accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարջան Չոբանյան

Հաշմանդամություն ունեցող աշխատակիցները՝ ջերմոցային արտադրությունում

0

Սպիտակում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ապահովելու համար ստեղծվել է ջերմոցային տնտեսություն: Այս տարի գարնանն արդեն սկսվել է բույսերի սածիլների աճեցումը, ինչին հետևել է ջերմոցային արտադրության բնականոն աշխատանքը:

Նախաձեռնությունն իրականացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Գաղափարը կյանքի կոչելու համար համագործակցել են Սպիտակի քաղաքապետարանը, «Սպիտակ ֆերմեր», «Կամրջակ» հասարակական կազմակերպությունները և մի շարք այլ միջազգային կազմակերպություններ:

Նախատեսվում է աշխատակիցների թիվն աստիճանաբար հասցնել երկու տասնյակի, որից 15-ը կլինեն հաշմանդամություն ունեցող մարդիկ: Աշխատակիցների հետ տարվում է տեսական և գործնական ուսուցում: Այժմ ընտրված աշխատակիցներից երկուսն անցնում են աշխատանքային պրակտիկա ջերմոցային տնտեսությունում:

Աշխատանքային միջավայրի հարմարեցման առումով Արտաշես Կարապետյանը պարզաբանում է. «Ներկայիս աշխատակիցների համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ: Հատկապես որ աշխատանքը պարզեցված է, ջերմոցն աշխատում է կաթիլային ոռոգման եղանակով ու էլեկտրական անջատիչովԻսկ ամբողջական հարմարեցմանն ուղղված գործողությունները ընթացքի մեջ են: Հաշվի են առնվում աշխատակիցների ոչ թե անհատական կարիքները, այլ մատչելիության համընդհանուր սկզբունքները: Պարզապես ջերմոցային արտադրությունն արդեն ընթանում է, որպեսզի եկամուտ լինի»:

Աշխատանք

Disabilityinfo-ն աշխատակիցների հետ զրույցի ընթացքում պարզեց, որ նրանց գերակշիռ մասը աշխատանքի է անցել զբաղվածության տարածքային կենտրոնի միջոցով: Աշխատակիցներից 3-ը տղամարդ են, 4-ը` կին, ովքեր ունեն ոչ տեսանելի հաշմանդամություն (հեմոֆիլիա, սրտի անբավարարություն, կաթված և այլն):

24-ամյա Ալինա Հարությունյանը պատմում է. «Ավտովթարից հետո խնդիրներ ունեմ ոտքերիս շրջանում: Իսկ այստեղ աշխատելը լրացուցիչ դժվարություններ չի ստեղծում: Հարկ եղած դեպքում, անգամ տարիքով ինձնից մեծերը, պատրաստ են օգնելու: Էապես կարևորում եմ այս աշխատանքը, քանի որ ընտանիք ու բալիկ ունեմ: Սրանով հնարավորություն է տրվում ոչ միայն եկամուտ ունենալու, այլև թիմում աշխատելու»: 

Մակիչ Միրզոյանն էլ երկար տարիներ աշխատել է շինարարության բնագավառում, բայց կաթված ստանալուց հետո այլ բնույթի աշխատանքի անհրաժեշտություն էր զգում: Ասում է. «Այստեղ ավելի շատ եմ ժամանակ եմ անցկացնում, քան տանը, մանավանդ որ գոհ եմ կոլեկտիվից ու ղեկավարից: Եկամուտն էլ առայժմ բավարարում է: Աշխատանքիս մեջ դժվարություններ չունեմ, կարևորը` սիրով եմ անում: Միայն շոգն է անհանգստացնում»:

Վարունգ

Այստեղ աճեցվող բանջարեղենը իրացվում են մանկապարտեզներում, ծերանոցում, վաճառքի կետերում և հարակից քաղաքներում: Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ջերմոցային տարածքը, արտադրատեսակների ցանկն ու ավելացնել աշխատակիցների թիվը: Մասնագետների խոսքով` արտադրության ծավալների մեծացմանը զուգընթաց կներգրավեն նաև տեղաշարժման դժվարություն ունեցողների, ոմանք կզբաղվեն մթերքների տեսակավորմամբ ու փաթեթավորմամբ, ոմանք` գրասենյակային, վարչական աշխատանքներով, ինչպես, օրինակ` հաշվապահը կամ վաճառքի մենեջերը: Ջերմոցային արտադրությունը առավելագույնս արդյունավետ կազմակերպելու գործում, հավանաբար, անհրաժեշտ կլինի ներգրավել նաև հաշմանդամություն չունեցող 4-5 անձանց:

Ծրագրի ֆինանսավորումը կավարտվի այս տարվա դեկտեմբերին, սակայն ջերմոցային տնտեսության գործունեությունը կուղղորդվի ստեղծված հասարակական խորհրդի կողմից: Վերջինս կիրականացնի ոչ միայն վերահսկելու գործառույթ, այլև ֆինանսական տարբեր ֆոնդերի գտնելու միջոցով` առաջ մղելու արտադրությունը: Թեև ծրագրի իրակացման ժամկետները դեռ չեն ավարտվել, բայց արդեն կատարվել է այդօրինակ հատկացում, որի շնորհիվ ջերմոցին կից ստեղծվել է մրգատու այգի:

Սպիտակի գործընկերները մշակել են նաև մեղվաբուծության ծրագիր, որում ևս հատուկ ուշադրություն կդարձվի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.