accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Տաթևիկ Ղազարյան

Վանաձորի քաղաքապետ. «Այս պահին առաջնայինը աշխատանքի և բնակարանի խնդիրն է»

0

Ինչպիսի՞ն են Հայաստանի քաղաքները հաշմանդամություն ունեցող անձանց համար, որքանո՞վ են դրանք մատչելի, և թե ի՞նչ պայմաններ են ստեղծված և ստեղծվում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին հասարակությանը ներառելու համար` սա կախված է նաև նրանից, թե քաղաքի ղեկավարներն ի՞նչ անհատական վերաբերմունք և մոտեցում ունեն այս հարցում: Disabilityinfo.am-ն այս թեմայի շուրջ զրուցել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ։

Վանաձորում հաշվառված են 5934 հաշմանդամություն ունեցող անձինք, որից 262-ը` երեխա:

- Հաշմանդամություն ունեցող ընկերներ կամ ծանոթներ ունե՞ք, մանկության տարիներին ունեցե՞լ եք դասընկերներ:

- Նման ծանոթներ շատ ունեմ: Նրանց նկատմամբ շատ ուշադիր եմ, որովհետև եթե հաշմանդամություն չունեցող մարդը կարողանում է իր խնդիրներն ամբողջությամբ լուծել, ապա հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն կարող դրանք լուծել, այդ իսկ պատճառով ես նրանց առանձնահատուկ ուշադրություն եմ նվիրում: Նրանք հիմնականում տեղաշարժման խնդիր են ունենում:

- Ձեր կարծիքով` ի՞նչ խնդիրներ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք Վանաձորում:

- Տարբեր` առողջապահական, սոցիալական և այլն, ինչպես ամեն տեղ: Հիմնականում օտարերկրացիներին, որոնք գալիս են Վանաձոր, մենք առաջին հերթին ուղղորդում ենք դեպի սոցիալապես անհապահով, հաշմանդամություն ունեցող ընտանիքներ, որպեսզի նրանք իրենց լավ զգան: Մեր աշխատակիցները, մենք, համագործակցելով շատ ՀԿ-ների հետ, այդ մարդկանց պարբերաբար սնունդ, հագուստ, կոշիկ ենք տրամադրում:

- Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել քաղաքը մատչելի դարձնելու համար:

- Թեքահարթակներ ենք կառուցում, որ նրանք կարողանան ամեն տեղ գնալ: Զգուշացված է բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին, որ առանձնահատուկ ուշադրություն դարձնեն, և միջոցառումների ժամանակ, եթե հաշմանդամություն ունեցող մարդիկ կան, առաջին հերթին նրանց տեղավորեն:

-Բայց քաղաքապետարանի մուտքի մոտ կառուցված թեքահարթակն անհարմար է հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար:

- Տենց անհարմարություն չկա, բայց նրանք առանց օգնության չեն կարող բարձրանալ, և եթե հաշմանդամություն ունեցող որևէ մարդ է գալիս, մենք նրանց օգնում ենք: Քաղաքապետարանում էդ հնարավորությունը չկար, որ շատ երկար կառուցեինք թեքահարթակը: Եթե հաշմանդամություն ունեցող անձինք քաղաքապետարան գալու խնդիր ունեն, մեր աշխատակիցները գնում, բարձրացնում են վերև, ես էլ իջնում եմ, հանդիպում նրանց հետ:

- Մարզական, մշակութային կյանքին հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավածությանն ուղղված ի՞նչ ծրագրեր եք իրականացրել:

- Մշակութային բոլոր օջախներին հանձնարարել ենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկեն: Բոլոր համերգներին, համաքաղաքային միջոցառումների ժամանակ նրանց հրավիրատոմսեր են ուղարկվում: Մարզադպրոցներում այսօր հաշմանդամություն ունեցող 8 մարդ է աշխատում: Մշակույթի տներում, մանկապարտեզներում, երաժշտական դպրոցներում հաշմանդամություն ունեցող մարդկանց խմբակներ ենք ստեղծել կամ ընդգրկում ենք նրանց խմբակներում, որ իրենք լիարժեք ինտեգրված զգան հասարակությանը: Մենք նույնիսկ աշխարհի չեմպիոն հաշմանդամություն ունեցող մարզիկներ ունենք:

- Առաջիկայում ո՞րն է ամենակարևոր հարցը, որ պատրաստվում եք լուծել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

- Այս պահին առաջնայինը աշխատանքի և բնակարանի խնդիրն է: Շատ հաշմանդամություն ունեցող անձինք փոքր արհեստանոցների համար ինչ-որ տեղեր են ուզում, մենք նրանց ընդառաջում ենք: Վերջերս «Նեցուկ» կազմակերպությունը ստեղծեցինք, որտեղ 21 աշխատակիցներից 14-ը հաշմանդամություն ունեցող անձիք են աշխատում: Դա հենց էդ նպատակն ուներ, որ հաշմանդամության խումբ ունեցող մարդկանց աշխատանքի տեղավորեինք: Նաև բնակարանի խնդիրն է առաջնային: Կան հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք բնակարանի կարիք ունեն: Մենք մտածում էինք, որ այս տարի «Արդա»-ն բնակարաններ կկառուցի և մենք էդ մարդկանց կհատկացնենք, սակայն չստացվեց, բայց հույս ունենք, որ կլինի: Մենք 56 բնակարան ենք կառուցել, որի 36 ընտանիքներում հաշմանդամության խումբ ունեցող մարդիկ են ապրում:

- Այսինքն` բնակարանները նվիրե՞լ եք այդ ընտանիքներին:

- Քաղաքապետարանը և «Արդա»-ն նվիրել են, իսկ երրորդ կազմակերպությունը՝ «Ֆուլեր» տնաշինական կազմակերպությունը, վարկի ձևով է տվել, որը շատ փոքր գումար է:

- Քաղաքապետարանում կամ քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող հաստատություններում արդյոք աշխատո՞ւմ են հաշմանդամություն ունեցող անձինք:

- Մենք միշտ առաջնահերթությունը տալիս ենք հաշմանդամություն ունեցող անձանց: Ասենք` քաղաքապետարանն ինչ-որ մրցույթ է հայտարարել, և մասնակիցներից մեկը հաշմանդամություն ունի, մենք նրան առաջնահերթություն ենք տալիս: Քաղաքապետարանի կրթության և մշակույթ բաժնում, այլ բաժիններում այսօր աշխատում են հաշմանդամություն ունեցող մարդիկ:

- Կցանկանայի՞ք, որ Ձեր թոռները սովորեն հաշմանդամություն ունեցող երեխայի հետ նույն դպրոցում։

-  էդ մասին չեմ էլ մտածել, որովհետև ես հաշմանդամություն ունեցող մարդկանց հասարակության լիարժեք անդամ եմ համարում: Դա մտածելու բան չէ: Մարդը կարող է հաշմանդամություն ունի, բայց ավելի խելացի է, քան հաշմանդամություն չունեցողը:

- Վանաձորում հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանո՞ւմ են ներառվել հասարակությանը:

- Ինձ թվում է` այո´: Բայց դա մի փոքր էլ նրանցից է կախված: Սա էն խավն է, որի նկատմամբ բոլորս էլ պետք է ուշադիր լինենք:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.