Արմավիրի մատչելիության երկկողմ գնահատականները
Արմավիր քաղաքը ունի 29.000 բնակիչ, նրանցից 2248-ը հաշմանդամություն ունեն։ Քաղաքի փողոցները, վարչական, հասարակական կամ կրթական նշանակության շենքերը հասանելի չեն տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց: Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող «Արևի շող» հասարակական կազմակերպության նախագահ Գարիկ Մագթաղյանը նշում է, որ ընդհանուր առմամբ իրենց քաղաքը մատչելի չէ.
«Արմավիրում մատչելի կառույցները կարելի է մատների վրա հաշվել: Հաշմանդամություն ունեցող մարդն ինքնուրույն կարող է գնալ Զարգացման բանկ և սոցապ բաժին: Քաղաքի փողոցներն ու մայթերն անմխիթար վիճակում են, հանրային նշանակության շենքերը, վերջին տարիներին վերանորոգված զբոսայգին մատչելի չեն: Արմավիրում շատ քիչ թվով թեքահարթակներ կան, բայց դրանք էլ անհրաժեշտ նորմերին չեն համապատասխանում»:
Արմավիրի քաղաքապետարանը մեր հարցման պատասխանում նշում է, որ 2007 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքաշինության նախարարի «Շենքերի և շինությունների մատչելիությունը սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերը հաստատելու մասին» հրամանին ամբողջովին համապատասխանող շենք-շինություններ կան Արմավիրում:
Նշվում է նաև, որ 2015-ի երրորդ եռամսյակում նախատեսվում է երեք թեքահարթակ կառուցել քաղաքապետարանում և 1-ին մշակույթի տան շենքում: Քաղաքում 9 հանրակրթական դպրոց կա, և քաղաքապետարանի հաղորդած տեղեկությունների համաձայն` 6-ում թեքահարթակ կա:
«Ինքս մատչելի դպրոց քաղաքում չեմ հանդիպել: Ներառական կրթություն իրականացնող 5-րդ և 6-րդ դպրոցներն էլ ամբողջովին հարմարեցված չեն»,- ասում է ՀԿ նախագահ Մագթաղյանը:
«Արևի շողն» այսօր տարածքի խնդիր ունի, ինչի համար դիմում է ներկայացրել քաղաքապետարանին, սակայն հարցը դեռևս լուծում չի ստացել: