accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Տաթևիկ Ղազարյան

Աշտարակի քաղաքապետ. «Այս հարցազրույցից հետո ավելի մեծ ուշադրություն կդարձնեմ նրանց խնդիրներին»

0

Ինչպիսի՞ն են Հայաստանի քաղաքները հաշմանդամություն ունեցող անձանց համար, որքանո՞վ են դրանք մատչելի, և թե ի՞նչ պայմաններ են ստեղծված և ստեղծվում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին հասարակությանը ներառելու համար` սա կախված է նաև նրանից, թե քաղաքի ղեկավարներն ի՞նչ անհատական վերաբերմունք և մոտեցում ունեն այս հարցում:

Disabilityinfo.am-ն այս թեմայի շուրջ զրուցել է Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի հետ:

- Ունե՞ք հաշմանդամություն ունեցող ընկերներ կամ ծանոթներ, մանկության տարիներին ունեցե՞լ եք դասընկերներ:

- Աշխատանքիս ընթացքում առիթներ են եղել հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ շփվելու: Իմ հնարավորության սահմաններում, պետության միջոցներով և որոշ ՀԿ-ների հետ միասին փորձել ենք նրանց օգտակար լինել: Բայց ընկերներ չունեմ:

- Ձեր կարծիքով` հիմնականում ինչի՞ կարիք ունեն հաշմանդամություն ունեցող անձինք Աշտարակում:

- Նրանք հիմնականում ունեն սոցիալական ծանր խնդիրներ, միշտ փորձում ես հնարավորության սահմաններում օգտակար լինել նրանց: Բայց եղած միջոցները սուղ են, շատ եմ նեղվում: Մեր քաղաքից հաշմանդամություն ունեցող մի աղջիկ նամակ էր գրել նախագահի տիկնոջը: Նա եկավ, այցելեց երեխային, և արդյունքը եղավ այն, որ այդ ընտանիքն այսօր բնակարան ունի: Այդ բնակարանը գնվեց նախագահի տիկնոջ միջոցով, քաղաքապետարանի միջոցներով էլ վերանորոգվեց: Եվ այսօր այդ երեխայի ընտանիքն ապրում է բարվոք պայմաններում: Նաև աշխատանքի տեղավորման խնդիր կա, այդ հարցի լուծման հետ կապված` թող ներեն ինձ, երևի սա էլ իմ թերացումն է: Ես հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորելու առումով ոչ մի օրինակ չեմ կարող բերել:

- Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել քաղաքը մատչելի դարձնելու համար:

- Այնտեղ, որտեղ որևէ աշխատանք ենք կատարում, թեքահարթակների հարցին խիստ ուշադրություն ենք դարձնում, կամ մասնավորին նախագծային աշխատանքներ կատարելիս անպայման զգուշացնում ենք, որ ուշադիր լինի այդ հարցի նկատմամբ: Բայց քաղաքն այն վիճակում չէ, որ մնացած բոլոր հարցերը լուծված լինեին, և միայն այդ հարցերը մեր առջև սրությամբ դրված լինեին:

- Որքանով տեղյակ եմ, Աշտարակի քաղաքապետարանի մուտքը ևս հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց: Պատճառը ո՞րն է:

- Այդ խնդիրը կարող էինք լուծել, բայց քաղաքապետարանի առաջին հարկը դեռևս 2 տարի առաջ տրամադրել ենք սոցիալական ծառայությանը, որպեսզի ինտեգրված սոցիալական ծառայություն ստեղծեին: Այդ ծառայությունը ստեղծելու դեպքում և՛ վերանորոգման, և՛ մուտքի հարմարեցման աշխատանքներ պետք է կատարեին: Բայց մինչև օրս ոչինչ չի արվել, այդ ծառայության հարցը մեզ մոտ սառեցված է:

- Մարզական, մշակութային կյանքին հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությանն ուղղված ի՞նչ ծրագրեր եք իրականացրել:

- Հաշմանդամություն ունեցող մարդիկ մեզ մոտ ակտիվ չեն: Եթե ասենք, որ համակարգված միջոցառումներին նրանց մասնակցությունն ապահովված է, ո՛չ: Այս հարցազրույցից հետո ավելի մեծ ուշադրություն կդարձնեմ նրանց խնդիրներին` պատճառները հասկանալու համար:

- Առաջիկայում ո՞րն է ամենակարևոր հարցը, որ պատրաստվում եք լուծելու:

- Նախևառաջ կփորձեմ հասկանալ ընդհանուր առմամբ հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված խնդիրները մեր քաղաքում, որից հետո կփորձեմ այդ առումով համակարգված աշխատանք կատարել:

- Կցանկանայի՞ք, որ Ձեր թոռները հաշմանդամություն ունեցող երեխայի հետ հաճախեն նույն մանկապարտեզը կամ սովորեն նույն դպրոցում։

- Մենք Աշտարակում հատուկ ներառական մանկապարտեզ չունենք: Հաշմանդամություն ունեցող երեխաները բոլորի հետ միասին հաճախում են նույն մանկապարտեզը: Ես ունեմ 3 տարեկան թոռնիկ, որը մանկապարտեզ է հաճախում: Խնդիր չեմ տեսնում, որ իմ թոռը նրանց հետ նույն մանկապարտեզը հաճախի:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.