30 խորհուրդ աուտիզմ ունեցող մարդկանց գործատուներին

Սթիմինգը ինքնախրախուսիչ վարք է, որի պարագայում դիտվում է այնպիսի ֆիզիկական շարժումների և ձայների կրկնություն կամ որոշ օբյեկտների պարբերական տեղաշարժում, որոնք ընդհանուր են զարգացման հաշմանդամություն, հատկապես աուտիզմ ունեցող մարդկանց համար: Սա ձև է, որի միջոցով աուտիզմ ունեցող մարդիկ խաղաղվում և ինքնախթանում են անելու որևէ բան։
The Mighty-ի խմբագրությունը Autism Society of America կազմակերպության հետ համատեղ խնդրել էր մարդկանց ներկայացնել մեկական խորհուրդ աուտիզմ ունեցող անձանց հետ աշխատող գործատուներին:
Ստորև ներկայացնում ենք, թե ինչ խորհուրդներ են տվել նրանք:
1. «Նախ պետք է նրանց աշխատանք տալ… գոնե փորձելու հնարավորություն: Առանց դրա՝ ոչինչ կարևոր չէ»: – Թերեզա Դունկան Ջոնսոն
2. «Մի՛ կարծեք, թե մենք բոլորս նույնն ենք: Չկան աուտիզմ ունեցող միմյանց լիովին նման երկու մարդ»: – Ալիսոն Լոհլին
3. «Նրանցից ձեր ակնկալիքները հստակորեն ձևակերպեք»: – Վալերի Գլասսման ՄըքԳուայր
4. «Փորձե՛ք հասկանալ նրանց ուժեղ ու թույլ կողմերը և այնպիսի առաջադրանքներ տալ, որոնք կընդգծեն նրանց ուժեղ կողմերը: Ինչպես նաև եղեք կարեկից և հասկացող. այդ գործընթացը կարող է երկար տևել»: – Մեգգի Բի
5. «Հասկացե՛ք, որ աուտիզմ ունեցող մարդիկ այլ կերպ են մտածում»: – Բրայան Մահ
6. «Թույլ տվեք նրանց ցույց տալ ձեզ իրենց հնարավորությունները»: – Պամելա Բերզաս
7. «Եթե աուտիզմ ունեցող մարդիկ ժամանակ են խնդրում իրենց մտքերը հավաքելու համար, թույլ տվեք, նույնիսկ խրախուսեք նրանց անել դա: Մի քանի րոպե մեկուսանալը հնարավորություն կտա նրանց խուսափելու հուսահատություններից և զգացմունքային ճնշվածությունից»: – AutisticaIU, ֆեյսբուքյան էջ
8. «Այն փաստը, որ դուք մեկ անգամ հանդիպել եք ձեր հարևանի զարմիկի եղբորորդու ընկերոջը, ով աուտիզմ ունի, դեռ չի նշանակում, թե դուք հասկանում եք աուտիզմը: Յուրաքանչյուր մարդ բացառիկ է»: – Թարինա Բեթթի
9. «Մի՛ թերագնահատեք նրանց անհատական կարողությունները»: – Լաուրա Բյուրելլ
10. «Կոմպետենտություն պահանջելուն համընթաց եղեք նաև համբերատար, երբ աշխատողը դժվարությունների է հանդիպում»: – Ալիշա Քոբիլեքի
11. «Աուտիզմ ունեցող մարդիկ երևույթները տեսնում և ընկալում են այլ կերպ, քան մենք: Երբեմն փորձեք ձեզ իրենց տեղում պատկերացնել. դա կօգնի ձեզ երևույթները այլ դիտանկյունից տեսնելու»: – Դինա Հարիսոն
12. «Մի՛ դատեք մեզ, հատկապես երբ մենք սթիմինգով ենք զբաղված»: – Մենդի Ռեյն
13. «Աուտիզմի մասին տեղեկացվեք հնարավորինս շատ, բայց մի՛ մոռացեք, որ մենք բոլորս անհատներ ենք: Ճանաչեք ինձ, ճանաչեք այն, ինչ ինձ մոտիվացնում է, այն, ինչ կարող է ինձ հուսահատեցնել, և այն, ինչ կարող եք անել իմ հաջողության հասնելուն նպաստելու համար: Մի՛ խուսափեք իմ մասին հարցնել ծնողներիցս կամ ուսուցիչներիցս. նրանք ինձ ամենալավն են ճանաչում»: – Անմարի Բիլլ Մարթին
14. «Եթե խոսքային բացատրություններն արդյունավետ չեն, փորձե՛ք նույնը ներկայացնել տպագիր տարբերակով՝ կախված կրթվածության մակարդակից: Իմ տղաները շատ ընդունակ են, բայց եթե նույնիսկ ամբողջ օրը նույն բանն ասեք, դրա մի մասը միշտ բաց կմնա: Փորձեք գրավոր տարբերակով շփվել և ամեն անգամ հաջողության կհասնեք»:
15. «Երբեք հանձնարարություն մի՛ տվեք բղավելով: Միշտ հանգիստ եղեք: Ես գիտեմ, որ աղջիկս վախենում և փակվում էր ինքն իր մեջ ամեն անգամ, երբ հրահանգներն արագորեն շպրտում էին նրա վրա»: – Ապրիլ Չարիսս
16. «Կազմակերպվածությունն ու պլանավորվածությունը լավագույն միջավայրն են»: – Լաուրա Հերշբերգեր
17. «Եղեք շատ կոնկրետ: Ինչ հարցնեք, դրա պատասխանն էլ կստանաք»: – Քրիստի Ռոբերթս
18. «Միևնույն կանոնները պետք է վերաբերեն բոլոր մարդկանց: Այն, ինչ սովորել ենք մանկապարտեզում, դեռևս գործում է: Բարություն, հասկացողություն և համբերատարություն են անհրաժեշտ: Նաև ուսումնասիրեք, խնդրում եմ. որոշ մարդիկ կարծում են, որ եթե ճանաչում են աուտիզմ ունեցող մեկ մարդու, ուրեմն ճանաչում են բոլորին: Չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր անհատ եզակի է»: – Միգդալիա Մաթոս Քոնվերի
19. «Գիտակցեք նրանց մարդկայնության ամենակարևոր լինելը»: – Քենյաթթա Նորվուդ Հորն
20. «Ընդունե՛ք աուտիզմ ունեցող մարդկանց այնպես, ինչպես կան, և հարգանքով վերաբերվեք նրանց, ինչպես մյուսներին կվերաբերվեիք»: – Քայլա Լոք
21. «Խոսեք նրանց հետ, նույնիսկ եթե նրանք ձեզ չեն նայում և չեն շփվում ձեզ հետ: Պատմեք նրանց ձեր օրվա մասին, ասեք, որ բարի օր եք մաղթում: Վերաբերվեք նրանց՝ ինչպես մյուս բոլորին, նույնիսկ երբ նրանք ոչ միշտ են կարող արձագանքել ձեր խոսքին այնպես, ինչպես դուք կցանկանայիք»: – Քորթնի Ռեյց
22. «Բարյացակամություն, ժամանակ` և վերջ: Այլ մեկնաբանության կարիք չկա»: – Կասանդրա Բուդրո-Դունն
23. «Անմիջական, անկեղծ և համբերատար եղեք, մի՛ դիպեք, մի՛ գոռացեք ու մի՛ հայհոյեք: Եվ դուք կունենաք հրաշալի աշխատող»: – Քրիսթին Ջոզեֆ-Դեյվիս
24. «Փորձեք հասկանալ, թե ինչպես կարող եք խուսափել գերճնշումից, և թե ինչպես կարելի է օգնել մեկին, ով գերճնշված վիճակում է: Ինչպես նաև հիշեք, որ աուտիզմ ունեցող մարդկանց մեծ մասն առավել հեշտ է հասկանում տեսողական բացատրություններն ու հուշումները, քան՝ խոսքայինը: Սովորեք, թե ինչպես կարելի է նրանց հետ ճիշտ շփվել, և օգնեք նրանց»: – Քեթլին ՄքՔեննա Նելսոն
25. «Մի՛ վարանեք, երբ մենք կարիք ունենանք հիշեցումների, կամ եթե չիմանանք մի բան, ինչը ձեզ ակնհայտ է թվում: Հնարավոր է` մեր ուղեղը ձեր ուղեղից տարբեր է գործում, բայց մենք կարողանում ենք նկատել, երբ մեզ վարվում եք ինչպես ձեզանից ցածրի հետ»: – Էմմա Ուօզնի
26. «Փոփոխություններն ու տեղափոխություններն ինձ համար բարդ են: Ինձ ժամանակ տվեք»: – Էրին ՄքՔիննի
27. «Եթե ձեր բոլոր աշխատողները նույնչափ նվիրված, անկեղծ ու վստահելի լինեին, մանրուքներին նույնքան բծախնդրորեն վերաբերվեին, որքան աուտիզմ ունեցող մարդիկ, ապա դուք անհանգստանալու ոչինչ չէիք ունենա»: – Շերիլ Ջոյս
28. «Աչքաբաց եղեք և շանս տվեք մեզ: Իմ տնօրենն այդպես է վարվում, և ես հիմա հրաշալիորեն հաջողում եմ աշխատանքումս»: – Սալլի Սենֆթ
29. «Համոզվեք, որ բավարար ժամանակ եք տրամադրում մեկի հետ անհատական կապ հաստատելու համար, և արժանացեք նրա վստահությանը»: – Քերա Մաքսվել Վոշբըրն
30. «Դուք կարող եք ունենալ լավագույն և ամենանվիրված աշխատողը, եթե սովորեք ընդգծել նրա ուժեղ կողմերը»: – Մարիսա Ուլրիչ
Պատասխանները ներկայացված են խմբագրված և համառոտ տեսքով:
Աղբյուրը՝ themighty.com