով։ Հայաստանը նաև պարտավորվել է ակտիվորեն նպաստել այնպիսի մթնոլորտի ստեղծմանը, որում հաշմանդամություն ունեցող անձինք առանց խտրականության և մյուսների հետ հավասար հիմունքներով կկարողանան արդյունավետ ու լիարժեք կերպով մասնակցություն ունենալ հանրային գործերի կառավարմանը, ինչպես նաև խրախուսել նրանց մասնակցությունը հանրային գործերում։

Հետգրություն

17.09.2015, 14։00 – Այս պահի դրությամբ Հանրային հեռուստաընկերության եթերով ուղիղ հեռարձակվող ԱԺ նիստերը ուղեկցվում են սուրդոթարգմանությամբ։ Հեռարձակմանը կարող եք հետևել նաև Հանրային հեռուստաընկերության կայքէջում։

Եթերը

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.