accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Տաթևիկ Ղազարյան

Վանաձորում աշխատանքի տեղավորվածների 10 տոկոսը հաշմանդամություն ունի

0

Վանաձորցի Արթուր Հովսեփյանը 46 տարեկան է, մասնագիտությամբ` իրավաբան: Աշխատել է տարբեր կառույցներում՝ ոստիկանությունում, ԴԱՀԿ-ում, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում (ներկայիս՝ Վանաձորի պետական համալսարանում): 2006-ին, սակայն, Արթուրը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Ազատման պատճառը եղել է հիվանդությունը: Արթուրը հաշմանդամության 2-րդ խումբ ունի:

Որոշակի չափով վերականգնվելուց հետո Արթուրը փորձում է գտնել նոր, համեմատաբար ավելի թեթև աշխատանք: Ասում է` աշխատանք գտնելու հարցում հաշմանդամություն ունենալու փաստը շատ է խանգարել գործատուին: Վերջապես, 2013-ին Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի միջոցով կարողացել է աշխատանք գտնել: Այժմ աշխատում է «Արինա դուստր» ՍՊԸ-ում` որպես իրավաբան:

- Օրինակ էս 2 տարի, որ աշխատում եմ, ինձ էնքան լավ եմ զգում: Ճիշտ է, պայմանագրիս ժամկետը սեպտեմբերի 12-ին լրացել է, բայց գործատուս ասում է, մի քիչ էլ կաշխատես, մինչև տեսնենք` ինչ կլինի: Ես էս աշխատանքը պարոն Առաքելյանի ու զբաղվածության կենտրոնի շնորհիվ եմ գտել: Ուզում էի երկրորդ գործ գտնեմ: Երեկոները որ տանը նստեցի` ի´նչ եմ անելու: Գոնե կզբաղվեմ, համ էլ դժվարությունների մասին մի քիչ կմոռանամ: Մի անգամ տաքսամատոռնում աշխատող էր պետք, զանգեցի, միանգամից հարցրեցին` առո՞ղջ եք, հո հաշմանդամ չե՞ք: Բայց, դե, ես աշխատում եմ չկոտրվել,- պատմում է Արթուր Հովսեփյանը:

Արթուրը «Արինա դուստր» ՍՊԸ-ում աշխատանքի է տեղավորվել կառավարության կողմից աշխատաշուկայում անմրցունակ համարվող քաղաքացիների համար իրականացվող 12 ծրագրերից մեկի արդյունքում: Բացի նշված 12 ծրագրերից, նրանց համար կազմակերպվում են նաև մասնագիտական ուսուցման, վերապատրաստման և մի շարք այլ ծրագրեր:

- Տարեսկզբից հաշմանդամություն ունեցող 25 անձ ընդգրկվել է զբաղվածության պետական ծրագրերում: Նախատեսվում է նաև հաշմանդամություն ունեցող 10 մարդկանց ընդգրկել մասնագիտական ուսուցման ծրագրերում: Հիմնականում դասընթացներ են իրականացվում՝ խոհարարի, կարի տեխնոլոգի, սղոցավարի, գործավարի և այլ մասնագիտությունների գծով,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը:

Այժմ Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված է հաշմանդամություն ունեցող 89 անձ: Արա Առաքելյանի կարծիքով` զբաղվածության կենտրոնները հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման համար կարևոր նշանակություն ունեն. «Մեր բոլոր ծրագրերը վերաբերում են հաշմանդամության խումբ ունեցող քաղաքացիներին, քանի որ նրանք աշխատաշուկայում կարող են անմրցունակ քաղաքացիներ համարվել: Իսկ երբ կիրառում ես ծրագրերով նախատեսված գործիքները, նաև գործատուներն են շահագրգռվում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու»:

Տարեսկզբից Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի շնորհիվ աշխատանքի է տեղավորվել 338 աշխատանք փնտրող, նրանց միայն 10%-ն ունի հաշմանդամություն:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.